Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է 2020 թվականի Ադրբեջանում կրոնի ազատության հետ կապված իրավիճակի մասին զեկույցը, ուր անդրադարձել է երկրում 2019 թվականի ընթացքում արձանագրված միտումներին և զարգացումներին:
2020 թ-ի սկզբին USCIRF առաքելությունն այցելել էր Ադրբեջան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Զեկույցը ներառել է նաև անցած տարվա վերջին ԼՂ շուրջ ռազմական հակամարտության հետ կապված դրույթներ:
Ըստ զեկույցի՝ 2020 թ-ի սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների շուրջ վերսկսված ռազմական հակամարտության ընթացքում Հայաստանը մեղադրեց Ադրբեջանին սբ. Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ռմբակոծման մեջ: Հրապարակված հաղորդագրությունների համաձայն, նշված է զեկույցում, եկեղեցին երկու անգամ ենթարկվել է հրթիռային ուղիղ հարվածների, որոնք զգալիորեն վնասել են եկեղեցու տանիքը և ներսը:
Զեկույցը մեջբերում է Human Rights Watch-ի անցած տարվա դեկտեմբերի եզրակացությունը, ըստ որի, դա դիտավորյալ հարձակում էր, որը որակվում է որպես ռազմական հանցագործություն: Այն պետք է հետաքննվի, իսկ մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության, ասված է հանձնաժողովի զեկույցում: Հանձնաժողովը նշել է նաև՝ Ադրբեջանը պնդում է, որ հայկական ուժերը ևս վնասել են կրոնական հուշարձաններ:
Կարդացեք նաև
Զեկույցն ընդգծում է, որ նոյեմբերին ստորագրված զինադադարի մասին հայտարարությունը մտահոգություններ առաջացրեց Ադրբեջանին անցած տարածքներում տարբեր եկեղեցիների, վանքերի, տապանաքարերի և այլ կրոնական ու մշակութային վայրերի պաշտպանության վերաբերյալ: Ըստ զեկույցի, նախագահ Ալիեւը հավաստիացումներ է տվել ՌԴ նախագահ Պուտինին, որ քրիստոնեական վանքերը այդ տարածքներում կպահպանվեն, սակայն, պատմական որոշ վայրեր, ինչպիսիք են Հադրութում գտնվող հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը, ենթարկվել են վանդալիզմի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում