Այսօր «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամների մամուլի ասուլիսում Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի «Իմ քայլ»-ի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության մասին, որ արտահերթ ընտրություններում Սյունիքում էլ կհաղթեն, ասաց՝ չարժե մեկնաբանել Ալեն Սիմոնյանի ասածը․«Ժամանակը ցույց կտա, սյունեցիներն արդեն ցույց են տվել իրենց վերաբերմունքը կոնկրետ գործող իշխանությանը»։
Առուշ Առուշանյանը բացառեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքում ձայն կհավաքեն։
Կուսակցության վարչության մեկ այլ անդամ, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն էլ ասաց․«Մենք սյունեցի ենք, նամուս, թասիբ, այս գաղափարները մեր մոտ առաջնահերթ են։ Ես գտնում են, որ Ալեն Սիմոնյանի հարցին ինքս արժանապատվությունից ցածր եմ համարում պատասխանել՝ հաշվ առնելով իր նախկին գործունեությունը՝ դերասան․․․ չգիտեմ, այդ ժանրի դերասան»։
Նա ասաց, որ Մեղրի համայնքում կան Նիկոլ Փաշինյանի երկրպագուներ, նրան ընտրողներ էլ կլինեն․«Բայց եթե իրականություն դառնա իր ասածը, որ մեծամասնություն են դառնալու, ես անձամբ կհամարեմ, որ ես չեմ ճանաչում իմ ժողովրդին։ Բայց չեմ կարծում, որ իրենք ռիսկ կանեն Շուռնուխի եւ այդ հատվածի այլ վտանգավոր տարածքներով անցնեն, հաշվի առնելով իրենց՝ վտանգից փախչողի տեսակը»։
Կարդացեք նաև
Իսկ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն էլ նույն հարցին ի պատասխան ասաց․ «Որ ասում են՝ «Ուղտն իր սապատը չի տեսնում», հիմա իրենցն է։ Սյունիքը միշտ համախմբված է, չի կարող այլ կարծիք ունենալ։ Ցավ ենք ապրում Սյունիքի համար, ամեն անգամ Սյունիք մտնելիս Ադրբեջանի դրոշների տակով անցնելը սթրես է։ Ընտրություններին էլ սյունեցին ցույց կտա իր նժդեհական կեցվածքը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ