Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանկոֆոնիայի օրվա նշանավորումը․ ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը

Մարտ 20,2021 14:13

ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

Մարտի 20-ին ողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Աշխարհի շուրջ 300 միլիոն ֆրանսախոսներ այս օրը նշում են ոչ միայն որպես ֆրանսերենի մեծարման տոն, այլ նաև վերահաստատում են իրենց կամքը «միասին ապրելու»՝ համերաշխության և մշակութային բազմազանության համատեքստում:

Հայաստանը, որը ներկայումս նախագահում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում, մեծապես կարևորում է Ֆրանկոֆոնիայի օրվա նշանավորումը, որը խորհրդանշում է խաղաղություն, համերաշխություն, հանդուրժողականություն ու մշակութային բազմազանություն։

Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեհամակարգում կարևորվում է խաղաղության ամրապնդումը, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխհարաբերությունները, որոնք բացում են զարգացման ճանապարհներ: Այստեղ մերժվում են ատելությունը, խտրականությունն ու կեղծիքը:

Ափսոսանքով պետք է նշել, որ մեր տարածաշրջանում ոչ բոլոր երկրներն են կիսում հիրավի համամարդկային այս արժեքները: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, ինչը ծանր հումանիտար հետևանքներ ունեցավ խաղաղ բնակչության համար: Այս համատեքստում հայ ժողովրդի համար առանձնակի կարևորություն ունի աշխարհի ֆրանկոֆոն ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից՝ պատերազմի ծանր օրերին մեր երկրի կողքին կանգնելու որոշումը:

Հայաստանը, հանձնառու լինելով Ֆրանկոֆոնիայի և համամարդկային քաղաքակրթական արժեքներին, պատրաստակամ է շարունակել ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության հաստատման համար։
Ինչպես գիտեք, Հայաստանում յուրաքանչյուր տարվա մարտ-ապրիլ ամիսներին նշվում է ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակներում երկրի մայրաքաղաքում և մարզերում իրականացվում են կրթական-մշակութային բազմատեսակ միջոցառումներ: COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումներից ելնելով՝ այս տարի Ֆրանկոֆոնիայի օրը հնարավոր չէ նշել այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը կցանկանար։

Այնուհանդերձ, համոզված ենք, որ դպրոցների, համալսարանների, տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության բոլոր հայ ֆրանկոֆոնները յուրովի կնշեն ֆրանսերենին և Ֆրանկոֆոնիային նվիրված այս խորհրդանշական օրը։ Լիահույս ենք նաև, որ գալիք գարնանը, Հայաստանում, ինչպես նաև ողջ աշխարհում համավարակը կհաղթահարվի, և մեր հասարակության ֆրանկոֆոն և ֆրանկոֆիլ համայնքը կվերագտնի ավանդական երկամսյակը վայելելու հնարավորությունը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ մաղթում եմ, որպեսզի մեր Կազմակերպությունը, քաղաքակրթությունների երկխոսության բացառիկ վայր հանդիսացող ֆրանկոֆոն մեր մեծ ընտանիքը, մշտապես լինի արդիական և արդարացնի ֆրանկոֆոն տարածքի ժողովուրդների սպասումները։

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031