Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) այս տարի առաջին անգամ կազմակերպել է առցանց շախմատի աշխարհի ուսանողական առաջնություն, որին մասնակցում է 960 համալսարանական՝ 84 երկրից, այդ թվում՝ Հայաստանից:
Արդեն կայացել է կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց անհատական մրցաշարը: Մի շարք նախնական փուլերից հետո եզրափակչում շրջանային մրցակարգով չեմպիոնի կոչման համար պայքարել են 8-ական շախմատիստ և շախմատիստուհի:
Տղաների պայքարում 5,5 միավորով չեմպիոն է դարձել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մագիստրանտ Հայկ Մարտիրոսյանը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած հնդիկ Պաներսելվամ Ինիյանը վաստակել է նույնքան միավոր. նրան Մարտիրոսյանը գերազանցել է լրացուցիչ ցուցանիշներով: Բրոնզե մեդալակիրն էլ ռուս Միխայիլ Անտիպովն է (4,5 միավոր): Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, որը ներկայացնում է Տեխասի «Rio Grande Valley» համալսարանը, 3,5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Կանանց մրցաշարում հիանալի է հանդես եկել Աննա Սարգսյանը, որը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողուհի է: Նա 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Օլգա Բադելկոյին (Բելառուս) Սարգսյանը գերազանցել է 1 միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է Լեհաստանի ներկայացուցիչ Ալիսա Սլիվիցկայան, ով վաստակել է 4 միավոր:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ