Լրահոս
Օրվա լրահոսը

Իր իսկ արյամբ ու քրտինքով ձեռք բերածը և իր ունեցածն ըստ արժանվույն չգնահատող ու մշտապես կորցնող ժողովուրդն ապագա չունի. Կարեն Ճշմարիտյան

Մարտ 20,2021 23:14

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան գրառումը 

Ձեզ կրկին մանիպուլացնում են։

Ընթացող պրոցեսների համատեքստում առավել արդյունավետ կլինի ձեռնպահ մնալ իրողություններից իսպառ կտրված այնպիսի հարցադրումներից, թե` ինչո՞ւ 10 տարում, 20 տարում, կամ 30 տարում Հայաստանն այդպես էլ Գերմանիա, Շվեյցարիա, Իսրայել կամ Նորվեգիա չդարձավ, որ այսինչ համակարգը չներդրվեց, այնինչը չարվեց, և նմանատիպ անհիմն, անտեղյակ ու դատարկ բարբառումներից:

Լիովին բավարար է քիչ թե շատ ողջամիտ ու տեղյակ լինել, թեթև հետ հայացք ուղղել` պարզապես տեղեկանալ, հասկանալ, ընկալել, թե որտեղ էինք 90-ականներին, որտեղ էինք բառացիորեն 15 տարի առաջ կամ 3 տարի առաջ, որտեղ ենք այժմ` բոլոր առումներով, և այդպիսի հարցադրումները հօդս կցնդեն:

Մի քիչ էլ հետ գնալով բոլոր անտեղյակներին անհրաժեշտ է տեղեկացնել նաև 1987-1990 թթ․-ի դատարկ խանութների, նաև` կարագի, շաքարի, մսի և հացի կտրոնների կամ Պավլովյան դրամական խայտառակ ռեֆորմների մասին:

Եվ հիշել…

Իր իսկ արյամբ ու քրտինքով ձեռք բերածը և իր ունեցածն ըստ արժանվույն չգնահատող ու մշտապես կորցնող ժողովուրդն ապագա չունի:

Եվ բավական է…

Պետք է դադարել զբաղվել ինքնախարազանումով միայն այն պատճառով, որ այս ողբերգական իրավիճակի ճարտարապետները, կատարողներն ու խորհրդատուները, այսինքն` իրական պատասխանատու մեղավորները չեն ցանկանում ընդունել իրենց մեղսակցությունն ու անմիջական մասնակցությունը Հայ ազգի նկատմամբ կատարված այս եղկելի ոճրագործության ծրագրմանն ու իրագործմանը:

Մասնավորապես, երբ ասում են` մենք բոլորս մեղավոր ենք… Այո՛, ի սկզբանե մեղավոր ենք, որովհետև բոլորս էլ մարդ ենք, իսկ մարդը մեղսավոր է:

Սակայն այս ազգային ողբերգության համար մեղավոր են միայն և միայն իրական ու գործող պատասխանատուները, և այլևս` ոչ ոք…
Իսկ ժողովրդից` ոչ ոք մեղավոր չէ… Բացառություն են կազմում բոլոր ժամանակների գենետիկ թշնամասերներն ու թշնամահպատակները, գենետիկ պնակալեզներն ու անհայրենիքները, նաև` գենետիկ ծախուներն ու պատեհապաշտները: Ցավոք, նրանց քանակն աննշան չէ, և զգացնել է տալիս:

Մնացած ժողովրդից ոչ ոք մեղավոր չէ, որ իրեն խաբել և խաբում են, ոչ ոք մեղավոր չէ, որ իրեն մանիպուլացրել են, և մանիպուլացնում են:
Բոլոր սովորական մարդիկ էլ ենթակա են այդ ազդեցություններին` մեկը մի քիչ ավել, մյուսը` պակաս, բայց բոլորն էլ ենթակա են, որովհետև մարդ են:
Մարդիկ տարբեր ընդունակություններով ծնվում են, և այդպես էլ ապրում են իրենց կյանքը:
Իմիջիայլոց…

Իսրայելի պես հաջողելու բազմաթիվ ու բազմապիսի ջատագովները թող չհիասթափվեն, սակայն միշտ հիշեն.
Իսրայելի պես կհաջողենք այն ժամանակ, երբ մեր սփյուռքը լրջագույն ազդեցություն կունենա որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի բոլոր քաղաքական որոշումների վրա, այդ թվում` դրանց ներքին քաղաքականության, և դրա արդյունքում` մի քանի տասնամյակ ամեն տարի այդ կենտրոնից 4-7 մլրդ դոլարի չափով անհատույց օգնության կգա Հայաստան:

Եվ ամենակարևորը` ազգը, բանակը, պետությունն ու վաստակաշատ գործիչներին հեղինակազրկողները երկրի ներսում առնվազն հանրային պարսավանքի կենթարկվեն, այլ ոչ թե 25 տարին մեկ կկարգվեն որպես երկրի կառավարիչներ:

«Կիբուցին» այստեղ այնքան էլ կապ չունի, այն շատ յուրահատուկ է, և մեզ համար չէ…
Նաև կապ չունեն տարբեր հրապարակված ռազմավարական փաստաթղթերն ու մեթոդիկաները: Տեղեկացնեմ, որ ուղեղային կենտրոնների կողմից գրված ու հրապարակված տարբեր երկրների ռազմավարությունները շատ անուղղակի առնչություն ունեն իրական քաղաքականության հետ: Իրական քաղաքականությանը վերաբերվող ռազմավարական փաստաթղթերը (եթե դրանք կան) երկրները չեն հրապարակում` դրանց մասին հայտնի է դառնում միայն իրագործումից հետո:

Հ․գ․
Յակով Կեդմիին թող լսեն, բայց բոլոր մտքերը հալած յուղի տեղ չընդունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Լավ կլինի, որ վեր հիշեք ու ներկայացնեք ՀՀ արդյունաբերական հզոր գործարանների թալանման պատմությունը: Մի մասը կատարվել Ձեր մասնակցությամբ: Հիշեք Երևանի հաստոցաշինական գործարանը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031