Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. Այդ օպերացիան հայկական զինուժի պատմության մեջ կմնա որպես կոպիտ սխալի և քաղաքական իշխանության քիթը խոթելու ճակատագրական հետևանք

Մարտ 22,2021 11:54

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատերազմի ընթացքում կապիտուլյանտը մեկ օրով գնաց Արցախ։ Գնալու նպատակը հետևյալն էր։

Հարավային ուղղության վրա, արդեն նահանջող հայկական զորքին, ինչ-որ անհայտ ծագման նապոլեոններ (իրականում հայտնի), համոզում են, որպեսզի հակահարձակումով գրոհեն և հետ վերցնեն 2016թ. ապրիլյան պատերազմում կորցրած դիրքերը (հայտնի Վարազաթումբի ուղղություն)։

Նպատակն այն էր, որպեսզի Նիկոլը «հերոսանա» և «քաջաբար» հայտարարի, որ հետ է վերցրել այն մի քանի հարյուր հեկտարը, ինչը թողել էր Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ 2016թ. ապրիլյան պատերազմը կանգնեցնելուց հետո։

Զուտ մի քանի հոգու անձնական հիմար ամբիցիաների վրա կառուցված հակահարձակումը տեղի ունեցավ հապճեպ, առանց նախապատրաստվելու և առանց հակառակորդի դիրքավորումների, նրանց ուժերի և տեղակայման վայրերի մասին հստակ տեղեկության։

Արդյունքում պատռվեց ռազմաճակատի առաջնագիծը, ցաքուցրիվ եղավ խրամատավորված հայկական զորքը, վնասվեց կամ հակառակորդին թողնվեց մեծ քանակությամբ զրահատեխնիկա, ունեցանք բաց դաշտում հայտնված ու միմյանց հետ չհամագործակցող կենդանի ուժի հսկայական կորուստներ։ Քաղաքական PR-ին կուլ գնացած գործող գեներալների աչքերի առաջ փլուզվեց և ճեղքեր տվեց Արցախի հարավային թևի հզոր պաշտպանական շղթան։

Այնինչ՝ պատերազմի առաջին օրերին ստացած հարվածներից ու անընդհատ կասեցվող գրոհներից հետո, հակառակորդն աստիճանաբար թուլանում էր՝ կորցնելով իր հարվածային ուժն ու տեմպերը։ Նիկոլի և իր  խմբակի անհեռատես, չհիմնավորված որոշման և դրա ձախողման արդյունքում թշնամու առաջ բացվեցին անպաշտպան մնացած Հադրութի դարպասները։

Այդ օպերացիան հայկական զինուժի պատմության մեջ կմնա որպես կոպիտ սխալի և քաղաքական իշխանության քիթը խոթելու ճակատագրական հետևանք։

Հոկտեմբերի 5-ին կապիտուլյանտը գնացել է Արցախ՝ հակառակորդին «արժանի հակահարված հասցնելու» հետագա քայլերը որոշելու համար։ Այնինչ, նա իրականում գնացել էր տեղում հասկանալու, թե ի՞նչ է կատարվում, ու նաև իր մեղքով ի՞նչ քաոսի է վերածվել առաջնագիծը։

Դրանից հետո սկիզբ առած ձախողումների անվերջանալի շղթան այլևս կանգնեցնել չհաջողվեց։ Հայկական զորքերը մտան անկանոն պաշտպանության և երկարատև հետապնդման անդառնալի մի փուլի մեջ, որի կանգառը տրվեց ռուսական խաղաղապահների ժամանումով։

Նիկոլը և սորոսածինները, ուղիղ չորս տարի թմբկահարել են, որ Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլին 800 հա տարածք է թողել թշնամուն (իրականում՝ 400հա)։ Այն ժամանակ քննարկվում էր պատերազմը ևս երկու օր շարունակելու և դիրքերը վերականգնելու հարցը։ Սակայն հնարավոր կորուստները կարող էին կազմել մինչև 200 զինծառայող և քաղաքական իշխանությունը հրաժարվեց նոր կորուստներից։

Իսկ կեղծ հեղափոխությունից ու տավուշյան ավանտյուրայից գլուխը կորցրած կապիտուլյանտը չխնայեց հազարավոր մարդկանց կյանքեր՝ հանուն իր գաղջ նպատակների։ Արդյունքում՝ թուրքը Շուշիում չայ է խմում և ծաղրում փաշինյանական խունտային։ Նրա հետ միասին՝ նաև մեզ բոլորիս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031