Լրահոս
Օրվա լրահոսը

Կորտիզոլի օպտիմալ մակարդակը՝ սթրեսի կառավարման բանալի

Մարտ 21,2021 23:00

Կորտիզոլը ստերոիդային բնույթի հորմոն է, որն արտադրվում է մակերիկամների կեղևային շերտի կողմից և կարգավորում է օրգանիզմի ֆունկցիաները սթրեսային իրավիճակներում և գլյուկոզի ցածր մակարդակների դեպքում։

Պատահական չէ, որ այն անվանում են «սթրեսի հորմոն», քանի որ արտադրվում է այն ժամանակ, երբ մարդու մոտ առաջանում է «խփելու կամ փախչելու» անհրաժեշտություն։ Շատերը կորտիզոլը վնասակար հորմոն են համարում, քանի որ այն նպաստում է պզուկների, ավելորդ քաշի, զարկերակային բարձր ճնշման առաջացմանը, սակայն այս հորմոնի ճիշտ մակարդակը կենսական նշանակություն ունի։

Կորտիզոլի սինթեզը, ինչպես արդեն նշվեց, շատ կարևոր է, քանի որ օգնում է պահպանել աշխատունակությունը, եռանդը, ինչպես նաև հարմարվել շրջակա միջավայրի փոփոխություններին, սակայն կորտիզոլի բարձր մակարդակն օրգանիզմում իսկապես վնասակար է։

Օրգանիզմում կորտիզոլի բարձր մակարդակի առաջացման հիմնական պատճառներից են կորտիկոստերոիդների շարունակական ընդունումը և սթրեսը։

Կորտիզոլի՝ շարունակական բնույթ կրող բարձր մակարդակը կապվում է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են քաշի ավելացումը, տագնապի մշտական զգացողությունը, քնի խանգարումները, հորմոնալ խախտումները, վերարտադրողական խնդիրները։

Ինչպես նվազեցնել կորտիզոլի մակարդակը բնական ճանապարհով

Հակաբորբոքային դիետա

Արյան մեջ շաքարի բարձր և ցածր մակարդակը, բորբոքումների առկայությունը նպաստում են կորտիզոլի մակարդակի բարձրացմանն ու հորմոնալ այլ խախտումների առաջացմանը։ Հակաբորբոքային դիետան, որը ենթադրում է վերամշակված մթերքների քիչ քանակություն և հակաօքսիդանտներով ու բջջանյութով հարուստ մթերքների գերակշռություն, կօգնի հավասարակշռել հորմոնները։ Այդպիսի սննդակարգը բարենպաստ է անդրադառնում նաև մակերիկամների վրա՝ թույլ տալով պահպանել նորմալ քաշը, առույգությունն ու կանոնավոր քունը։

Սննդային գործոններ, որոնք նպաստում են բորբոքումների և կորտիզոլի բարձր մակարդակի առաջացմանը

Մթերքներ, որոնք օգնում են կորտիզոլի մակարդակի նվազեցմանն ու արյան մեջ շաքարի մակարդակի իջեցմանը․ մրգեր, բանջարեղեն, ձիթապտղի յուղ, ընդեղեն, ցածր յուղայնություն ունեցող սպիտակուցներ, պրոբիոտիկներով հարուստ մթերքներ և այլն։

Սթրեսի կառավարում

Քրոնիկ սթրեսը խիստ բացասաբար է անդրադառնում առողջության վրա՝ ազդելով սրտի, անոթների, իմունային համակարգի, թոքերի, աղեստամոքսային համակարգի, գլխուղեղի, հոգեկան առողջության վրա։ Սակայն սթրեսի կառավարումը, այնուամենայնիվ, հնարավոր է։

Առանց դեղորայքի սթրեսից ազատվելու մեթոդները

  • «Գիտակցված մոտեցում»․ գոյություն ունեն մի շարք մեթոդներ, որոնք թույլ են տալիս կառավարել մարմնի, գլխուղեղի ռեակցիան սթրեսի նկատմամբ։ Մարդը գիտակցված ընտրում է այն զբաղմունքը (սիրելի աշխատանք, հոբբի, նախասիրություն, սպորտ), որն իրեն օգնում է թուլանալ, թոթափել սթրեսն ու լարվածությունը։ Այստեղ մեծ դեր ունի մտքի ուժը։ Օրինակ՝ կան ուսումնասիրություններ ամենօրյա աղոթքը թույլ է տալիս նվազեցնել կորտիզոլի մակարդակը։
  • Ասեղնաբուժություն․ չինական ավանդական բժշկության այս մեթոդը բավականին արդյունավետ է սթրեսի հաղթահարման, կորտիզոլի նվազեցման հարցում։
  • Շնչառական վարժություններխորը շնչառությունն օգնում է կարգավորել սիմպաթիկ նյարդային համակարգի աշխատանքը, թուլացնել օրգանիզմը՝ ակտիվացնելով պարասիմպաթիկ նյարդային համակարգի աշխատանքը։ Սիմպաթիկ նյարդային համակարգը սթրեսային՝ «փախչել կամ պայքարել» ռեակցիան է բանեցնում (հենց այդ ռեակցիան էլ մեզ թույլ է տալիս գոյատևել մեր կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում, օրինակ՝ վագրի հարձակման ժամանակ)։ Իսկ պարասիմպաթիկ նյարդային համակարգը պատասխանատու է անդորրի, թուլացման, մեր ուժերի, աշխատունակության վերականգնման համար։

Կրծքային շնչառությունն օգնում է թոթափել մկանների լարվածությունն ու տագնապի զգացումը։

Սթրեսի հաղթահարմանն օգնում է նաև մաքուր օդում հնարավորինս շատ ժամանակ անցկացնելը, բնության, կենդանիների հետ շփումը, զբոսանքը գետի ափին, կանաչապատ տարածքնրում և այլն։

  • Ֆիզիկական վարժությունները․ ֆիզիկական կանոնավոր վարժություններն օգնում են հաղթահարել սթրեսը, կարգավորել քունն ու նյութափոխանակությունը։
    Վարժությունները հավասարակշռում են նաև հորմոնները․ ժամանակավորապես խթանելով ադրենալինի ու կորտիզոլի արտադրությունը՝ արդյունքում նվազեցնում են կորտիզոլի մակարդակը
  •  Ադապտոգեն (հոգեխթանիչ)  դեղաբույսերի կիրառումը․ ադապտոգեն բույսերն օգնում են բնական ճանապարհով նվազեցնել կորտիզոլի մակարդակը։ Դրանք կարգավորում են հորմոնները, նվազեցնում բորբոքումը, հակասթրեսային ազդեցություն գործում, օգնում կարգավորել զարկերակային ճնշումն ու արյան մեջ շաքարի մակարդակը։ Այդպիսի դեղաբույսեր են մատուտակի արմատը, մարդարմատը, կիտրոնաթուփը, արալիան, էլեուտերոկոկը, ռադիոլան և այլն։
  • Եթերային յուղեր․ եթերային յուղերը նույնպես օգնում են հաղթահարել սթրեսն ու հավասարակշռել հորմոնները։ Նարդոսի, զմռնենու, բերգամոտի եթերայուղերի ակտիվ բաղադրամասերը նվազեցնում են կորտիզոլի մակարդակը, օրգանիզմում առկա բորբոքումը, ամրացնում են իմունային պաշտպանությունը, կարգավորում են քունն ու մարսողական գործառույթները։
  • Քնի կարգավորումը․ որակյալ քունն օգնում է կարգավորել կորտիզոլի սինթեզը։ Կանոնավոր ռիթմ ունեցող մարդկանց մոտ կորտիզոլը բարձրանում է վաղ առավոտյան և նվազում է քնելուց առաջ ու քնի ժամանակ։ Եթե կորտիզոլի մակարդակը բարձր է, կարող են առաջանալ քնի խանգարումներ, տագնապի զգացվում։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

ԱՂԲՅՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031