Նոր կորոնավիրուսային համավարակը (COVID-19) 21-րդ դարի ամենախոշոր մարտահրավերներից է։ Աշխարհում արդեն վարակվել է ավելի քան 120 մլն մարդ, մահացել՝ 2.6 մլն: Հաշվի առնելով վարակի հարուցչի փոփոխականությունը` հարց է առաջացնում կորոնավիրուսով պայմանավորված կրկնավարակի հավանականությունը, որի կապակցությամբ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացվել է արձանագրված կորոնավիրուսային վարակի ՊՇՌ թեստավորման կրկնակի դրական դեպքերի համաճարակաբանական հետազոտություն։
Հետազոտությունն իրականացվել է ՊՇՌ թեստավորման կրկնակի դրական արդյունքով 73 անձանց շրջանում, որոնց մոտ հետազոտություններն իրականացվել են 90 օր միջակայքով:
Ուսումնասիրված 73 դեպքից 30–ը (41%) արական սեռի են, 43-ը (59%)՝ իգական։ Առավել հաճախ դեպքերն արձանագրվել են 30-39 և 60-69 տարիքային խմբերում:
9 անձ ունեցել է ուղեկցող հիվանդություններ. շաքարային դիաբետ՝ 6 անձ, որից մեկն ունեցել է նաև գայլախտ, քաղցկեղ, սրտամկանի ինֆարկտ, քրոնիկ երիկամային անբավարարություն՝ 1-ական անձ:
73 դեպքից 36-ում (49%) հիվանդության երկու դեպքում պացիենտներն ունեցել են անախտանիշ՝ թեթև ընթացք։ 29 (40%) դեպքում առաջին անախտանիշ՝ թեթև նախադեպից հետո դիտվել է թոքաբորբով ուղեկցվող 2-րդ նախադեպը։ 7 (10%) դեպքում թոքաբորբով ուղեկցվող առաջին նախադեպից հետո արձանագրվել է անախտանիշ՝ թեթև ընթացքով 2-րդ նախադեպը։ Թոքաբորբ երկու նախադեպերի ընթացքում հաստատվել է միայն 1 (1%) անձի մոտ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է կլինիկական պատկերին, ապա ամենահաճախ կրկնվող ախտանշաններն էին 37 C0-ից բարձր ջերմությունը (25%), մկանացավը (8%) և հոտի զգացողության կորուստը (5.5%)։ Մնացած ախտանշանների համար համընկնումները չեն գերազանցել 4%-ը։
Քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից դեռևս սահմանված չէ նոր կորոնավիրուսային վարակի կրկնավարակի ստանդարտ բնորոշումը, հնարավոր չէ պարզել` արդյո՞ք այդ 2 դրական արդյունքներն իրենցից ներկայացնում են երկու տարբեր աղբյուրներից վարակման դեպք, թե՞ վիրուսն ունի օրգանիզմում երկարատև պահպանվելու (թաքնվելու) և հիվանդության ռեցիդիվ առաջացնելու առանձնահատկություն:
Ելնելով իրավիճակից՝ առողջապահության նախարարությունը հորդորում է բարձրացնել զգոնությունը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ՝ կրել դիմակներ, լվանալ ձեռքերը օճառով կամ ախտահանել ախտահանիչ միջոցով, ինչպես նաև պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ