Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՒ-30»-ների սպեցիֆիկ հրթիռները չենք ունեցել, բայց այդ մասին չի ասվել․ «ՍՈՒ»-երը որպես PR արշավ օգտագործվեցին՝ սկսած վարչապետի սելֆիներից»․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 21,2021 16:05

«Մեզ ասում են` ինչի եք ինքնաթիռ գնել։ Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիս են բերվել և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու չուներ կործանիչ ավիացիա»,-մարզային այցի ժամանակ երեկ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով «ՍՈՒ-30» կործանիչները։

Այս համատեքստում որոշ օգտատերերի ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ դեռեւս 2020 թ․-ի հուլիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը հետեւյալ «ֆեյսբուքյան» գրառումն էր արել․ «Սու 30»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։

Ի հայտ է գալիս հարցադրում՝ եթե «ՍՈՒ-30»-ները չեն ունեցել հրթիռներ, ինչպես երեկ վարչապետը փաստեց, ապա ինչպե՞ս էին հուլիսին կործանիչները գործի դրվել վարչապետի նկարագրած սցենարով։

Aravot.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն այս հարցի վերաբերյալ ասաց․ «Հիմնական մանիպուլյացիան հետեւյալն է․ նախ, «ՍՈՒ-30»-ներն ունեն սպեցիֆիկ հրթիռներ, որոնք մենք չենք ունեցել, եւ դա փաստվեց վարչապետի խոսքից, եւ դրա մասին մի քանի զինվորականներ էին խոսել պատերազմական գործողություններից հետո։ Երկրորդ, ես տեղյակ չեմ՝ իրականում խոցում եղե՞լ է, թե ոչ, բայց ասեմ, որ այդ ինքնաթիռների վրա այլ տիպի հրթիռներ էլ են կարողանում տեղակայել եւ խոցում իրականացնել։ Իհարկե, «ՍՈՒ-30»-ների գլխավոր արժեքը, նշանակությունն ու դերակատարումը հենց սպեցիֆիկ հրթիռների մեջ է, որոնք մենք չենք ունեցել։ Չենք ունեցել, բայց այդ մասին չի հայտարարվել, ավելին՝ այդ ինքնաթիռները որպես PR արշավ՝ երկար ժամանակ օգտագործվել են՝ սկսած վարչապետի սելֆիներից, ավարտած տարբեր թռիչքներով։ Սակայն ինչպես պարզ դարձավ պատերազմական օրերին, դրանք իրականում չեն կիրառվել նրա համար, ինչի համար նախատեսված էին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեկ անգամ էլ եմ գրել,որ հակառակորդի դեմ ամենաարդյունավետ զենքը անակնկալն է…:Իսկ մենք նախօրոք տեղեկացրել էինք ՍՈՒ-երի ձեռք բերման մասին,նրանք էլ հակակշիռ Թուրքիայից Ֆ16 էին բերել իրենց հրթիռներով և արեստավարժ օդաչուներով….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031