ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանից հետաքրքրվեցինք՝ Ընտրական օրենսգիրքը փոխելու են, նո՞ր գնան հունիսի 20-ին ընտրությունների, թե՞ նախկինով են գնալու։ «Էդ ամեն ինչը կախված է քաղաքական դաշտում տեղի ունեցած կոնսենսուսից եւ, իհարկե, Վենետիկի հանձնաժողովի կարծիքից։ Այսինքն՝ որեւէ պարագայում չենք առաջնորդվելու էն տարբերակով, որ, այ, էս կամ էն տարբերակը մեզ հարմար է։ Առաջնորդվելու ենք առաջին հերթին իրավական ընթացակարգերով, այնուհետեւ՝ քաղաքական կոնսենսուսով եւ վերջում՝ նաեւ Վենետիկի կարծիքով»,- ասաց Պապոյանը։
– Վենետիկի կարծիքը երբվանի՞ց է ձեզ համար կարեւոր դարձել, նախկինում, երբ ձեզ պետք էր սահմանադրական փոփոխություններ իրականացնել, Վենետիկի կարծիքը հաշվի չէիք առնում, մեղադրում էիք կոռուպցիայի մեջ։
– Ես համաձայն չեմ, ես նման կարծիք չեմ հայտնել։
– Ձեր խմբակցության պատգամավորներից Վահագն Հովակիմյանն է՝ սահմանադրագետ, նման կարծիք հայտնել։
Կարդացեք նաև
– Խնդիրն այն է, որ ամենաառաջինը քաղաքական կոնսենսուսի հարցն է։ Այսինքն, եթե պիտի միայնակ մենք քվեարկենք այդ նախագծի օգտին, ես կարծում եմ՝ պետք չէ դա անցկացնել։
– Իսկ քաղաքական կոնսենսուս, օրինակ, ձեր իշխանության սորոսական հատվածի հետ պե՞տք է լինի, թե՞ ոչ։
– Ես նման գնահատական չէի տա ու չգիտեմ, էլի, էդ սորոսական-ոչ սորոսական եւ այլն, խմբակցությունում բոլորն «Իմ քայլի» պատգամավոր են։
– Բայց, ըստ մամուլի տեղեկությունների, ձեր իշխանության մեջ «փայ ունեցող», այսպես կոչված, սորոսական հատվածը, այսինքն՝ այն պատգամավորները, որոնք Սորոսի հիմնադրամին այս կամ այն կերպ առնչվել են, դեմ են, որ նախկինների ընդունած օրենսգրքով գնաք ընտրության։
– Տեսեք, առաջին մասում էնպիսի մեկնաբանություն եք տալիս, որ, իրականում, նման բան չկա՝ փայ ունեցող, բան․․․ Բայց խնդիրը հետեւյալն է․ արժեքային դաշտում ամբողջ խմբակցությունը համարում է, որ մեր դավանած արժեքները, մեր ծրագիրը, մեր գաղափարախոսությունն էնպիսին է, որ, այո, պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական ցուցակ։ Այսինքն՝ տարածքային ցուցակ չպետք է լինի։ Նաեւ մեր նախընտրական խոստումն է եղել դա։
– Հիմա պահելո՞ւ եք ձեր նախընտրական խոստումը, թե՞ ոչ։
– Իհարկե, պահում ենք մեր նախընտրական խոստումը, դրա համար նախագիծ ենք դրել շրջանառության մեջ, եւ էդ նախագիծը, եթե հասցրեց Ազգային ժողովը, եւ, միեւնույն ժամանակ, գա Վենետիկի հանձնաժողովից դրական կարծիք, մենք դա ընդունելու ենք։ Բայց խնդիրը հետեւյալն է. որպեսզի խաղի կանոնները, քաղաքական դաշտի մյուս խաղացողների համար չփոխվեն, դրա կիրառումն այս գալիք ընտրություններում կլինի, թե չի լինի, դա կախված է հետեւյալից․ եթե քաղաքական կոնսենսուս լինի խորհրդարանի ներսում, մենք, բնականաբար, կգնանք այդ քայլին։ Բայց մենք միայնակ դրան չենք գնա։
– Եթե դուք չհասցնեք փոխել Ընտրական օրենսգիրքն ու հնով գնաք հունիսի 20-ին ընտրության, կստացվի, որ ձեր իշխանությունը, որը խոստացել էր փոխել ԸՕ-ն, երկրորդ անգամ ընտրություն է կազմակերպում նախկիններից ժառանգություն մնացած այդ «վատ օրենսգրքով» եւ «վատ ռեյտինգային համակարգով»։
– Ձեր հարցը բաժանենք 2 մասի․ առաջին անգամ մենք ենք նախաձեռնել այդ փոփոխությունը, եւ դա չի ընդունվել ԱԺ-ում, որովհետեւ ՀՀԿ-ն չի աջակցել։ Հիմա ներկայում մենք ի՞նչ ենք ասում, որ մենք պրոցեսներով հերթականությամբ գնալու ենք առաջ եւ կհասցնենք-չենք հասցնի, դա ժամանակը ցույց կտա։ Բայց մենք քաղաքական կամք դրսեւորել ենք, օրենքը գրել ենք, շրջանառել ենք, ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով, եւ դրական կարծիքի դեպքում պրոցեսը սկսվելու է՝ առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում, հետո՝ նախագահ եւ այլն։ Մենք չգիտենք՝ կհասցնե՞նք, թե՞ ոչ։ Բայց հնարավոր է, օրինակ, էստեղ ինչ-որ արագացված ընթացակարգ, չէ՞, բայց ԸՕ փոխել արագացված ընթացակարգով, էն էլ ընտրություններից առաջ, մի դեպքում է քաղաքականապես ճիշտ, երբ որ քաղաքական դաշտում կա դրա շուրջ կոնսենսուս։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում