Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեծահասակներ ենք, հացադուլին չենք դիմանա». Թիվ 1 տուն-ինտերնատի տարեցներն առավոտից հաց չեն ուտում՝ ի նշան բողոքի

Մարտ 22,2021 13:50

Այսօր առավոտյան ժամը իննից Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում մի խումբ տարեցներ բակում, անձրեւի տակ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով հետ բերել նախկին տնօրենին, իրենց ինտերնատն էլ չմիավորել Նորքի տուն-ինտերնատին:

«Մենք զրուցել ենք, իրար հասկացել ենք»,-լրագրողների հարցերին ի պատասխան ասաց տնօրենի պաշտոնակատար Կոլյա Մակարյանը, որն այսօր առավոտյան ժամը 7-ին էր ներկայացել աշխատանքի: Տարեցներն առավոտից հրաժարվել էին նախաճաշել:

«Չենք հասկացել, ոչ մի բան էլ չենք հասկացել»,-տնօրենի պաշտոնակատարին հակադարձում էին տարեցներն՝ ասելով, որ մինչեւ նախկին տնօրենին չբերեն՝ իրենք չեն հանդարտվելու, հաց չեն ուտելու:

«Նախկին տնօրենը մեզ որպես ծնող է եղել, հոյակապ անձնավորություն, մենք ընտելացել էինք: Հիմա այս ծերերի վիճակը պատկերացնո՞ւմ եք, ամեն մեկը մի ցավ ու դարդ ունի, մի հիվանդություն ունի: Սոված-ծարավ կանգնել ենք այստեղ: Եկել է մեզ համոզի, չի կարա համոզի: Մենք մեծահասակներ ենք, չենք դիմանա հացադուլին, պետք է այս հարցին լուծում տալ: Մեր պահանջը ծերանոցը ծերանոցին չխառնելն է: էս մարդուն բերել են, որ Նորքի ծերանոցը միացնի մեզ»,-ասում էին տարեցները:

Ծերերից մեկը հայտարարեց, որ սրտի վիրահատություն է տարել եւ այս լարված մթնոլորտում չի կարող ապրել ու տիկնոջ հետ դուրս է գալու ինտերնատից, կինն էլ կույր է:

Տնօրենի պաշտոնակատարը սակայն, ոչ մի կերպ չէր կարողանում համոզել նրանց ներս գնալ: Հարցին, թե արդյոք Նորքի տուն-ինտերնատը միավորվելու է թիվ 1 տուն-ինտերնատին, Կոլյա Մակարյանը պատասխանեց, որ ինքը քաղաքականություն մշակող մարմինը չէ, դրա համար կա վերադաս՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Տնօրենի պաշտոնակատարը սակայն խոստացավ, որ իր պաշտոնավարման օրոք ծերերն իր երեխաներն են դառնալու եւ ապրելու են մի ընտանիքի պես՝ ինչպես որ նախկինում եղել է. «Ես չեմ եկել եղածը գլխատելու, եկել եմ՝ լավի վրա լավը դնելու»:

Կոլյա Մակարյանը բնական համարեց տարեցների վրդովմունքը՝ նշելով, որ երկար տարիներ ապրել են միասին եւ տնօրենի հետ մի ընտանիքի պես են եղել:

Ասաց նաեւ, որ նախկին տնօրենը հեռացել է՝ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հետեւանքով, ինքն էլ տեղեկանալով, որ թափուր պաշտոն է լինելու՝ դիմել է նախարարություն՝ զբաղեցնելու:

Հարցին, թե նախկին տնօրենի հեռանալու պատճառով աշխատակիցներից ոմանք ազատման դիմում են գրել, Կոլյա Մակարյանը պատասխանեց, որ ցույցի պատճառով անգամ աշխատասենյակ չի հասցրել մտնել եւ տեղյակ չէ աշխատակիցների գործողություններից. «Ինտերնատի բոլոր աշխատակիցները հանդիսանում են պետական աշխատողներ եւ եթե, ստացվել է այնպես, որ նրանք բոյկոտում են եւ ազատման դիմում են գրում, պետք է հասկանանք՝ ինչի՞ համար»:

Տուն-ինտերնատի բուժկետի ներկայացուցիչն ասաց, որ թե՛ նախկին տնօրենը թե՛ իրենք վերջին պահին են տեղեկացել, որ նոր տնօրեն ունեն եւ, այդ պատճառով էլ արձագանքը բուռն է, նրա պայմանագիրը չերկարաձգելու պատճառներն էլ նախարարությունը չի ներկայացրել: Ասաց նաեւ, որ մոտ 16 աշխատակից հեռանալու դիմում է գրել: Կոլյա Մակարյանը հակադարձեց, որ նման բան հնարավոր չէ, որ նախկին տնօրենը, համաձայն գործող կարգի, պետք է սահմանված կարգով ծանուցում ստացած լինի:

Տնօրենի պաշտոնակատարը վստահեցրեց, որ ոլորտում եւ նաեւ տարեցների  հետ աշխատելու երկարամյա փորձ ունի. հինգ տարի աշխատել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում բաժնի պետ, Նորքի տուն-ինտերնատի տնօրենն է եղել: Ասաց, որ անկուսակցական է, քաղաքականության մեջ չի եղել:

Տուն-ինտերնատ ժամանեց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը: Փոխնախարարը փորձեց տարեցներին հանդարտեցնել եւ ներս տանել: Լրագրողների հետ զրույցում Տաթեւիկ Ստեփանյանն ասաց, որ տնօրենի պաշտոնակատարը անփորձ չէ, ոլորտի երկարամյա աշխատակից է եւ պաշտոնում դեռեւս չի նշանակվել, պաշտոնակատար է, քանի որ սահմանված կարգով պետք է մրցույթ լինի:

Հարցին՝ ինչո՞ւ նախկին տնօրենի պայմանագիրը չի երկարաձգվել, փոխնախարարն ասաց, որ այդ հարցերին գրավոր կպատասխանեն: Տաթեւիկ Ստեփանյանի խոսքով, ինտերնատների վերակազմավորում չի լինելու այն տեսակով՝ ինչպես որ անձնակազմն է տարեցներին ներկայացնում ու ստեղծում այսպիսի լարված վիճակ: Ասաց նաեւ, որ այս ինտերնատից ոչ ոք ոչ մի տեղ չի տեղափոխվելու, եւ Նորքի տուն-ինտերնատից այստեղ ոչ ոք չի գալու: Նրա խոսքով՝ բարեփոխումների իմաստն այն է՝ գնալ համայնքահեն տների ստեղծմանը՝ փոքր մոդելով. «Կարեւոր է, որ տարեցներն ապրեն ոչ թե 200 հոգով, 100 հոգով, այլ ապրեն ընտանիքին մոտ մոդելով»:

Փոխնախարարը վստահեցրեց, որ ինտերնատի շենքերը չեն վաճառվելու, մարդիկ էլ չեն տեղափոխվելու: Ըստ Տաթեւիկ Ստեփանյանի, բարեփոխումների նախագիծը շահագրգիռ մարմիններում է, որից հետո կամփոփեն եւ կդնեն հանրային քննարկման եւ բոլոր մտահոգություններին կպատասխանեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031