Այս օրերին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում ՌԴ երկրամասի հայկական համայնքի ղեկավար, հայ-ռուսական հասարակական գործիչ Արթուր Խաչատրյանը, որը հայրենիքի այս ճգնաժամային պայմաններում պատրաստակամ է իր կարողությունները, փորձն ու գիտելիքները ներդնել՝ իր նպաստն ու աջակցությունը բերելու մեր երկրի առջեւ ծառացած ներազգային, քաղաքական խնդիրներին պատշաճ լուծում գտնելու համար:
Այդ նպատակով նա հանդիպումներ է ունեցել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ՝ բարձր գնահատելով նրանց ներդրած ջանքերը մեր երկրի սահմանների պաշտպանության ու հաղթանակների ամրագրման հարցում: Հանդիպումների ընթացքում Արթուր Խաչատրյանը քննարկել է Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, հետպատերազմյան խնդիրները ու կոչ արել նախագահներին իրենց հարուստ կենսափորձն ու ողջ ներուժը ներդնել՝ երկիրը հետպատերազմական ցնցումներից հետ պահելու, տնտեսական, բարոյական ու հոգեբանական ճգնաժամից դուրս գալու համար. «Ես երկու նախագահներին առաջարկեցի իմ անվերապահ աջակցությունը ցանկացած հարցում, որը կօգնի դիմակայել մեր հայրենիքի զարգացմանը խոչընդոտող մարտահրավերներին: Հայաստանում եւ սփյուռքում բնակվող հայերի, ինչպես նաեւ արցախահայության միասնական ջանքերը համախմբելով՝ մենք կարող ենք ճիշտ ճանապարհ գտնել՝ ներքաղաքական խնդիրները հաղթահարելու եւ մեր երկիրը դուրս բերելու ստեղծված իրավիճակից»,- ասաց պարոն Խաչատրյանը:
Հանդիպումների շարքը Արթուր Խաչատրյանն ամփոփել է մեր սրբավայրում՝ Մայր աթոռում՝ հանդիպելով Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Արթուր Խաչատրյանը գտնում է, որ պատերազմում մեր պարտության հիմնական ու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ մենք վերջին տարիներին չկարողացանք ճիշտ գնահատել մեր հոգեւոր արժեքները, մեր իրական հարստությունը ու հեռացանք մեր արմատներից. «Մեր գլխավոր հարստությունը քրիստոնեական արժեքներն են, որոնց մենք դավանում ենք: Մինչդեռ, վերջին շրջանում տեսնում ենք, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերում, այն ատելության մթնոլորտը, միմյանց վարկաբեկելու ու զրպարտելու փորձերը, ընտանեկան արժեքները ոտնահարելը, կանանց, երեխաների կողմից հայհոյախառը գրառումները վկայում են այն մասին, որ մենք բարոյական խորը ճգնաժամի մեջ ենք ու արժեքային համակարգի առումով անկում ենք ապրում: Այդ ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանի: Պատմական ամենածանր ժամանակաշրջաններում հայ ազգը գոյատեւել է իր հոգեւոր բարձր արժեքների շնորհիվ, եկեղեցու հետ կապի ամրապնդմամբ ու հավատարիմ մնալով քրիստոնեավայել կեցվածքի էությանը: Այս գիտակցումով էլ ես հանդիպեցի վեհափառ հայրապետի հետ՝ խնդրելով, որ աղոթի մեր ազգի լայնախոհության ու ճիշտ ուղու համար»,- ասաց պարոն Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում Արթուր Խաչատրյանն ասել է, որ այսօր անելիք ունի մեզանից յուրաքանչյուրը: Մենք, լինելով հայ հասարակության մի մասնիկը պետք է այս դժվար օրերին ջանք ու եռանդ չխնայենք՝ հոգեւոր արժեքները քարոզելու ու հայ ազգին համախմբելու, տարատեսակ պառակտումներից հեռու պահելու համար. «Մեր ազգը պետք է վերադառնա իր արմատներին, վերարժեւորի իր անցած ճանապարհը ու պատմությունից դասեր քաղի»:
Կարդացեք նաև
Արթուր Խաչատրյանը` որպես Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետեւորդ, բարձր է գնահատել վեհափառի երկարամյա անմնացորդ նվիրվածությունը եկեղեցուն ու նրա ներդրած ավանդը՝ հայ հոգեւոր ժառանգության պահպանման ու տարածման հարցում:
Կաթողիկոսը հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել, որ այսօր երկրում ներքաղաքական ճգնաժամ է ու պետք է գտնել այնպիսի ճանապարհ, որը երկիրը զերծ կպահի անհարկի վայրիվերումներից ու քաղաքացիներին չի տանի բախումների: Նա հայտնել է, որ այսօր մեր առաջնային խնդիրը գերիների ու անհետ կորածների հարցն է ու եկեղեցին ամեն օր աղոթք է հղում առ Աստված՝ նրանց առողջության, անվնաս ու շուտափույթ հայրենիք վերադարձի համար: Եկեղեցին էլ փորձում է իր կապերն օգտագործել՝ հնարավոր բոլոր միջոցներով նպաստելու, որ օր առաջ հետպատերազմյան խնդիրները հաղթահարվեն:
Վեհափառն ընդգծել է, որ պատերազմի այս արհավիրքից հետո տագնապի ծանր օրեր ենք ապրում։ Հազարավոր մեր հերոս զավակների նահատակությունը, պատմական Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, արտաքին վտանգները մեզ նոր փորձությունների առաջ են կանգնեցրել ու խաթարել ազգային միասնականությունը հայրենիքում ու սփյուռքում:
Արթուր Խաչատրյանն էլ նշել է՝ հաշվի առնելով, որ արցախյան այս պատերազմը սրբազան գոյապայքար էր՝ ոչ թե հանուն տարածքի, այլ՝ հանուն ապրելու ու կենսագործունեության, դա պայքար էր՝ մեր հոգեւոր արժեքները պահպանելու, ուստի կարեւոր է, որ քրիստոնեական ողջ հոգեւոր հանրությունը համախմբվի ու ոտքի կանգնի՝ ի պաշտպանություն այդ արժեքների:
Նա նաեւ ընդգծել է, որ Արցախյան պատերազմում անդառնալի կորուստներից հետո վտանգի տակ է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլ առհասարակ մեր հոգեւոր կյանքի գոյությունը. «Վերջին մի քանի տարիներին անընդհատ եկեղեցու վարկն ու հեղինակությունը հարվածի տակ է դրվել: Ես, լինելով հոգեւոր արժեքների ջատագով, անթույլատրելի եմ համարում որեւէ ոտնձգություն մեր հավատքի ու մեր դավանած արժեքների դեմ: Մենք իրավունք չունենք մեր նահատակված հերոսների վառ հիշատակը եւ նրանց նվիրական երազանքները մոռացության մատնենք: Մենք պետք է ուխտ անենք մեր սրտերում ու համախմբվենք՝ գործելու հանուն մեր հայրենիքի զարգացման ու մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի»:
Արթուր Խաչատրյանը խնդրել է վեհափառին իր օրհնությունը տալ, աղոթել Կամչատկայի հայ համայնքի, ՌԴ-ի ու առհասարակ սփյուռքի հայ համայնքի համար՝ միաբանվելու ու Աստծո օգնությամբ վերագտնելու մեր հոգեւոր ճիշտ ճանապարհը: