Խոհուն լռության մեջ է մնացել նրա հայացքը, աչքերի կանչը` կարոտի անափ ծփանքի եզրին… ու մի հարց է տալիս երկինքը, ինքն էլ պատասխանում.
-Գիտե՞ք հերոսներն ինչպես են ննջում… Հերոսակա՛ն, այո, առանց մի խոսքի, ավելորդ շարժման, բայց հերոսական։
Պատմությանս հերոսը իր խիզախության մեջ բացառիկ էր, կերպարը` օրինակելի։ Օնիկ Հովսեփյանը ծնունդով Արցախի Մարտունի քաղաքից էր։ 1989 թվականի հունվարի 1-ին Մարտունու ծննդատանը լսվեց նորածին Օնիկի ճիչը։ Ո՞վ իմանար, որ հերոս է ծնվել։
Կարդացեք նաև
Օնիկի մանկությունը, պատանեկությունն անցավ բարի ժպիտով, աշխույժ։ Դեռ մանկուց էր արդարություն սիրում։ Ծննդավայրի Նելսոն Ստեփանյանի անվան թ. 1 հիմնական դպրոցում աչքի էր ընկնում իր պատասխանատվությամբ և կազմակերպչական ջիղով։ Նաև Արվեստի դպրոցի դհոլի բաժինն է գերազանցությամբ ավարտել: Դպրոցն ավարտեց և ընդունվեց Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։ Կիսատ թողնելով ուսումը` պարտադիր ժամկետային ծառայության է անցել։ Իր ծառայության ընթացքում արժանացել է մի շարք գովասանագրերի։
Օնիկի ապրած կյանքը ողբերգորեն կարճ էր, բայց իմաստալից ու հաստատուն։ Նա հասցրել էր ընտանիք կազմել ու որդի ունենալ։ Հիմա որդին հպարտությամբ պիտի կառչի այս հողին, որը հայրը պահեց ու փայփայեց՝ մեկ վայրկյան հետ չնայելով ու չխնայելով իրեն։
«Օնիկն էությամբ շատ պարզ էր, ընկերասեր, ընտանիքը սիրող, բոլորին ձեռք մեկնող, նվիրված, արդար, ազնիվ, նպատակասլաց, գեղեցիկը կրող ու գնահատող»,-այսպես են պատմում։
Բոլոր հարցերում զուսպ էր, աշխատասեր ու բարեկիրթ։ Մի խոսքով` լավագույն արժեքների կրող էր։
«Եղբորս մասին կարելի է շատ խոսել,-ասում է հերոսի քույրը` Վեհանուշ Հովսեփյանը՝ շարունակելով,- Նա ամեն տեղ սպասված ու սիրված էր, հարգված բոլորի կողմից։ Նրա ներկայությունն ուրախություն էր պատճառում ամենքին»։
Օնիկի բարեսրտությանը չափ չկար։ Դրա մասին են փաստում ընկերներն ու հարազատները` չհամակերպվելով ներկա իրողության հետ։
«Առանց Օնիկ էլ ի՞նչ կյանքի գույներ,-ասում են,-Նա մարդկային բացառիկ որակներ ուներ, ինքն իրենով էր գեղեցկացնում ամեն ինչ»։
Հերոս հայորդին առաջին հերթին նվիրված ընտանիքի հայր էր։ Իր մինուճար որդու` Դավիթի համար արել է ամեն ինչ։
Օնիկի հայրենասիրության դրսևորումները բազմաթիվ են, սխրանքը` անքննարկելի։ 2016 թվականի ապրիլին, երբ երկրի սահմանները վտանգված էին, նա շտապեց առաջնագիծ` պաշտպանելու ու հաղթելու նենգակալ ոսոխին։ Նույն կերպ էլ Արցախյան այս պատերազմի առաջին իսկ օրից կամավորագրվել ու անցել է հող հայրենիի պաշտպանությանը։
Սպանվում է և առյուծը, առյուծությունը` երբեք: Նժդեհի այս խոսքերն են գալիս փաստելու այն, որ նրա հերոսությունների շարքն անսպառ է։ Օնիկը փրկել է բազմաթիվ վիրավորների կյանքեր` անգամ ամենաթեժ պահերին։
«Նույնիսկ մարտադաշտում՝ մասնակցելով ամենաթեժ մարտերին, զուգահեռ նաև վիրավորներ է հանել մարտադաշտից և արտահերթ կրակոցների ներքո զինվորներին հասցրել հիվանդանոց»,-պատմում է Օնիկի մարտական ընկերը։
Հրամանատար, Մարտունու Մոնթե. պատերազմի ժամանակ այսպես էին դիմում Օնիկին։ Հիմա էլ, բայց մեծ ցավով։
Կապ հաստատեցի նրա ընկերների հետ, ովքեր առանձնակի հպարտությամբ են խոսում Օնիկի մասին՝ նրան բնորոշելով լավագույն բառերով։ Նա իր կյանքն ապրեց պատվով։
«Օնիկը գլխի շրջանում էր վիրավորում ստացել,-պատմում է ընկերը՝ ավելացնելով․- Մեր Օնիկը զոհվելուց րոպեներ առաջ խնդրեց, որ նկարենք իրեն։ Նաև ակնարկում էր, որ այն կարող է վերջինը լինի»։
Մարտունու՝ իրենց վստահված հատվածում յոթ հոգով թշնամու անթիվ ահաբեկիչների դեմ էին կռվում։ Երբ լուր ստացան, որ ընկերներից Սեյրանը վիրավոր է, և տղաների օգնությունն է պետք` Օնիկը կրկին իրեն հատուկ ձևով, առանց երկմտելու գնաց փրկելու վիրավոր ընկերոջը` մարտերի ամենաթեժ հատվածներ հասնելով։
«Երբ շտապում էր Սեյրանին օգնելու, ընկերներից Սլավիկը դեմքի շրջանում լուրջ վիրավորումներ ստացած դեպի իրեն էր գլորվում։ Վերջինս տարբեր շարժումներով ուզում էր Օնիկին հասկացնել, որ մոտ չգնա, որովհետև վտանգավոր էր այդ գոտին, բայց Օնիկն իր ընկերասիրության չափանիշը վեր դասելով ամեն ինչից` մոտեցավ նրան»,-պատմում է ընկերներից Արամը:
Ցավոք, հենց այդ ժամանակ ոսոխի դիպուկահարի կրակոցից հերոսական մահով ընկավ Օնիկը` Մոնթեաբերդի հսկա պաշտպանը։
Օնիկը վստահորեն էր ապրում երկրային կյանքում, երևի հիմա այդ նույն վստահությամբ երկնային կյանքում իր պաշտելի Հայրենիքին է նայում ու մեզ։ Իսկ ո՞ւր է, թե երկինքը շատ մոտ լիներ ու մեր հերոս տղաներին տեսնելու հնարավորություն ունենայինք։
Օնիկի զոհվելու վայր ընկերները մեծ ցավով են այցելում, որտեղ իրենց իսկ նախաձեռնությամբ խաչքար է տեղադրվել` սիրելի ընկերոջ վառ հիշատակին։
«Մենք հարևաններ էինք, բայց առաջին հերթին՝ հալալ եղբայրներ: Օնիկի քրոջ ծնունդն էր նոյեմբերի իննին, մի կտոր հաց էինք ուզում ուտել ընկերներով: Մարտունու վրա, երբ հարձակումը եղավ վերջին օրը, մեզ զանգեցին, շտապեցինք և դուրս եկանք տնից, որ հասնենք դիրքեր: Օնոն զենքը մոռացել էր, այնքան էր շտապում, որ ձեռքին միայն նռնակ էր: Գնացինք դիրքեր, մարտերը թեժ էին: Մենք աջ կողմում էինք, Օնոն էլ էր մեզ հետ, մի 10 մետր իրարից հեռու էինք՝ մինչև Սլավիկի ու Սեյրանի վիրավորվելը-ասում է Արամը՝ շարունակելով,- Այդ ցավոտ պահերին, երբ մոտեցա, որ ընկերոջս՝ Օնոյին հանեմ մարտադաշտից, արդեն շատ վատ վիճակում էր: Դրեցի մեջքիս, բայց, ցավոք… մեր ընկերը կամաց-կամաց աչքերն էր փակում ու հեռանում մեզանից: Օնիկը անհամեմատելի անձնավորություն է: Հիմա չգիտեմ ինչ բառերով բնութագրեմ ընկերոջս: Երևի այս դեպքում բառերը չհերիքեն»:
«Չի եղել մեկը, ով շփվելով Օնիկի հետ որևէ բացասական արտահայտություն անի կամ դժգոհի, որովհետև եղբայրս լուսավոր կերպար է»,-պատմում է քույրը՝ ավելացնելով, որ անցյալով չի ուզում խոսի եղբոր մասին։
Թիկունք էր և՛ քրոջը, և՛ եղբորը։ Երեք երեխաներով անդավաճան ընկերներ էին` իրար օգնող, աջակցող, նվիրված, իրար հետ խորհրդակցող, իրար խնդիրներ լուծող։ Մայրը Օնիկի սրբությունն ու անփոխարինելին լինելով` ամեն ինչից վեր էր։ «Երանի այն ծնողներին, ովքեր կկարողանան Օնիկի պես կատարյալ որդի դաստիարակել»,-ասում են նրան ճանաչողները։
Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի վերջին օրը Օնիկը անմահացավ ամենաթեժ մարտում։ Նա մինչև վերջ կանգնեց ու իր բաժին հաղթանակը կերտելու:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ