Վարչապետը հայտարարել է, որ այսօրվանից Արտակ Դավթյանը համարվում է Գլխավոր շտաբի պետ, մինչդեռ Օնիկ Գասպարյանի փաստաբանները պնդում են, որ Վարչական դատարանի որոշմամբ՝ Օնիկ Գասպարյանը դեռ ԳՇ պետ է:
Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե այս իրավական կազուսն ինչպե՞ս հասկանանք, երբ ամեն կողմ իր ուզած ձեւով է մեկնաբանում՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ որեւէ իրավական կազուս չկա, Օնիկ Գասպարյանն ազատված է իր զբաղեցրած պաշտոնից. «Ես խորհուրդ կտամ սահմանադրական անվտանգության շրջանակներում վերլուծել, թե ինչ է նշանակում իրավունքի ուժով հետեւող որեւէ իրադարձություն: Օրինակ, երբ իրավունքի ուժով ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ԱԺ նիստեր են գումարվում կամ իրավունքի ուժով ԱԺ-ն ցրվում է եւ այդտեղ մեկնաբանությունները, որ հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որեւէ գործընթաց կամ արդեն ավարտված գործընթացը «վերանայել», տեղին չեն: Դրանք շահարկումների դաշտում են»:
Բադասյանն ասաց, որ վարչապետի հայտարարությունը ընդամենը արձանագրում է:
Նախարարը վստահեցրեց, որ այդ հայցով հնարավոր չէ Օնիկ Գասպարյանին վերականգնել իր պաշտոնին. «Շատ պարզ ասում եմ: Որեւէ իրավունք գործադիր իշխանությունը չունի՝ չիրականացնելու այն, ինչ Սահմանադրությամբ նախատեսված է, նույնիսկ իր կամքը չի կարող փոխել, որովհետեւ Սահմանադրությունը հստակ ընթացակարգ է սահմանել»:
Կարդացեք նաև
Թե ինչու է Օնիկ Գասպարյանը դեռ աշխատանքի գնում՝ նախարարն ասաց, որ ինքը տեղյակ չէ, մամուլում է կարդացել, որ գործի է գնում, բայց բանակը այսօրվանից ենթարկվելու է Արտակ Դավթյանին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ