Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտահերթ ընտրությունները քաղաքական ճգնաժամը չեն լուծելու, եթե բարեփոխում չարվի»․ Գոռ Հակոբյան

Մարտ 20,2021 14:25
yntrutyun

«Նոր ընտրական օրենսգիրքը պատրաստ է, դրված է շրջանառության մեջ, բայց եթե օրենսգիրքն ընդունելուն հակված է միայն իշխող քաղաքական ուժը, ապա ստացվում է, որ այդ օրենսգրքով սահմանվում են խաղի կանոններ, որոնց հետ համաձայն չեն խորհրդարանական մեր ընդդիմադիր գործընկերները։ Մինչդեռ, մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է, որ այն ընդունվի համախոհությամբ»,- այս մասին այսօր ասաց «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած՝ «Ընտրական օրենսգրքի փոփոխություններ եւ մինչեւ արտահերթ ընտրությունները դրանք ընդունելու անհրաժեշտության մասին» թեմայով քննարկման ժամանակ։

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանն էլ ասաց՝ իրենց համար ընտրական համակարգի փոփոխությունը մեծապես կապված է քաղաքական բարեփոխումների հետ․«Որովհետեւ մեր երկրում ընտրական օրենսգրքի տրամաբանությունն այնպիսին է, ինչպիսին ձեւավորվել է քաղաքական համակարգը մինչեւ 2015 թվականի Սահմանադրությունը, որն ամրագրել է նոր քաղաքական համակարգ։ Այն բնույթով այնպիսին է, որով հանրությունը չկարողանա որեւէ ձեւ ԱԺ պատգամավորից հաշվետվություն պահանջել, կամ չկարողանա ավելի լայն վերահսկողություն սահմանել»։

Պարոն Հակոբյանի խոսքով՝ այսօրվա քաղաքական ճգնաժամը նրանից է, որ ԱԺ-ի ինքնալուծարման եւ վարչապետի հրաժարականի հարցը կախված է վարչապետից․ «Սա վառ օրինակ է, թե ինչպիսի դեգրադացված քաղաքական համակարգ է մշակվել։ Պետք է փոխել ամբողջ քաղաքական համակարգը, այն պետք է լինի ավելի կանխատեսելի, պետք է հնարավորություն տա, որ քաղաքական համակարգը ճգնաժամերի ժամանակ ավելի ճկուն լինի, ավելի լայն հնարավորություն տա հանրության հետ շփելու»։

Գոռ Հակոբյանի կարծիքով՝ օրենսգրքի փոփոխությունն ու քաղաքական համակարգի փոփոխությունը պետք է լուծի կայուն մեծամասնության խնդիրը, եւ հնարավորություն ստեղծի խորհրդարանում կուսակցությունների բազմազան ներկայացվածության հնարավորություն եւ ԱԺ-ն պետք է Սահմանադրությամբ հնարավորություն ունենա շատ պարզ ընթացակարգով ինքնալուծարման։

«Հիմա հարցականի տակ է դրվում՝ անե՞լ, թե՞ չանել փոփոխությունները։ Արտահերթ ընտրությունները քաղաքական ճգնաժամը չի լուծելու, այն ճգնաժամը թուլացնելու քայլ է, եթե բարեփոխում չարվի, խնդիրը չի լուծվի»,-ասաց պարոն Հակոբյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ ասաց՝ այսօր, երբ բոլորը պատրաստվում են արտահերթ ընտրություններին, հընթացս փոխել ընտրական օրենսգիրքը, սխալ է։

«Կայուն մեծամասնությունը պահպանվելու է, Ընտրական օրենսգիրքը մենք ընդունում ենք, բայց կայուն մեծամասնությունը պահպանվելու է, որովհետեւ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ՍԴ-ի ընթացակարգային եզրակացությունը մոտ մեկ ամիս է տեւում, որպեսզի եզրակացություն տրվի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Միայն կայուն մեծամասնության վերաբերյալ եզրակացություն տալու համար շատ հնարավոր է երկարի ժամկետը, գումարած 21 օրը, որը նախագահը պետք է այդ օրենքը ստորագրի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031