Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այսօր լրագրողների հարցին, թե Նիկոլ Փաշինյանը ե՞րբ է հրաժարական տալու վարչապետի պաշտոնից, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն՝ պատասխանեց, որ հունիսի 20-ից պետք է հետհաշվարկ կատարել. ոչ շուտ, քան 35, ոչ ուշ, քան 50 օր հետո է լինելու արտահերթ ընտրությունը:
Տարաբնույթ մեկնաբանություններ կան, որ այս ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը չի լինելու: Հարցին՝ ՔՊ-ում կա՞ որոշում, թե՞ ում դեմքով են գնալու ընտրության, վարչապետի թեկնածուն ո՞վ է լինելու՝ Բադասյանը պատասխանեց. «Ակնհայտ է այդ հարցի պատասխանը: Ես որեւէ քննարկման չեմ մասնակցել եւ վարչության անդամ չեմ, բայց կարծում եմ ակնհայտ է, Նիկոլ Փաշինյանի դեմքով է լինելու»:
Հարցին՝ կարծում եք կընտրե՞ն այս ամենից հետո՝ նախարարը հստակեցրեց՝ ո՞ր ամենից: Լրագրողները պարզաբանեցին՝ պատերազմի նման արդյունք ենք ունեցել, պարտության խորհրդանիշ է համարում Էդմոն Մարուքյանը Փաշինյանին՝ Բադասյանն արձագանքեց. «Մեր քաղաքացիները, կարծում եմ, իրենց որոշումը կկայացնեն ցանկացած պարագայում եւ մեր խնդիրն է քաղաքացիներին այդ հնարավորությունը տալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ