Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ 1885 թվից հայությունը համարյա Հայաստանում չապրեց՝ միշտ եվրոպացոց գրկում»

Մարտ 22,2021 13:00

Խորհրդային բանտերի երկարամյա բանտարկյալի, երգիծանքի համար դատապարված Լեռ Կամսարի 1962թ. անտիպ օրագրից հատվածները «Առավոտին» տրամադրել է թոռնուհին` Վանուհի Թովմասյանը:

Երեքշաբթի 27- Ձեզ մոտ լույսերն ինչպե՞ս են վառվում, մեզ մոտ՝ անկանոն։ Մի բան գրում եմ վերջացնում, ուզում եմ սկզբից կարդալ, սխալներն ուղղել, մեկ էլ՝ հո՛պ, լույսը հանգում է, ինձ թողնելով անթափանց խավարում։

Այդ ժամանակ ասում եմ ինքս ինձ. «Ճիշտ այսպես հանկարծակի կհանգի մի օր իմ կյանքի ճրագը, առանց ժամանակ տալու մի վերջին անգամ կարդալու ինձ ու սխալներս ուղղելու»:

Ա՜խ Աստված, ինչո՞ւ լույսերն ամեն տեղ այսպես անկանոն են վառվում։

Ես եթե իմանայի, որ մարդը մահկանացու է՝ երբեք չէի ծնվի։

Անազնվություն չէ՞ մարդուն աշխարհ կանչել միայն նրա համար, որ ասեն՝ դու մահկանացու ես։

Որսորդ լինելու է անպատճառ մեզ կանչողը։ Կամեցել է թռցնել ու օդում խփել:

Երեքշաբթի 9- Ինձ շատ հետաքրքիր է իմանալ՝ նապաստակները երեւակայություն ունե՞ն, թե՞ ոչ։ Այդ խեղճ կենդանիներին առյուծն ուտում է, վագրն ուտում է, գայլերն ու աղվեսներն ուտում են, մարդն ուտում է: Եթե երեւակայություն չունենա, ինչպե՞ս պիտի իր վրեժը լուծի իր այդ ոխերիմ թշնամիներից։

Ես, որ ամեն օր վեր չկենամ, թուրք կառավարությանը չդնեմ մսի մեքենայի մեջ, աղամ, նրանից կոտլետ չպատրաստեմ ու շներին չհրամցնեմ՝ կարո՞ղ եմ դիմանալ։ Հենց թողնեմ երկու միլիոն հայ ջարդի ու մարսի՞։ Ես որ չհավաքեմ աշխարհի բոլոր կոմունիստներին, վրան չդարսեմ Մարքսին, Էնգելսին, Լենինին, բենզին չածեմ վրանին ու կրակ տամ՝ գիշերը կարո՞ղ եմ քնել։

Չլինի՞ դուք կարծում եք՝ ես ապրում եմ իմ կավաշեն, խարխուլ խրճիթում։ Թագավորական պալատին ի՞նչ է եղել, որ ես այն թողած մի հողաշեն խցիկում կծկվեմ։ Ոչ մի աշխարհակալ չունի այն պետության սահմանը, ինչ ունեմ ես։ Երկրներ եմ գրավում առանց մի փամփուշտ կրակելու, առանց որեւէ զոհի։ Գրավում եմ երկրներ ու տիրանում բոլոր կանանց։

Շրջապատումս մարդիկ երկու կոպեկի համար սրան են քծնում, նրան են քծնում, իրենց դավանանքը փոխում, իսկ ես չգիտեմ, թե իմ կուտակած ոսկիները ո՞ւր ծախսեմ։ Շվարել մնացել եմ։

Ու ես այդ ժամանակ եմ միայն զգում, թե ինչ մեծ դժբախտություն է հարուստ լինելը։ Նախանձում եմ Դիոգենեսին, աշխատում եմ ամեն կերպ աղքատանալ՝ չեմ կարողանում։ Իմ ամենամեծ դժվարությունը սկսվում է այնտեղ, երբ դառնում եմ Աստված եւ ուզում եմ մարդ ստեղծել։ Կավից չեմ կարող ստեղծել՝ ձեռքս կկեղտոտվի, ուրիշ մաքուր մատերյալ էլ չեմ ճարում։ Թղթից եմ ստեղծում՝ քամին տանում է, ու երկար վազում եմ ետեւից այն բռնելու։ Շոկոլադից եմ պատրաստում, լցնում գրպանս, դուրս գալիս փողոց։ Մինչեւ տուն դառնալը բոլորը կերած եմ լինում, եւ աշխարհը մնում է անմարդաբնակ։ Ադամին չէ, բայց Եվային կարելի է շոկոլադից ստեղծել։ Բայց մեծ քանակությամբ, անսպառ, որ ինչքան ադամներն ուտեն՝ էլի տակը բան մնա։ Բայց այստեղ կմնա լուծել ամուսնալուծության հարցը։ Մարդիկ ինչքան ամուսնանում, երկու այնքան բաժանվում են իրենց կանանցից։ Հաշվի առնելով այս հանգամանքը, ես կնոջն ստեղծում եմ «սեմիչկից», որ մարդիկ լցնելով գրպանները՝ «չրթելով» ման գան: Բայց ի միջի այլոց ասեմ, որ Աստված լինելն էլ հեշտ բան չէ։ Ես նախքան Աստվածանալը չէի զգում այդ բանը, կարծում էի՝ հա, բավական է ասել «եղիցի լույս», եւ ամեն բան կվերջանա։ Բայց չէ։ Դա պատասխանատու պաշտոն է։ Մարդ ես բերում աշխարհ՝ նրան մի լուրջ զբաղմունք պիտի տաս։ Մարդ ու կին խոմ հավ ու աքլոր չե՞ն, որ անվերջ թռնեն իրար վրա։

Թռան մեկ օր, թռան երկու օր՝ երրորդին կկանգնեն ու կասեն քեզ.

-Սա զբաղմունք չէ, մի լուրջ գործ տուր անենք։

Այն ժամանակ դու կանճրկես, չիմանալով ի՞նչ լուրջ գործ կա աշխարհում, որ տաս անեն։ Եղած գործերն անվերջ դուռ տանել բերելու նման աննպատակ բաներ են։ Այս անել դրությունից դուրս գալու համար, ես վերցնում եմ, խմեցնում եմ իմ ստեղծած մարդկանց, ծխեցնում եմ, արքայությամբ եմ հարբեցնում, որ մի կերպ յոլա գնան մինչեւ մեռնելը։ Որ մեռան՝ օձիքս կազատվի նրանցից։ Գնան ինչ կուզեն՝ անեն։ Էլ չեմ խառնվի։

Հինգշաբթի 8- Եթե Աստված որոշի հայության հոգին առնել, ամենամեծ լաց ու կոծը եվրոպական վեց մեծ պետությունները կբարձրացնեն միաժամանակ։

«Հայկական հարցը» քանի՜ տարի ապրեցրեց այդ պետություններին: Դրանցից որեւէ մեկը, ասենք Ֆրանսիան, եթե ուզում էր շաքարի ու ծխախոտի մենաշնորհ ստանալ Թուրքիայում՝ անմիջապես թեւերը կբանար ու հայ ազգին իր գիրկը կկանչեր «սիրելու»։

Հետո «բարենորոգման ծրագիրն» առած Պոլիս՝ սուլթանին էր գնում, թե հայերին անկախություն պիտի տաս։

– Անպայմա՞ն անկախություն, – հարցնում էր սուլթանը։
– Ուրիշ ի՞նչ ունես տալու։
– Շաքարի, ծխախոտի մենաշնորհ:
– Այդ էլ կարելի է։
– Ա՛ռ այդ մենաշնորհը, միայն հայկական հարց մեջ մի բեր, ջղայնանում եմ։
– Տուր այդ մենաշնորհները, մեջ չեմ բերի։
– Դեմ չե՞ս, որ հայերին կոտորեմ, մի քիչ։
– Կարելի է, բայց ոչ բոլորովին։ Մի քիչ թող մեր պետքերի համար։

Ֆրանսիան գնում էր, սկսվում էր հայկական կոտորածը։
Պատահում էր, որ Իտալիան էլ ֆես եւ լուցկի կուզեր ծախել Տաճկաստանին, բայց հայերը Ֆրանսիայի գիրկն էին։

Այդ ժամանակ Իտալիան ձայնում էր Ֆրանսիային:
-Այդքան չեն սիրի, բաց թող մի քիչ էլ ես սիրեմ. ֆեսերս ու լուցկիներս կուտակվել են՝ առնող չկա։

Ֆրանսիան պատասխանում էր.
-Այս րոպեիս սպասիր իմ մենաշնորհներն ստանամ, հայերին հանձնեմ քեզ սիրելու։

Ու այսպես հայությունը վեց պետությունների մեջ ձեռքից-ձեռք ման էր ածվում։ Նրանք բոլորն էլ արդյունաբերական երկրներ էին, ապրանք ունեին Թուրքիո վաճառելու։ Եվ 1885 թվից հայությունը համարյա Հայաստանում չապրեց՝ միշտ եվրոպացոց գրկում։

Այս վիճակը տեւեց մինչեւ 1915 թվականը, երբ Թուրքիան իր երկրի ողջ հայությանը կոտորեց։ Երբ վեց մեծ պետությունները տեսան այլեւս հայ չկա Տաճկաստանում, իրենց արյունոտ մռութները լիզելով որջերնին քաշվեցին։ Գնաց Տաճկահայաստանը, մնաց Ռուսահայաստանը։ Ռուսներն իրենց երկու ոտքի արանքն առին սա Հայաստանը ու ասին Եվրոպային:

– Սա միայն մեզ կպատկանի, իրավունք չունեք խառնվելու։ Արեւմուտքի հայությանը դուք կոտորեցիք, արեւելքին էլ թողեք մենք կոտորենք։ Ինչ է, մենք մարդ չե՞նք։
– Դուք կոմունիստներ եք ու մարդկությանը երջանկացնում եք, դուք չեք կարող կոտորել, – ասաց Եվրոպան Ռուսաստանին։
– Չե՜մ կարող: Ես կացիններով եմ մարդ ջարդում։

Ասաց ու դարձավ Թուրքիային.
– Ո՞նց ես։ Կոտորեցիր քո բոլոր հայերին, հա՞։
– Բա ի՞նչ անեմ, մաս-մաս կոտորելուց բեզարեցի։
– Իմ մասերի հայերին էլ չե՞ս կոտորի։
– Եթե տաս բա չե՞մ կոտորի։
– Եթե ինձ հետ բարեկամ լինես՝ յոլա կերթանք։
– Մի բան խնդրեմ, – ասաց Տաճկաստանը։
– Լսում եմ, – ասաց Ռուսաստանը։
– Ուզում եմ մի փոքր կեղեւել քո Հայաստանը, շատ հաստ է։ Կեղեւը ինձ՝ միջուկը քեզ։
– Ո՞ր կողմից ես ուզում կեղեւել։
– Արեւմտյան։ Սանկ՝ Ղարս, Իգդիր, Արդահան։
– Քեզ փեշքեշ։ Կեղեւիր, բայց միջուկին չդիպնես, – ասաց Ռուսաստանը եւ ավելացրեց:
– Ինչ է, նեղվա՞ծք եք ապրում, ձեր երկրում չե՞ք տեղավորվում։
– Չէ՛, տեղավորվելու համար չեմ ասում, ուզում եմ գրավեմ՝ ամայի թողնեմ։

Հետո այս երկու հարեւան պետություններն ինչ-որ բան փսփսացին իրար ականջին՝ Թուրքիան չհամաձայնվեց։
-Գիտե՞ս ինչ, – սպառնաց Ռուսաստանը, – եթե ինձ հետ չհամաձայնես՝ կդրդեմ իմ հայերին Տաճկահայաստանը պահանջել քեզանից։
– Իսկ եթե ընդունե՞մ։ Թույլ կտա՞ս քո հայերին կոտորեմ։
– Եթե ընդունեցիր՝ դրանց կոտորելու վրա չենք վիճի։ Երկու ոճրագործ պետություններ պիտի չկարողանա՞ն մի երկու միլիոն հայ կոտորել։

Ասացին, բարեկամաբար իրար ձեռք սեղմեցին եւ տներնին մտան։ Ռուսաստանը տուն գնալով, քաշեց իր կոմունիստակամ սուրը եւ կամեցավ խրել հայության սիրտը։

Նրա ձեռքը բռնեց Վրաստանն ու ասաց.
-Թող ես կոտորեմ հայությանը, եւ Հայաստանը ես ու Ադրբեջանը բաժանենք մեր մեջ։

Երբ Ռուսաստանը համաձայնվեց՝ քաշեց Վրաստանը իր «եղբայրական» սուրը եւ սկսեց ճոճել հայության գլխին։ Նախ հավաքեց կոտորեց հայ ինտելիգենցիան, թողնելով ժողովրդին անուղեղ։ Հետո մնացածներին հանեց ընտանիքներով Հյուսիսային Սիբիրի սառույցներում մի փոքր… զովանալու։

Միայն մի գիշերում, այն էլ ամառվա կարճ գիշերում հիսուն հազար հայ ընտանիք աքսորվեց Սիբիր։ Ի՞նչ կլինի, ուրեմն, խեղճ հայության վիճակը ձմեռվա երկար գիշերներին, երբ այն տեւում է մինչեւ տասնվեց ժամ:

Շաբաթ 10- Մի վաղեմի ընկերոջ պատահեցի փողոցում։ Եթե կենդանի լինեինք՝ մեր խոսելիքին վերջ չէր լինի, բայց որովհետեւ մեռած էինք, ոչինչ չխոսեցինք։ Ես բերանս բացի մի բան ասելու, բայց որովհետեւ դիմացինս գիտեր ինչ պիտի ասեի՝ նորից փակեցի բերանս։

Նույնն արեց նա։ Բայց որպես հոգեդարձ մեռնողներ, այնուամենայնիվ խոսեցինք։

Նա ասաց.
-Մեռանք:
Ես ասացի.
-Այո՛, մեռանք այդ բառի ամենավատ իմաստով, որովհետեւ իսկական մեռելները չեն զգում, որ մեռել են, իսկ մենք զգում ենք:

«Առավոտ» օրաթերթ
20.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Հատուկ շնորհակալություն գլխավոր խմբագրին եւ գրական Առավոտի պատասխանատուներին։ Հուսով եմ սրանով չեք սահմանափակվի։ Արժե սերունդներին ցույց տալ սեփական պատմության իրական պատկերը՝ գոնե սեփական սխալների վրա կարողանանՔ սովորել։
    Հարգանքներով։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031