Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը թատերասերներին ընձեռում է նոր, հրաշալի կատակերգություն դիտելու հնարավորություն: Մարտի 26-ին և 27-ին հանդիսատեսի դատին կհանձնվի ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը:
Բեմադրությունն ու նկարչական ձևավորումը Սարգիս Մանուկյանինն է, երաժշտական ձևավորումը կատարել է Արեն Օսիպյանը:
Ս. Մանուկյանի խոսքով՝ կատակերգությունն ընտրել է որպես դեղահաբ, որպես հակադեպրեսանտ՝ ակնկալիքով, որ ներկայացման հանդիսատեսը մի փոքր թեթևանալու ու լիցքաթափվելու հնարավորություն կունենա:
Բեմադրությունը անհատ-հասարակություն բարդ փոխհարաբերությունների ու հասարակական ընկալումների մասին է, որտեղ հետաքրքիր իրավիճակային լուծումներով արտացոլված են նաև այսօրվան բնորոշ բարքերն ու ընկալումները:
…Յուրաքանչյուր չորեքշաբթի մեծահարուստ երիտասարդների մի խումբ կազմակերպում է հանդիպում «հիմարի» հետ: Եվ ում «հիմարը» համոզիչ է, նա ստանում է մրցանակ: Երբ հերթը հասնում է Բրոշանին, նա շատ է ուրախանում, քանի որ վերջերս էր ծանոթացել մի «հիանալի» հիմարի հետ: Նա համոզված է, որ մրցանակն իր գրպանում է լինելու, բայց իրադարձությունները այլ կերպ են զարգանում…
Ֆրանսուա Պինյոնին (հիմարին) մարմնավորում է թատրոնի երիտասարդ դերասան Հակոբ Դեմիրճյանը, հրատարակիչ Պիեռ Բրոշանի կերպարը կերտել է Ժիրայր Գաբրիելյանը:
Ներկայացման մեջ ներգրավված են նաև Համլետ Գյուլզադյանը՝ Արշամբոյի, Վահրամ Խառատյանը՝ Լուսիեն Շովալի, Արման Սաքանյանը՝ Ժուստ Լյոբլանի, Մարիամ Ղևոնդյանը՝ Կրիստինա Բրոշանի, Տաթև Պետրոսյանը՝ Մառլենի դերում:
ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ