Մարինարա թանձրուկը, թերեւս, ամենատարածված իտալական սոուսներից է, այն ոչ միայն պաստաների (մակարոնեղենի) եւ պիցցաների կարեւորագույն «ընկերներից» է, այլեւ բազմաթիվ այլ սոուսների պատրաստման համար հիմք է հանդիսանում:
Մարինարայի ծագման վերաբերյալ երկու տարբեր լեգենդ կա: Ըստ առաջինի՝ այն ստեղծվել է Նեապոլի գինետներում՝ որպես շատ արագ եւ շատ մատչելի սոուս՝ պաստաների հետ մատուցելու համար՝ նավաստիներին կերակրելու նպատակով: Մեկ այլ տարբերակով էլ, թանձրուկի հեղինակը նավի խոհարարն է եղել՝ «կուկ»-երը, որոնք, օգտվելով առիթից, որ լոլիկի թթվայնության շնորհիվ այս թանձրուկը շատ ուշ է փչացել, պատրաստել են այս սոուսից հսկայական քանակով եւ վերցրել հետները դեպի բաց ծով՝ երկար ճամփորդությունների ժամանակ:
Այս սոուսը պատրաստվում է շատ արագ եւ շատ քիչ բաղադրիչներից՝ լոլիկ, սխտոր, բուսական յուղ եւ չորացրած օրեգանո: Ի դեպ, իտալացիները շատ խանդով են վերաբերվում իրենց ազգային ուտելիքների բաղադրությանը, միայն տեսնել է պետք, թե ինչպես են նրանք վրդովվում, երբ այլազգի խոհարարները մարինարա սոուսի պատրաստման տեսանյութեր են հրապարակում, որտեղ բաղադրության մեջ ե՛ւ սոխեռած կա, ե՛ւ գազար, երբեմն նույնիսկ՝ նեխուր կամ որեւէ այլ բան:
Մարինարայի պատրաստման համար պետք է վերցնել սեփական հյութի մեջ պահածոյացված լոլիկներ, որոնք կարող են լինել ինչպես ամբողջական, այնպես էլ, ցանկալի է՝ կտրատած (crushed tomatoes), կամ պյուրե դարձրած (իր խտությամբ տոմատի մածուկի եւ տոմատի հյութի մեջտեղը գտնվող լոլիկի պյուրեն կոչվում է passata եւ կարելի է գտնել Երեւանի սուպերմարկետներում): Իհարկե, ամռանը եւ վաղ աշնանը կարելի է պատրաստել նաեւ թարմ լոլիկներից, բայց էդ դեպքում շատ երկար պիտի եփել՝ 1-1,5 ժամ: Լցրեք լոլիկները կաթսայի մեջ, ավելացրեք սխտորը, ձիթապտղի յուղն ու չորացրած օրեգանոն եւ դրեք կրակին առնվազն 10-15 րոպեով: Եթե ուզում եք սոուսը լինի թթվաշ՝ այդքան ժամանակը բավարար է, իսկ եթե ուզում եք քաղցրանա, թողեք եփվի 30-40 րոպե:
Կարդացեք նաև
Սովորաբար ես մարինարան պատրաստում եմ բավականին շատ, քանի որ առնվազն մեկ շաբաթ սառնարանում կարող է պահվել, եւ ցանկացած պահի եփել մակարոնեղեն կամ բրինձ, ավելացնել թանձրուկը եւ վայելել: Կամ՝ լոշիկի վրա քսել երկու-երեք գդալ մարինարա, վրան պանիր քերել եւ դնել ջեռոցը՝ կդառնա արագ պիցցա: Իսկ եթե ունեք սառցարանում պահված պիցցայի կամ նաան հացի խմոր՝ էլ ավելի համեղ պիցցա կստանաք:
Պատրաստման մանրամասները դիտեք տեսանյութում.