«Այսօր մեր քաղաքականությունն է՝ մենք գնում ենք մենակ, մեր վեկտորով, մեր ընտրազանգվածով, բազիսը՝ Սյունիքն է եւ այդ բազիսի վրա կառուցելով մնացած մեր ընկերների, թե մեր ապրած կյանքի փորձը։ Համոզված ենք, որ այդ շեմը անցնելու ենք, ու անցնելու ենք շատ հանգիստ»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նա ասաց, որ մասնակցելու են հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին եւ նշեց՝ կուսակցությունը բաց է բոլորի համար, բոլոր առողջ ուժերի համար․ «Կարեւոր հարցը Փաշինյանի հեռացումն է»։
Արդյո՞ք այս նորաստեղծ կուսակցությունը կլինի Ռոբերտ Քոչարյանի հենարանն արտահերթ ընտրություններին մասնակցելիս, այս հարցին ի պատասխան պարոն Հակոբյանն ասաց․ «Ես չգիտեմ ՝ պարոն Քոչարյանն ինչի վրա կհիմնվի կամ կուզենա մենակ, թե ինչ-որ մեկին հետ միանա։ Մենք բաց ենք բոլորի համար»։
Վահե Հակոբյանի խոսքով․ «Նիկոլը 80% ռեյտինգ ունենա, մենք գնալու ենք ընտրություններին, բայց ինքը չունի ռեյտինգ»։
Կարդացեք նաև
Նա, անդրադառնալով վարչական ռեսուրսների կիրառման հնարավորությանը, ասաց․ «Նիկոլի եւ իր ածանցյալների միակ խնդիրն այն է, որ Նիկոլը մնա որպես պաշտոնակատար ու մաքսիմում օգտագործի վարչական ռեսուրսը։ Ես համոզված եմ՝ իրենք ինչպես այդ չգիտեմ քանի հազարանոց հանրահավաքը կազմակերպեցին, որ 90%-ը պարտադրված եկել էին մարզերից, նույն հաջողությամբ փորձելու է դա անել, բայց ընտրությունը դա միտինգ չէ։ Մենք բազմիցս անցել ենք այդ ամենի միջով»,-ասաց նա:
Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանն էլ հավելեց, որ իշխանություններն օգտագործելու են վարչական ռեսուրս․ «Այս 2,5 տարվա ընթացքում բոլոր դպրոցներում փորձել են հանձնաժողովները փոխել եւ ներգրավել իրենց բարեկամներին։ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում ասում էր՝ մենք եկել ենք, վերացրել ենք հանրապետականները, որ բարեկամ-ծանոթով էին ընտրում, վստահ ասում եմ՝ դպրոցներում նայեք՝ հանձնաժողովներում իրենց մտերիմներն են, բայց դա չի նշանակում, որ կարողանում են իրենց մարդկանց ընտրել։ Սիսիանի ավագ դպրոցում խնդիր եղավ՝ իրենց թեկնածուն չանցավ, անցավ Սիսիանի ավագանիներից, նախարարը չնշանակեց»։
Ասուլիսն ամբողջությամբ՝
Նելլի ԲԱԲԱՅԱՆ