Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ նախարարները չեն եկել զեկուցելու, ի՞նչն է խնդիրը. Պարզվում է՝ ԱԳ նախարարը հեռախոսազանգերի համար Ազգային ժողով չի եկել

Մարտ 22,2021 11:32

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղեւոնդյանը (լուսանկարում) ներկայացրեց 2020-ին կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունավետությունը:

Նա խոսեց կորոնավիրուսի հարուցած խնդիրների մասին, հայ-բելառուսական ու հայ-ղազախական առեւտրաշրջանառության աճի մասին: Ըստ նրա, ստեղծված իրավիճակում հնարավորինս ամեն ինչ արվել է, որ լավ արդյունք ունենանք:

Միքայել Մելքումյան

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հարցրեց՝ վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունների որակը ինչպե՞ս եք գնահատում: Ղեւոնդյանը պատասխանեց, որ երկկողմ հարաբերությունների մասին խոսելիս պետք է լայն ժամանակաշրջան վերցնել ու հասկանալ մեր հարաբերությունների խորությունը. «Դրանք հարաբերություններ են, որոնք խարսխված են պարզ մարդկային շփումների, մարդկային ճակատագրերի, բազմաթիվ կապերով կապված լինելու վրա: Ինչ վերաբերում է միջպետական հարաբերություններին, որեւէ այլ երկրի հետ մենք չունենք իրավապայմանագրային այն հենքը, որն ունենք հայ-ռուսական հատվածում»: Մելքումյանը նորից հարցրեց՝ դուք համաձա՞յն էիք այն գործընթացների հետ, որոնք մեր երկրում տեղի էին ունենում, դրանցում կայի՞ն հայ-ռուսական հարաբերությունները խաթարող քայլեր՝ որպես ռազմավարական գործընկերոջ: Փոխնախարարը պատասխանեց. «ԱԳՆ-ն աշխատել է, աշխատում է եւ կշարունակի աշխատանքը երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»:

Մելքումյանը նաեւ հարցրեց՝ մենք մի որոշ ժամանակ առաջ միացել ենք կրոնական մի կազմակերպության՝ ալյանսի, որը Չինաստանի հետ մեր հարաբերությունները ավելի պրոբլեմային է դարձնում: Պատերազմ եղավ՝ այդ կրոնական կազմակերպությունը ոչ մի հայտարարություն չարեց, որ մեր մշակութային արժեքների հետ վանդալիզմ է տեղի ունենում, ինչի՞ ենք միացել, էլ չասած, թե Իսրայելում ինչու ենք դեսպանատուն բացել ու հայ-իրանական հարաբերությունների վրա ազդել: Փոխնախարարն ի պատասխան ասաց, որ տեղյակ չէ:

Վերջում հանձնաժողովի անդամները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ նախարարները չեն եկել զեկուցելու, միայն փոխնախարարներ են, ի՞նչն է խնդիրը: Ղեւոնդյանը արտաքին գործերի նախարարության մասով պատասխանեց. «Պայմանավորվածություն կար հեռախոսազանգերի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031