Լրահոս
Օրվա լրահոսը

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման անվճար ծրագրից մինչ օրս օգտվել է 207 մարդ

Մարտ 22,2021 00:01

Դեռեւս մանկության տարիներից հիշում եմ՝ տատս հարազատներիցս մեկի առողջության մասին խոսելիս՝ երբ նշում էր «Քանաքեռ»-ի հիվանդանոց են տարել, ուրեմն անբուժելի է եւ փրկվել չկա։ Ու մի տեսակ վախ ունեի այդ հիվանդանոցի՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նկատմամբ։

Վախս անցավ, երբ նաեւ հետազոտման նպատակով այցելեցի հիվանդանոց։

2021թ․ հունվարից կենտրոնում իրականացնում է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման ծրագիր, որի շրջանակում 45 տարեկանից բարձր անձինք կարող են անցնել անվճար կոլոնոսկոպիա։ Որովայնային եւ էնդովիրաբուժության բաժանմունքի բժիշկ-էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանի աշխատասենյակի մոտ տարբեր տարիքի բուժառուներ են։

Բժշկին անընդհատ կանչում են վիրահատարան՝ այս կամ այն հիվանդի մոտ, ընթացքում հանգստացնում իրեն սպասող բուժառուներին՝ ասելով, որ բոլորին էլ կհասցնի հետազոտել։ «Հայրիկ ջան, քեզանից շուտ՝ իմ բարեկամն է եկել մարզից, բայց սպասում է։ Խնդրում եմ մի խառնվենք իրար, հերթով, արագի մեջ բոլորիդ կստուգեմ։ Միայն համբերություն»,-ասում է նա։

Վլադիմիր Նահապետյանը հասկանում է յուրաքանչյուրին, ամեն մեկը ուզում է 5 րոպե առաջ իմանալ իր ախտորոշումը։ Բժշկի խոսքով, կոլոռեկտալ քաղցկեղը աշխարհում 3-րդ ամենատարածված քաղցկեղի տեսակն է մեծահասակների մոտ։ Հայաստանում վերջին 10 տարվա ցուցանիշների վերլուծությունից պարզվել է, որ 2019 թվականին նոր դեպքերի թիվը 2009 թվականի համեմատ՝ 100-ով ավելացել է։ Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ ախտորոշման մեթոդ է կոլոնոսկոպիան, որով ոչ միայն հայտնաբերում են պոլիպները, այլ նաեւ հեռացնում, ինչպես նաեւ հնարավորություն են ունենում կասկածելի գոյացությունից վերցնել կտոր հյուսվածաբանական հետազոտության համար: Ի դեպ, ըստ բժշկի՝ պոլիպների հեռացումը այս ձեւով կարող է կանխել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացումը եւ վաղ հայտնաբերման դեպքում այն լիարժեք բուժվում է։

Կենտրոնը համալրվել է ժամանակակից էնդոսկոպիկ համակարգով (կոլոնոսկոպ, գաստրոսկոպ, դուոդենոսկոպ), որը թույլ է տալիս կատարել ստամոքսաղիքային տրակտի ինչպես ախտորոշիչ, այնպես էլ վիրահատական միջամտություններ։ Տնօրինության նախաձեռնությամբ մեկնարկած անվճար ծրագիրը իրականացվում է կենտրոնի միջոցներով եւ կտեւի մինչու հունիս ամիսը։

Արմեն Նիկողոյան

Հետազոտություններն իրականացնում են որովայնային եւ էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Նիկողոսյանը ու բժիշկ-էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը։

Aravot.am-ին կենտրոնից տեղեկացրին, որ մինչ օրս ծրագրից օգտվել է 207 մարդ, որի 70 տոկոսը մարզերից է։ Հետազոտվողներից 90-ը՝ տղամարդ են, 117-ը՝ կին։ 49 անձի մոտ հայտնաբերվել են հաստ աղու պոլիպներ, որոնք տեղում հեռացվել են։
28 հիվանդի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։

Լուսանկարները՝ կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031