Լրահոս
Օրվա լրահոսը

Լիահույս են, որ Նեո և Նովա հովազների հանդիպումը ստացվել է

Մարտ 22,2021 12:12

Նեո հովազին շարունակում են ֆիքսել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) թակարդ-տեսախցիկները։ CWR անտառապահ Մանուկ Մանուկյանի տեսախցիկի կողմից նկարահանված հովազը Նեոն է, որն արդեն երկար ժամանակ գտնվում է մասնավոր կերպով պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, որտեղ և 2020թ․-ին նկարահանվել է կովկասյան հովազի հավանաբար էգ առանձնյակ՝ Նովան։

Հովազի այս երկու առանձնյակների երկարատև գտնվելը CWR տարածքում լավագույն վկայությունն է մասնավոր պահպանվող տարածքի մոդելի արդյունավետության։ CWR-ը առաջին մասնավոր պահպանվող տարածք է Հարավային Կովկասում, որը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: Մասնավոր կերպով պահպանվող տարածքների գաղափարը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում այդ դերը ստանձնել է CWR-ը, ինչը նոր խոսք է Հայաստանում մինչ այժմ կիրառվող պահպանության մոդելների շարքում։

Հիշեցնենք, որ 2020թ․-ի տարեվերջին շատ կարևոր և հուսադրող իրադարձություն է տեղի ունեցել․ CWR տարածքում թակարդ-տեսախցիկների կողմից նկարահանվել է հովազի նոր՝ մինչ այժմ չֆիքսված առանձնյակ, որը հավանաբար էգ է։ Նույն ժամանակահատվածում նույն տարածքում է գտնվել նաև Նեո հովազը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գործընկեր կառույցների հետ միասին լիահույս է, որ Նեոյի և Նովայի հանդիպումը ստացվել է։

Հիշեցնենք, որ կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Այն, որ կենդանու  շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։

ՀՀ ԿԳ տվյալների համաձայն՝ բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ-իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031