«Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Ասուլիսին մասնակցում են նաեւ Սյունիքի մարզի համայնքների վարչական ղեկավարներ, որոնք եւս այս կուսակցության անդամներ են։
«Համարյա բոլորս էլ եղել ենք Հանրապետական կուսակցության անդամներ, մեկը՝ մի քիչ ավել, մեկը՝ մի քիչ պակաս եւ չենք ամաչում դրանից, եկեք գործերով դատենք։ Այն, ինչն այսօր Նիկոլը բղավում է եւ երեք տարում միայն բղավում է, 2016 թվականից մենք արդեն կատարել էինք՝ այդ կոռուպցիայի դեմ պայքարը, թե ներդրումների առումով։ Գնացեք Սյունիք ցանկացած բիզնեսմենի հարցրեք՝ ոնց է եղել այն ժամանակ։ Իրենք ձեզ բոլոր պատասխանները կտան։ Երբ ես ստանձնեցի Սյունիքի մարզը, այն գտնվում էր բոլոր ցուցանիշներով վերջին տեղում, մեկ տար հետո փակել ենք ցուցանիշները առաջին տեղով, թե՛ ներդրումային, թե՛ սոցիալական, թե՛ հարկերի մասով»։
Նա անդրադառնալով նախկինում Հանրապետական կուսակցությունում ընդգրկվելուն, ասաց․ «Շատ քաղաքապետեր ընդգրկվել են ՀՀԿ շարքերը 2016 թվականից։ Այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը դարձավ երկրի վարչապետ, փոխվեցին ինչ-որ մոտեցումներ, այդ թվում՝ ՀՀԿ-ում, խնդիր էր դրվում, որպեսզի այդ օդիոզ ֆիգուրներից, լճացումից փորձեն ազատվեն, առողջացնեն կուսակցությունը։ Մենք որոշեցինք, որ դա չենք կարող դրսից անել, քանի որ ներսում կային խաղի օրենքներ, դրա համար որոշեցինք ընդգրկվել ՀՀԿ։ Դա մեզ համար շատ մեծ փորձ էր, մեր հիմիկվա կուսակցաշինության համար։ Ինչ վերաբերում է դուրս գալուն՝ կատարվեցին այդ բազմաթիվ ներդրումները, եւ այդ առողջացումը մարզում, եւ եկավ այս ապաշնորհ թիմը, մենք շատ լավ պատկերացնում էինք, որ կվտանգենք այդ մեր ներդրող ընկերներին եւ ոչ միայն ընկերներին, եւ որոշում կայացվեց դուրս կուսակցությունից, որպեսզի իրենց հարվածից հանենք։ Որքանով դա հաջողվեց՝ ինչ-որ մի տեղ այո, մի տեղ՝ ոչ, բայց հիմնական խնդիրը դա էր»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին մասնակցելու եւ վարչապետի թեկնածու ունենալու վերաբերյալ հարցին, պարոն Հակոբյանն ասաց՝ դրան կուսակցությունը կանդրադառնա իր համագումարի ժամանակ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ