Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն մեկը լուռ կատարում էր իր գործը՝ չսպասելով երախտիքի խոսքերի, և բոլորը երջանիկ էին նրանով, որ փրկել են ևս մեկի զինվորի կյանք»

Մարտ 22,2021 13:54

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ճառագայթային ախտորոշում մասնագիտության առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Էլինա Խաչատրյանը ևս պատերազմի թեժ օրերին ամուր թիկունք է ապահովել՝ սպիտակ բանակի հետ լինելով հայրենիքի պաշտպանների կողքին:

Պատերազմի առաջին օրվանից գտնվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ բարձր պատասխանատվությամբ կատարելով իր առջև դրված մասնագիտական խնդիրները:

«Այդ օրերին բոլորիս համար էր ծանր՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Բաժինները ծանրաբեռնված էին, վիրավորների հոսքը՝ չափից շատ։ Օրեր էին լինում, որ շտապօգնության մեքենաներով տեղափոխում էինք հիվանդներին, աշխատում էի կարանտինի գոտում: Բազում անքուն գիշերներ ենք անցկացրել»,-նշում է նա։

ԵՊԲՀ սովորողը ընդգծում է՝ խաղաղ պայմաններում բժիշկն ունի մտածելու և բուժման պլան մշակելու ժամանակ, իսկ պատերազմի ընթացքում անհրաժեշտ է արագ կողմնորոշվել, գնահատել հիվանդի վիճակը և ցուցաբերել անհապաղ բուժօգնություն. «Այդ ժամանակ բժիշկը մի կողմ է դնում հոգնածությունը, ծարավի և քաղցի զգացումը, մտածում է կյանք փրկելու մասին։ Ոչ մի լարվածություն չի կանգնեցնում աշխատանքը․ ամեն մեկը լուռ կատարում է իր գործը՝ մեկը՝ անշարժացնում վերջույթը, մեկը՝ կատարում թոքի դրենավորում՝ չսպասելով երախտիքի խոսքերի, և բոլորը երջանիկ են նրանով, որ փրկել են ևս մեկի զինվորի կյանք»։

Էլինա Խաչատրյանը նշում է, որ պատերազմը հոգեպես կոփել է իրեն, սովորեցրել է լինել անվախ, ավելի կարեկցող և համբերատար։
Խոսելով մասնագիտության ընտրության մասին՝ ապագա ճառագայթաբանը շեշտում է, որ փոքր հասակից է երազել բժիշկ դառնալու և բոլորին օգնելու մասին:

«Յուրաքանչյուր մասնագիտության մեջ, առավել ևս բժշկի, անհրաժեշտ է ունենալ պատասխանատվության զգացում և անսահման սեր իր ընտրած մասնագիտության հանդեպ։ Ցանկացած բժիշկ, պետք է ցանկություն ունենա ավելին իմանալու, զարգանալու։ Ամբողջ աշխարհում զարգանում է գիտությունը, օրեցօր մեծանում են տեխնիկական հնարավորությունները, որոնք և թույլ են տալիս նորագույն սարքավորումների շնորհիվ կատարել ճիշտ ախտորոշում, իսկ դա բուժման կեսն է։ Այս ամենը հաշվի առնելով ընտրեցի բժշկի ուղին՝ կանգ առնելով ճառագայթաբանի մասնագիտացման վրա»,- եզրափակում է ԵՊԲՀ սովորողը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031