Դիլիջան բժշկական կենտրոնի բժիշկ-թերապևտ Կարինե Ավագյանը Aravot.am – ի հետ զրույցում նախազգուշացրել է, որ եթե հանրությունը շարունակի չպահպանել կորոնավիրուսային համաճարակը կանխարգելող կանոնները՝ վիրուսի երրորդ ալիքն անխուսափելի կլինի։
Բժշկուհու հավաստմամբ Դիլիջանում կան վարակակիր քաղաքացիներ, որոնցից միայն ծանր վիճակում գտնվողներին է հաջողվում տեղափոխել Երևանի համապատասխան հիվանդանոցներ․
«Ես անգամ մի ծանր հիվանդ ունեի, որին մեծ դժվարությամբ կարողացանք տեղափոխել Երևան, քանի որ հիվանդանոցներում ազատ հիվանդասենյակ չէր գտնվում։ Իսկ թեթև վիճակում գտնվող հիվանդների համար մենք ունենք նշանակված բուժքույրեր, որոնք տնային այցերի միջոցով կարողանում են համապատասխան բուժօգնություն ցուցաբերել»։
Ըստ բժշկուհու՝ այս պահին Դիլիջանում վիրուսի մեծ աճ չի արձանագրվել, սակայն միտում կա, որ նորից վարակի ալիք կբարձրանա, քանի որ քաղաքացիների մեծ մասը դադարել է դիմակ կրել և չի պահպանում վիրուսի կանխարգելման հիմնական կանոնները։
Կարդացեք նաև
Խոսելով վիրուսի դեմ հակամարմնի պատվաստման մասին՝ բժշկուհին վստահեցրեց, որ դա միակ միջոցն է այս համաճարակը հաղթահարելու և մարդկանց վախը պատվաստման վերաբերյալ անհիմն է․«Ես անձամբ առաջիններից կլինեմ, որ պատվաստում կստանամ»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ