Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջանք չի խնայվի պահպանելու քրիստոնեական այս հոյակերտ տաճարը». «Բագարանի Շուշանավանքը» գիրքը բացահայտում է պատմական Բագարանի լռակյաց «պահապանին»

Մարտ 22,2021 12:34

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ տպագրվել է «Բագարանի Շուշանավանքը» եզակի աշխատությունը։ Գիրքը նվիրված է հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության յուրօրինակ հուշարձաններից մեկի՝ Բագարանի՝ Սբ. Շուշան կոչվող վեցխորան եկեղեցու և այն ընդգրկող հուշարձանախմբի (ամբողջ համալիրը կոչվում է Շուշանավանք) պատմաճարտարապետական ու աղբյուրագիտական քննությանը:

Եկեղեցին տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին՝ քարքարոտ բլրի գագաթին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի պատմական Բագարան։ Աշխատության նախաձեռնողը և ղեկավարը Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն է։



«Շուշանավանքը առաջին անգամ տեսանք նախորդ տարի՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններ այցի ընթացքում։ Միանգամից նկատեցինք ժայռաբլրին կիսավեր եկեղեցու գեղեցկությունը, որը վեհ և միայնակ կանգնած է սահմանին, որպես լռակյաց «պահապան»։ Այսօր եկեղեցուն կարելի է մոտենալ միայն արևելքից՝ դժվարանցանելի քարքարոտ ճանապարհով։ Միջնադարյան համալիրի պատմության քիչ հայտնի լինելը մեզ մղեց ուսումնասիրությանը՝ հետագայում այն վերականգնելու համար համախոհներ գտնելու ակնկալիքով», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված գիրքը գիտական աշխատություն է, որտեղ ներկայացվում է Սբ. Շուշան անվան ծագումը, հստակեցվում են հուշարձանախմբի շինարարական փուլերն ու թվագրումը, ճարտարապետական հորինվածքային լուծումները, վիմագրերը:

«Հայաստանը իսկապես թանգարան է բաց երկնքի տակ, բայց կան նաև երբևէ ուշադրության չարժանացած հուշարձաններ, որոնց  ուսումնասիրությունը նույնքան ուշագրավ է և հրատապ։ Հուսով եմ, որ կգա ժամանակը և մենք համատեղ ջանքերով կվերականգնենք և պատշաճ կերպով աշխարհին կներկայացնենք Շուշանավանքը», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Գիրքը ստեղծվել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնային Անվտանգության Ծառայության սահմանապահների վարչության հրամանատարակազմի և անձամբ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռ. Ն. Գոլուբիցկու աջակցությամբ։

«Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է աշխարհում, իրավամբ այն հնամենի վանքերի և եկեղեցիների երկիր է։ Դրանցից մեկն էլ Բագարանի Շուշանավանքն է, որը այսօր հայտնվել է երկու պետությունների սահմանագծին: Այն պարբերաբար վնասվել է ոչ միայն բնական աղետներից, այլ նաև՝ մարդկային գործելակերպից: Տեղաբնակների վկայությամբ՝ Շուշանավանքը Թուրքիայի կողմից բազմիցս գնդակոծվել է։ Հայաստանում ռուսական սահմանապահների առաքելությունը ոչ միայն պետական սահմանների անվտանգության ապահովում է, այլև՝ սահմանային գոտում գտնվող պատմամշակութային արժեքների պահպանումը: Վստահեցնում եմ, որ ջանք չի խնայվի պահպանելու քրիստոնեական այս հոյակերտ տաճարը», – նշեց գեներալ-լեյտենանտ, ՀՀ-ում Ռուսաստանի ԴԱԾ սահմանապահների վարչության պետ Ռոման Գոլուբիցկին։

Նախորդ տարի Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը սահմանապահների վարչության հետ, համալիրի մոտակայքում տեղադրվել է նաև եկեղեցու պատմության և ճարտարապետության մասին պատմող ցուցատախտակ՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։

«ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031