Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում եկեք ազնիվ լինենք ինքներս մեզ հետ՝ ամբողջ տարածաշրջանում հիմա ներկայիս դրությամբ ներդրումային դաշտի հետ խնդիր կա». էկոնոմիկայի փոխնախարար

Մարտ 22,2021 13:14

2020-ի նոյեմբերից հետո ներդրումներ արվե՞լ են Հայաստանում: Այսօր ԱԺ-ում լրագրողներն այս հարցն ուղղեցին էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանին: Նա պատասխանեց, որ մի շարք գաղափարներ կան, քայլեր արվել են, բայց հստակ դժվարանում է ասել՝ որոնք են նոյեմբերից հետո եղել. «Հավանական է, որ ներդրումային ծրագրեր կան, որոնք մասնավոր հատվածում են գործում ամբողջությամբ եւ պետության ներգրավվածությունը պետք չի»: Դա, ըստ փոխնախարարի, լավ է, ինչքան քիչ պետության ներգրավվածությունը լինի, այդքան լավ:

Հարցին՝ պատերազմից հետո ներդրումային միջավայրն ինչպիսի՞ն է, հետընթաց չկա՞՝ փոխնախարարը պատասխանեց. «Իրականում եկեք ազնիվ լինենք ինքներս մեզ հետ՝ ամբողջ տարածաշրջանում հիմա ներկայիս դրությամբ ներդրումային դաշտի հետ խնդիր կա: Եղել է ռազմական բախում, պատերազմ, որը ցանկացած նոր ներդրումային ծրագրի համար ստեղծում է ռիսկեր»:

Ավանեսյանը նշեց, որ պարզից է պարզ է՝ պատերազմ է տեղի ունեցել ու հիմա, երբ մարդուն ասես՝ արի այստեղ ներդրում իրականացրու, ժամանակ է պետք, որ գան. «Երկարաժամկետ տեսանկյունից կարող ենք ասել, որ մենք կարողանալու ենք շարունակել աճել: Այն ֆակտորները, որոնք մեզ սարքում էին հետաքրքիր ներդրողների համար, այսինքն, համեմատաբար մեր աշխատուժի որակը, հասանելիությունը ԵԱՏՄ շուկային, կարգավորումների ավելի բաց եւ թափանցիկ լինելը, քան ԵԱՏՄ գործընկեր երկրներում, բերում է նրան, որ մենք հետաքրքիր ենք: Բոլոր ուսումնասիրությունները դա են ասում ու այդ ֆակտորները չեն փոխվել»: Նա ասաց, որ պետք է ներդրողներին հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրեն ու նոր գործիքակազմ, որը թույլ կտա ռիսկերը կլանել:

Փոխնախարարն ասաց, որ Արցախում ներդրում անելու հարցում մեր հայրենակիցների շրջանում որոշակի հետաքրքրվածություն կա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031