Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հակոբյան․ «Այսօր ունենք ոչ ադեկվատ վարչապետ` իր ենթակա – ստորոգյալներով»

Մարտ 20,2021 15:54

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր կուսակցության վարչության անդամների մասնակցությամբ ասուլիսում անդրադառնալով կուսակցության անվանմանն, ասաց՝  այսօր Հայաստանը կարիք ունի վերածնունդի, ընդ որում բոլոր ոլորտներում` բանակի, տնտեսության, կրթության:

Իսկ կուսակցության կարգախոսն է, ինչպես պարոն Հակոբյանն ասաց, «Անվտանգություն, արդարություն եւ աշխատանք»․ «Պատահական  չէ, որ անվտանգությունը դրել ենք առաջին տեղում, քանի որ առանց անվտանգության, հնարավոր չէ ոչինչ»։

Վահե Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին անտաղանդ տնտեսական քաղաքականություն  է վարվել, ինչի հետեւանքով գրանցվել են  տնտեսական անկումներ․ «Արտաքին պարտքը 2.3 միլիարդով բարձրացավ 2.5 տարվա ընթացքում, ու դրա դիմաց մենք չտեսանք ոչինչ բացի պարգեւավճարներից: Քովիդի դեմ տանուլ տված պայքար՝  երբ ամբողջ աշխարհն արդեն տագնապ էր բարձրացնում եւ լոքդաունի մեջ էին մտնում երկրները, Նիկոլ Փաշինյանը, անտեսելով այդ ամեն ինչը եւ վեր դասելով իր անձնական շահը, քան ազգային անվտանգության շահերը, սկսեց իր քայլարշավը Սյունիքից եւ առաջարկեց պայքարել քովիդի դեմ պինցետով եւ թթի արաղով: Պայքարեցինք եւ ունեցանք 4000-ից ավելի զոհ միայն քովիդից: Ունեցանք մեր պատմության ամենախայտառակ ու աղետալի իրադարձություններից մեկը` տանուլ տված պատերազմ: Ինձ թվում է՝ դրա արձագանքները դեռ երկար ժամանակ կտեսնենք, եւ ինձ թվում է՝ ճիշտ հետեւություններ կանենք: Այդտեղ մենք ունեցանք 5000-ից ավելի զոհ, 7000-ից ավելի վիրավոր, անհայտ կորածներ, գերիներ եւ բազմահազար կոտրված ճակատագրեր»:

Պարոն Հակոբյանի կարծիքով՝ արտաքին քաղաքականությունն էլ  տապալված է, ինչի հետեւանքով  հրահրվեց պատերազմը․«Եվ ունեցանք այն, ինչ այսօր ունենք` ոչ ադեկվատ վարչապետ` իր ենթակա-ստորոգյալներով, թիմակիցների մասին եմ ասում, մի քանի գրպանի օլիգարխներ, որոնք փորձում են պահել այս վիճակը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031