Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգիստ թողեք երեխաներին՝ նրանք ֆոն չեն ձեզ համար

Մարտ 20,2021 19:10

Վարչապետն արդեն քարոզարշավ է անում, եւ այդ շրջանակում այցելել է Արագածոտնի մարզ, նույնիսկ «ժողովրդի ծառայի» բառապաշարով հայտարարել է, որ  եթե ժողովուրդն ուզի, ինքը պատրաստ է խոնարհ կանգնել գնդակահարության պատի տակ:

Ու քանի որ նման հայտարարությունները նորություն չեն, ավելի պերճախոս բաներ ենք լսել, որոնք վաղուց դեժավյու են առաջացնում, ուրիշ  մտահոգիչ խնդրի կանդրադառնամ:

Ներքին Բազմաբերդ համայնքում մի սիրուն դպրոցական աղջնակ՝ Եռագույնը գլխին՝ պատերազմը տանուլ տված, տարածքային կորուստներ ու հազարավոր զոհեր ունեցող երկրի վարչապետ Փաշինյանին դիմավորել է աղուհացով:

Այդպես ժամանակին դպրոցականները դիմավորում էին նաեւ Լեւոնիդ Իլյիչ Բրեժնեւին, Հիտլերն էլ բազմաթիվ նկարներ ունի՝ երեխաների հետ ծաղիկներով, սվաստիկան թեւերին կապած, իսկ այս առումով ամենաազդեցիկը Կին Չեն Ընն է. երեխաները Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ ամեն հանդիպմանը հուզվում են, քանի որ նրանց ներշնչել են, որ գերբնական էակի հետ են  հանդիպում:

Լեւոնիդ Իլյիչ Բրեժնեւը՝ երեխաների հետ

Հիտլերը՝ երեխաների հետ

Կին Չեն Ընը՝ հուզված ու վախեցած երեխաների հետ

Վերադառնալով մեր երկիր՝ հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական ու ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոն ստանալուն պես բոլորին աջ ու ձախ «սրի էր քաշում», թե ուսումնական հաստատություններում լինելու է զրո քաղաքականություն եւ դրանք չեն կուսակցականացվելու՝  ինչպես «նախկինների» ժամանակ:

Սակայն իշխող ուժի ինչպես  շատ խոստումներ, այս մեկն էլ չի պահվել. կրթական հաստատությունների կառավարման խորհուրդներում ՔՊ-ականներ ու Իմ քայլ»-ականներ են արմատներ գցել, նույնն է պատկերը բուհերի կառավարման խորհուրդներում, իսկ նոր օրենքի նախագծով էլ իշխանությունն (լիազոր մարմինը) է ռեկտորներին նշանակելու:

Ի դեպ, Արագածոտնի մարզում վարչապետի հետ հանդիպմանը, ինչպես երեւում է լուսանկարներից, բազմաթիվ մանկահասակ երեխաներ են մասնակցել: Ինչո՞վ են տարբերվում նրանց դասավանդող ուսուցիչները «նախկինների» ժամանակ ընտրություն կեղծած մանկավարժներից: Այսինքն՝ հին ավանդույթները ոչ միայն շարունակվում են, այլեւ կատարելագործվում, թեեւ «թավշյա» ուժերը իշխանության եկան նախկինում եղած ամեն ինչը մերժելու ալիքի վրա:

Արագածոտնի մարզում Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա են փոքր երեխաներ

Ի դեպ, «նախկինների օրոք» եւս հանրահավաքներին դպրոցականներ էին բերվում, իսկ 2012թ Հանրապետության Հրապարակում կայացած հանրահավաք-համերգի ժամանակ գազով լցված փուչիկների պայթյունից բազմաթիվ երիտասարդներ տուժեցին:

«Նախկիններն» էլ էին ասում, թե դեմ են կրթական հաստատությունների քաղաքականացվելուն, բայց նրանց օրոք էլ էին ուսուցիչներին քշում  հանրահավաքի, ինչպես հիմա է վարչական ռեսուրս կիրառվում:

Վերջապես բոլորդ հանգիստ թողեք կրթական հաստատությունների ներկայացուցիչներին ու հատկապես երեխաներին: Մի խեղեք նրանց մանկությունը, երեխաներին ֆոն մի դարձրեք ձեր քաղաքական խաղերի համար:

Թողեք նրանք նորմալ արժեքներով դաստիարակվեն, որպեսզի չմթագնի առանց այն էլ մեր մշուշոտ ապագան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. նարեկ says:

    Կեցցեք Գոհար Հակոբյան

    Ձեր թվարկած մարդիկ մեկ ընդհանրություն ունեն՝ բռնակալ են:

  2. Գոհար says:

    Շնորհակալություն, հարգելի Նարեկ, կարդալու եւ արձագանքելու համար:
    Հարգանքներս

  3. Mher says:

    Սա ակնհայտորեն դեմ է մեր մարդկային արժեքներին: Շատ վատ է, որ մենք կարող ենք մեր ղեկավարին համեմատել պատմության ընթացքում աշխարհում գոյություն ունեցող բռնակալների հետ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031