Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ ձեւաչափում համախմբվելու դեպքում ազգայնական ուժերը կարող են հաղթանակի մասին մտածել»

Մարտ 22,2021 13:30
Mexak Gabrielyan

«Պայմանավորվել Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, որպեսզի նրանք էլ ռազմական բազաներ տեղակայեն Հայաստանում, իսկ զորամիավորումները համալրեն իրենց քաղաքացի ազգությամբ հայերից, որը կարծում եմ՝ շատ իրատեսական է, եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ միմյանց հակադրվող Ռուսաստանը մի կողմից, իսկ Արեւմուտքը, հանձինս Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի, մյուս կողմից, Արցախի հարցում համագործակցում են». «Առավոտի» զրուցակիցն է ԳԽ (1990-1995թթ.) նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:

Սկիզբը՝ նախորդ համարում:

– Կարծում եք, հիմա Հայաստանում հնարավո՞ր է ազգայնական ուժերին միավորվել մեկ ընդհանուր ձեւաչափի ներքո:

– Այո, համարում եմ, որ հնարավոր է եւ պարտադիր է, որ նրանք ընտրություններում մեկ ձեւաչափով հանդես գան: Մեկ ձեւաչափով հանդես գալու դեպքում նույնիսկ հաղթանակի մասին կարելի է մտածել: Մարդիկ, որոնք հասարակության մեջ հեղինակություն ունեն եւ մտահոգված են երկրում ստեղծված իրավիճակով եւ նույն գաղափարներն են կրում, պետք է նախաձեռնեն եւ իրականացնեն այդ միավորումը: Պետք է այս իշխանության կոպիտ սխալը չկրկնել եւ այդ ձեւաչափում ընդգրկել բոլոր խավերի եւ տարիքի կարող ազգայնական ուժերին եւ անհատներին:

– Ձեր կարծիքով, ո՞վ կարող է այդ գործընթացը նախաձեռնել:

– Այդ ուժերից այսօր ամենաակտիվ վիճակում են ՀՅԴ-ն, «Սասնա Ծռերը», ԱԻՄ-ը: Այդ միավորման գործը կարող է նախաձեռնել, օրինակ, փորձառու ազգային-քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետների միության նախագահ, փորձառու քաղաքական գործիչ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ազգային գործիչ, հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանը, Ազգային ժողովրդավարական բեւեռի մի շարք անդամներ եւ այլն: Կարող են եւ չեզոք մարդիկ նախաձեռնել, որոնք կիսում են ազգայնական գաղափարախոսությունը եւ հեղինակություն են վայելում հասարակության եւ քաղաքական ուժերի մեջ:

– Ենթադրենք արտահերթ ընտրություններում ազգայնական ուժերը հաղթում են, իսկ ինչպես պետք է կառավարեն պետությունը, չէ՞ որ ասպարեզում եղած գործիչների մեծ մասը պետական պաշտոններ չեն զբաղացրել եւ պետական գործունեությամբ չեն զբաղվել, որպեսզի չկրկնվի հեղափոխական իշխանության սխալը:

– Այդ հարցում կարող ենք չմտահոգվել: Նրանց մեծ մասը այժմ էլ ցուցաբերում են իսկական պետական գործչին յուրահատուկ դրսեւորումներ, մտորումներ եւ վճռականություն: Անձամբ հավատացած եմ, որ ընդամենը ամիսների ընթացքում նրանց աշխատանքի արդյունքները մեր հասարակությանը տեսանելի եւ շոշափելի կլինի: Նրանց մեծ մասը ունի այն, ինչը այժմ խորթ է ներկայիս երիտասարդ իշխանավորներին՝ հայրենասիրություն, անմնացորդ նվիրում իր հայրենիքին եւ ամենակարեւորը, հեռու են գայթակղություններից՝ պարգեւավճարներ եւ այլ վճարներ, ինքնահաստատման խնդիր չունեն, մեծամտությունը խորթ է նրանցից շատերին, մեր եկեղեցու հավատավոր հետեւորդներ են եւ պետության զարգացումն ու առաջընթացը տեսնում են միայն ազգային կարողությունների եւ ներքին հնարավորությունները ի մի բերելու եւ նրա հաշվին: Երրորդ ուժերը՝ ազգայնականների համար, կարող են լինել ընդամենը դաշնակիցներ եւ բարեկամներ:

– Իսկ հնարավոր չէ՞, արդյոք, լինի մի ինչ-որ մարմին, որը կարողանա ճգնաժամային պահերին լուծում առաջարկել եւ հակադիր կողմերին նստեցնելով մի սեղանի շուրջ, համաձայնության բերել:

– Կարծում եմ, ապագա Սահմանադրությունում այդպիսի մարմին կլինի. վերին պալատը կամ սենատը, որը կազմված կլինի մարզերից երկուական եւ սփյուռքի համայնքներից՝ յուրաքանչյուրից նույնպես երկուական պատգամավորներից:

Անկախ Սահմանադրությունից, կարծում եմ՝ ճիշտ կլինի Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ ստեղծել Ավագների խորհուրդ, նմանատիպ խնդիրները եւ համապետական այլ խնդիրներ ու ծրագրեր կարգավորելու համար: Ավագների խորհրդի մեջ կընդգրկվեն որեւէ կուսակցության անդամ չհանդիսացող, հասարակության շրջանում հեղինակություն վայելող՝ մշակույթի, գրականության, գիտության եւ այլ բնագավառներում ազգային նշանակալից վերելքների հասած անձինք (օրինակ, Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Չեքիջյան, Հասմիկ Պապյան), որոնց խոսքը՝ որոշումը պետք է կատարվի բոլորի կողմից: Սա կարող է դառնալ վերկառավարման մի մարմին եւ ժամանակի ընթացքում կարելի է ավելի հստակեցնել այդ խորհդում ընդգրկվող անձնավորությունների չափանիշները եւ նաեւ, թե ովքեր չեն կարող ընդգրկվել. օրինակ, իմ կարծիքով, վաշխառուական կապիտալի ներկայացուցիչները:

– Պարոն Գաբրիելյան, Հայաստանի անվտանգության ապահովման խնդրի հետ կապված եւս մեկ հարց, քանի որ դա մեր ժողովրդի եւ պետության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրն է: Ինչպիսի ելքեր գտնել, քանի որ մեր զինված ուժերը վերակառուցելու, ժամանակակից զինտեխնիկայով հագեցնելու եւ մարտական վիճակը բարձրացնելու նպատակով ժամանակ է անհրաժեշտ, իսկ թուրքական սպառնալիքը չի վերացել:

– Ճիշտ եք, այդ նպատակով, բացի Ռուսաստանի հետ անվտանգության նույն համակարգում գտնվելը, ունեցած փոխադարձ պայմանագրերը եւ պարտավորությունները, որոնց շատ դրույթներ պետք է կատարելագործել եւ գործնական դաշտ բերել, կարծում եմ, Հայաստանը պետք է սկսի ակտիվ քաղաքականություն վարել Մինսկի խմբի եռանախագահող պետությունների հետ: Փաստորեն, եռանախագահների միջնորդական գործունեությունը թուրքական կողմը հաշվի չառավ, իսկ նրանցից միայն Ռուսաստանը այդ փուլում ի վիճակի եղավ գործուն մասնակցություն ցուցաբերել եւ ուշացած հրադադար հաստատել: Անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի անվտանգության աստիճանը, այդ նպատակով ներգրավել Մինսկի խմբի մյուս համանախագահներին՝ Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին:

Պայմանավորվել Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, որպեսզի նրանք էլ ռազմական բազաներ տեղակայեն Հայաստանում, իսկ զորամիավորումները համալրեն իրենց քաղաքացի ազգությամբ հայերից, որը կարծում եմ՝ շատ իրատեսական է, եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ միմյանց հակադրվող Ռուսաստանը մի կողմից, իսկ Արեւմուտքը, հանձինս Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի, մյուս կողմից, Արցախի հարցում համագործակցում են: Պետք է հասնել նաեւ նրան, որ ռուսական ռազմաբազաների զինծառայողները նույնպես համալրվեն Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացիներից: Իսկ ընդհանրական մոտեցում ցուցաբերելու դեպքում, պետք է Հայաստանը՝ հայկական հարցը դարձնենք այն առանցքը, որպեսզի աշխարհի գերտերությունները ոչ միայն համագործակցեն այդ առանցքի շուրջը, որը առ այսօր կատարվել է արցախյան հարցում, այլեւ այն դարձնեն միմյանց հետ երկխոսելու բացառիկ օրակարգ, որը կարող է միջոց դառնալ նաեւ այլ հարցերում նույնպես բանակցելու եւ եզրեր գտնելու ու մեղմացնելու նրանց միջեւ առկա առճակատումը եւ համաշխարհային հակադրվող մթնոլորտը:

– ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները լարվածության նոր փուլ են մտնում, արդյո՞ք դա չի կարող վատ անդրադառնալ Հայաստանի ապագայի վրա:

– Կարծում եմ, ամերիկա-ռուսական հարաբերությունների խաղը այս անգամ էլ է օգտագործելու Թուրքիան: Ի վերջո, Թուրքիան նետվելու է ԱՄՆ գիրկը, ինչպես միշտ է արել՝ կողմերից քաղել է առավելագույնը եւ նետվել հեռանկարային առումով հաղթողի գիրկը: Ահա այստեղ է, որ մեր ապագա իշխանությունը պետք է շատ լուրջ աշխատանք կատարի: Ինչո՞ւ պետք է այլք մեր շահերի տեսանկյունից հանդես գան, եթե մենք չենք կարողանալու գտնել մեր շահերը ներկայացնելու բանաձեւը եւ դերի բարձրացման ուղիները: 2020թ. նոյեմբերը մեր տարածաշրջանային դերակատա-րության վերաբերյալ լուրջ հարված հասցրեց, եթե մինչեւ պատերազմը կարող էինք հայտ ներկայացնել դերակատարություն ստանձնելու համար, այժմ դեռեւս անհայտ ժամանակով չենք կարող, որովհետեւ մեր բանակը ցույց տվեց, որ մարտունակ չէ եւ այս պահին պատրաստ չէ լուրջ պատերազմի, հասարակություն էլ ընկել է ընկճախտի մեջ, իսկ իշխանությունն էլ ունակ չի եւ չի կարողանում պետությունը դուրս բերել այս վիճակից եւ գոնե կարճ ժամկետում վերակառուցել բանակը:

Այսպիսի անճարակ իշխանություն, աներեւակայելի է պատկերացնել: 1921թ. հակահայ պայմանագրերի առնչությամբ մարտի 17-ին Ռուսաստանը խայտառակ ձեւով վերահաստատեց հարյուր տարի առաջ Հայաստանի դեմ գործած իր հանցագործությունը՝ Հայաստանի տարածքների նվիրաբերումը Թուքիային, իսկ մեր իշխանությունը ոչ միայն արժանի պատասխան չի տալիս, այլեւ ծպտուն չի հանում, որպես թե ինքը Հայաստանի իշխանությունը չէ: Ի՞նչ անուն դնենք սրան, մի՞թե Հայաստանի ինքնիշխանությունը վերացել է: Ես հակված եմ այն կարծիքին, որ մեր իշխանությունը տարրական պատկերացում անգամ չունի Հայաստանի շահերի մասին:

Եթե նախկին իշխանությունները մտածված էին ստեղծել այնպիսի համակարգ՝ քրեաօլիգարխիկ՝ վաշխառուական տնտեսական կարգ, որի հետեւանքով տնտեսությունը չէր կարող զարգանալ, այս նոր իշխանության պարագայում նույնպես որեւէ առաջընթաց չգրանցվեց տնտեսական կարգը փոխելու եւ արդյունաբերություն ստեղծելու համար: Այդ պատճառով էլ պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ եւ անկախ ընտրությունների արդյունքից, կազմել կարող կառավարություն, հաշվի չառնել նրանց կուսակցական պատկանելությունը, հաշվի առնել միայն նրանց բանիմացությունը՝ բնագավառից, մտավոր եւ կազմակերպչական կարողությունները եւ նպատակամղվածությունն ու նվիրվածությունը հայրենիքին: Կարող եմ թվարկել բազմաթիվ հանգամանքներ, սակայն ընդհանուր ուրվագծով կարծում եմ՝ բավարար է: Այստեղ մեծ դերակատարություն կարող է ունենալ այն վերկառավարական մարմինը, որի մասին խոսեցինք:

Այս դեպքում ազգայնական իշխանությունը կարող է ներկայացնել Հայաստանի շահերից բխող ծրագրեր եւ մոտեցումներ, աշխարհի տարբեր ուժային կենտրոնների հետ հարաբերությունները համադրելու եւ նաեւ Հայաստանի շահերը առաջ տանելու համար:

Զրույցը`
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
20.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031