Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային արգելոց -թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են կարգավորվում հարցերը, երբ, օրինակ, որեւէ կառույց կամ կազմակերպություն ցանկանում է արգելոցի տարածքում որեւէ միջոցառում կազմակերպել:
«Մեր ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ մեզ տրված է տարածքները օգտագործման հանձնելու լիազորություն: Դա եւ երկարաժամկետ կարող է լինել եւ կարճաժամկետ: Երկարաժամկետ վարձակալություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ լիազոր մարմնի՝ Պետգույքի կառավարման կոմիտեի միջոցով:
Ինչ վերաբերվում է կարճաժամկետ միջոցառումներին՝ ժամային, օրային կտրվածքով, դա էլ արվում է հետեւյալ կերպ: Նախ կարող են լինել տարբեր միջոցառումներ՝ կորպորատիվից մինչեւ անձնական մակարդակի միջոցառումներ, ֆիլմերի, տեսահոլովակի, գովազդի նկարահանումներ…Օրենքից բխող ամեն ինչ թույլատրելի է իրականացնել արգելոցի տարածքում:
Կարդացեք նաև
Պայմանագիր է կնքվում, կնքելուց առաջ մենք պարտավոր ենք հետաքրքրվել, թե ինչ բնույթի ֆիլմ կամ տեսահոլովակ պետք է նկարահանվի, որովհետեւ դա չպետք է լինի մեր ազգային, պետական շահին հակասող որեւէ բան: Պայմանագրից հետո թույլատրվում է, որ հայտատուն իրականացնի իր միջոցառումը արգելոցի տարածքում»,-նշեց մեր զրուցակիցը:
Նա օրինակներ բերեց. «Մեծ մասշտաբի միջոցառումների ժամանակ, ինչպիսին, օրինակ 2017թ. «Ինգո Արմենիայի» կորպորատիվ երեկոն էր՝ Գառնի արգելոցի տարածքում, մենք հայտատուից պահանջում ենք, որ անպայման ապահովի անվտանգության եւ մաքրման ծառայություն: Այսինքն` միջոցառումն ավարտելուց հետո իրենք պարտավոր են տարածքը մեզ հանձնել նույն ձեւով, ինչպես տրվել է իրենց: Նրանց անվտանգության ծառայությունը պարտավոր է ողջ ընթացքում իրականացնել հսկողություն, որ նաեւ այնտեղ որեւէ մեկը հասարակական կարգ էլ չխախտի: Բացի դրանից, այդ ժամանակ արգելոցում լինում են մեր հուշարձանի պահապանները, արգելոցի ամբողջ անձնակազմը՝՝ անկախ նրանից, թե մինչեւ ժամը քանիսը կտեւի միջոցառումը: Կախված նրանից, թե արգելոցը որ մարզում է գտնվում, նաեւ այդ մարզային ծառայության ղեկավարը եւ տվյալ տարածքի հուշարձանի պահապանն է ներկա լինում, անհրաժեշտության դեպքում նրան միանում են մյուս պահպանական գոտիների հուշարձանի պահապանները:
Մեր խնդիրն այդ ժամանակ հսկելն է, որ տվյալ հուշարձանը, տաճարը, եկեղեցին կամ էլ դամբարանադաշտը չվնասվի, եւ անխաթար վիճակով հետ ստանանք»,-ասաց Արա Թարվերդյանը:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենը կրկին ընդգծեց, որ երբ պայմանավորվում են հայտատուի հետ, վերջինս գրավոր ներկայացնում է, թե ինչ բնույթի միջոցառում է լինելու, հատկապես խոսքը վերաբերվում է նկարահանումներին, ինչի վերաբերյալ. «Եթե հանկարծ թողարկվելուց հետո պարզվեց, որ անհամապատասխանություն կա, դա կարող է իրավական հետեւանք ունենալ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարներում՝ 2017 թ. «Պատմամշակութային արգելոց -թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ բեմադրված հայկական հարսանիք: Լուսանկարները` hushardzan.am-ից