ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի սենատոր, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն իր 37 գործընկերների հետ կոչ է արել Ջո Բայդենի աշխատակազմին միանալ Կոնգրեսին և պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը:
«Մենք միանում ենք Միացյալ Նահանգների և աշխարհի հայ համայնքին ՝ հարգելու այդ զոհերի հիշատակը, և մենք կտրականապես դեմ ենք այն փորձերին, թե իբր հայ ժողովրդին ոչնչացնելու այս կանխամտածված, կազմակերպված ջանքերը այլ բան են, քան ցեղասպանություն», – ասվում է սենատորի՝ Բայդենին ուղղված նամակում:
«Ինչպես դուք իրավամբ նշել եք, ամերիկյան դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը պետք է արմատավորվեն մեր արժեքների մեջ, որոնց մեջ պետք է ներառվի համընդհանուր իրավունքների նկատմամբ հարգանքը: Այդ արժեքները պահանջում են, որ մենք ընդունենք ճշմարտությունը և անենք հնարավորը՝ կանխելու հետագա ցեղասպանությունները և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններ»:
Օսմանյան կայսրությունում հայերի պարբերական բնաջնջման փաստերը ճանաչելուց բացի՝ սենատորները շեշտել են, որ այդ քայլը հստակեցնելու է գործադիր իշխանության դիրքորոշումը Ցեղասպանության հարցում ՝ այն համապատասխանեցնելով Կոնգրեսի կոնսենսուսին, ինչպես նաև նախագահ Բայդենի նախկինում արված հայտարարություններին:
Կարդացեք նաև
«Երկու կուսակցությունների վարչակազմերը մշտապես լռել են Հայոց ցեղասպանության ճշմարտության վերաբերյալ: Մենք ձեզ հորդորում ենք խախտել մեղսակցության այս օրինակը ՝ պաշտոնապես ընդունելով, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր», – ասվում է նամակում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ