Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ իշխանությունը վճռական չէ «Ընտրական օրենսգրքի» փոփոխության հարցում. ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանի մտավախությունները

Մարտ 22,2021 13:04

«Ընտրական օրենսգիրքը» պետք է ընդունվի, եթե անգամ չունենանք ընդդիմադիր երկու խմբակցությունների աջակցությունը»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Արտահերթ ընտրություններ. նոր Ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեշտություն» թեմայով առցանց քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը`արձագանքելով դիտարկմանը, որ իշխող ուժի ներկայացուցիչների հիմնական մոտեցումն այն է, որ նոր Ընտրական օրենսգիրք կարող են ընդունել միայն խորհրդարանական բոլոր ուժերի հետո համախոհության պարագայում եւ հիշեցմանը, որ նոր ԸՕ-ի ընդունումը ոչ միայն իշխող խմբակցության հանձնառությունն ու նախընտրական խոստումն է, այլ նաեւ 2020թ․ նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված ճանապարհային քարտեզի դրույթ եւ հիմնական պատասխանատվություն:

Համազասպ Դանիելյանը կարծում է, որ ԱԺ անկախ պատգամավորներից իշխանությունն աջակցություն կունենա այս հարցում, թեեւ լիահույս է, որ բովանդակային քննարկումներում դեռ առաջարկվող փոփոխությունների շուրջ կոնսենսուս կլինի: Եթե ընդդիմադիրները չքվեարկեն կամ դեմ քվեարկեն`իշխանական պատգամավորի դիտարկմամբ, անհարմար դրության մեջ կհայտնվեն, քանի որ 2018-ին ընդդիմադիրներն առանցքային առումով կողմ են եղել առաջարկվող փոփոխություններին: Բացի այդ, Համազասպ Դանիելյանը կարծում է, որ ընդդիմադիրների ոչ կառուցողական դիրքորոշումը կհակասի նաեւ հանրային շահին, քանի որ, իր գնահատմամբ, հանրությունն արտահերթ ընտրություններում ակնկալում է խաղի կանոնների փոփոխություն:

Հիշեցնենք, որ հավանական է արտահերթ ընտրությունները կայանան հունիսի 20-ին:

Իշխող ուժի ներկայացուցիչը համամիտ չէ, որ իրենք ակտիվորեն չեն պաշտպանում իրենց դիրքորոշումը: Թեպետ համարում են, որ առաջարկվող փոփոխություններով բարելավվում են ընտրական գործընթացը, միաժամանակ մտավախություն ունեն, որ ընտրություններից առաջ միակողմանիորեն խաղի կանոնների փոփոխումը կարող է դիտարկվել իբրեւ իշխանության դիրքերի բարելավում, չնայած որ նախագիծը երբ գրվում-քննարկվում էր, արտահերթ ընտրություններն օրակարգում չկային:

Համազասպ Դանիելյանը նաեւ հիշեցրեց, որ անցած երկու տարիների ընթացքում ԸՕ-ի փոփոխությունների երկու մեծ փաթեթ է ընդունվել` կոնսենսուսով. որտեղ շատ սկզբունքային հարցեր չեն եղել, իշխանությունը զիջել է:

Նա նաեւ գտնում է, որ փոփոխությունների ավելի լայն քննարկումներ են ենթադրվում, քանի որ ընտրությունները միայն երեք խորհրդարանական ուժերին չեն վերաբերվում:

ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանի խոսքով, ՀԱԿ-ը համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկում է ընտրական գործընթացների համատեքստում, քանի որ նախկինի կոռուպցիոն բուրգի գագաթին հենց քաղաքական կոռուպցիան էր: Քաղաքական կոռուպցիայի գլխավոր գործիքն էլ ՀԱԿ-ում ռեյտինգային համակարգն են համարում եւ ընտրությունների ընթացքում ապօրինի ֆինանսական լծակների կիրառումը: Եվ եթե ՀՀ-ն հիմա չի կատարում ԸՕ-ի այդ փոփոխությունը, ըստ բանախոսի, նշանակում է`երկրի խորհրդարանը որոշում է կայացնում պահպանել կոռուպցիոն համակարգը: Իր գնահատմամբ, եթե ԸՕ-ն չփոփոխվի`քաղաքական ճգնաժամը Հայաստանում ոչ միայն չի հաղթահարվի, այլ շատ արագ այլ ճգնաժամի հիմքեր կստեղծվի:

Ինչ վերաբերվում է ընտրություններից առաջ խաղի կանոնների փոփոխության մասին իշխող ուժի ներկայացուցչի մտահոգություններին, Սամվել Աբրահամյանը հիշեցնում է, որ 2018-ին, Երեւանի ավագանու ընտրություններից երկու ամիս առաջ, ԸՕ-ում սկզբունքային փոփոխություններ եղան, բայց այն ժամանակ դա խնդիր չհամարվեց ու չառաջացրեց:

Ավելին, Սամվել Աբրահամյանը համարում է, որ ԸՕ-ի շուրջ իրական կոնսենսուս կա, քանի որ բացի ՀՀԿ-ից, մնացյալ կուսակցությունները դեմ են արտահայտվել ռեյտինգային համակարգին եւ եթե հիմա տեխնիկական ինչ-որ մի բան խանգարում է այդ կոնսենսուսի իրացմանը, ապա նշանակում է կեղծ են եղել կուսակցությունների խոստումները, իրենք իրականում տիրապետում են վարչական եւ ֆինանսական ռեսուրսների, ինչը ընտրություններում իրենց առաջ է մղում` խնդիրը քաղաքական դաշտից այլ հարթություն տեղափոխելով, որտեղ ակնհայտ առավելություն ունես: Նա չի ուզում ասել, որ գործող իշխանությունը նպատակ ունի վարչական եւ ֆինանսական լծակներ կիրառելու առաջիկա արտահերթ ընտրություններում, բայց եթե ջանքեր չեն գործադրվում ԸՕ-ի փոփոխության համար, ապա լուրջ հիմքեր են լինում կարծելու, որ իշխանությունը շատ լուրջ մտադրություն ունի այդ ամենն օգտագործելու:

Համազասպ Դանիելյանը հակադարձեց`ասելով, որ իշխանությունն իր հնարավորությունների շրջանակում արել է առավելագույնը`լավ նախագիծ ունենալու համար: Երկու-երեք շաբաթ հետո դրա քննարկումներն են լինելու եւ այդ ժամանակ պարզ կլինի իշխանության մոտեցումը: Այն, որ իշխող ուժի խմբակցությունն է շրջանառության մեջ դրել նախագիծը, Համազասպ Դանիելյանը կարծում է, որ արդեն խոսում է ինչ-որ բանի մասին:

Ըստ նրա, երկընտրանքը հետեւյալն է`փոփոխություն առանց ընդդիմության համաձայնության, որը բացասաբար կազդի, այդ թվում նաեւ երկրի հեղինակության վրա, թե՞ լիակատար կոնսենսուսով: Կարծում է, որ նպատակը պետք է լինի փոփոխությունների իրականացումը` հնարավորինս լայն աջակցությամբ:

Սամվել Աբրահամյանն էլ գտնում է, որ պետք է դատենք արդյունքով: Եվ եթե արդյունքում չունեցանք փոփոխված ԸՕ, ապա իշխող կուսակցությունը եւ ամբողջ պառլամենը միասին են պատասխանատու: Նա հիշեցնում է, որ 2008-ին էլ երկու ձայն չբավարարեց ԸՕ-ի փոփոխության համար, մտավախություն ունի, որ հիմա էլ կարող է չբավարարել: Առհասարակ, Սամվել Աբրահամյանը գտնում է, որ պատահականություններ չկան, երեք խորհրդարանական խմբակցությունների միջեւ պարզապես գաղտնի պայմանավորվածություն է եղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031