HRW իրավապաշտպան կազմակերպությունը երկու առանձին զեկույցներ է հրապարակել Ադրբեջանում պահվող հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների մասին։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են բանաձև, որով կոչ են անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և գերեւարված խաղաղ բնակիչներին, իսկ ԱՄՆ պետքարտուղարությանը հորդորում են բոլոր մակարդակներում երկխոսել Ադրբեջանի իշխանությունների հետ, ներառյալ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու համար: Բանաձևին են միացել ավելի քան 30 կոնգրեսականներ: Ըստ հայկական կողմի, այսօր Ադրբեջանում են գտնվում շուրջ 200 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք:
«Հայաստանի իշխանությունները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով միջամտել 240 անձանց հարցում, որոնցից ոմանք քաղաքացիական անձինք են՝ չնայած նրանց մեծ մասը ռազմագերիներ են: Այդ գործերից յուրաքանչյուրի վերաբերյալ Եվրոպական դատարանը ներկայացրել է իր միջնորդությունը և տեղեկատվություն պահանջել Ադրբեջանի համապատասխան մարմիններից այդ անձանց ճակատագրի մասին»,-«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է HRW իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Տանյա Լոկշինան:
Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Տանյա Լոկշինայի կարծիքով անհրաժեշտ է տարբերակել ռազմագերիներին գերեվարված քաղաքացիական անձանցից: Միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրությունը արգելում է քաղաքացիական անձանց գերեվարումը: Երկու խմբերի պարագայում էլ արգելված են նաև բռնաճնշումները, ասում է իրավապաշտպանը:
Կարդացեք նաև
«Հաշվի առնելով հատուկ հանգամանքների բացակայությունը, որոնք արդարացնում են գերեվարումը, քաղաքացիական անձինք չպետք է կալանավորվեն եւ անհապաղ պետք է ազատ արձակվեն: Ռազմագերիների պարագայում խոշտանգումները և բռնաճնշումների այլ ձևերն արգելված են, ինչպես նաև քաղաքացիական անձանց պարագայում»,-ասում է Լոկշինան:
HRW-ի իրավապաշտպանը պնդում է՝ առայսօր անհայտ է Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց վերջնական թիվը: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ գերեվարված քաղաքացիական անձինք մահացել են Ադրբեջանում ազատազրկման ժամանակ: Կազմակեպության օրերս հրապարակած զեկույցում մանրամասներ են ներկայացվել քաղաքացիական երկու անձանց մահվան դեպքերի առնչությամբ:
Առաջին դեպքը կապված է 79-ամյա Էդուարդ Շահգելդյանի հետ, որը բնակվում էր ԼՂ-ի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում և մնացել էր իր տանը՝ չցանկանալով լքել այն, երբ գյուղն անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո: Էդուարդը մահացել է Բաքվի բանտում դեռևս չպարզված հանգամանքներում: Հայաստանում նրա մահվան վկայականի մեջ արձանագրված է գլխուղեղի վնասվածք, ուղեղի այտուց և ուղեղի կենսագործունեության խանգարում:
Մյուս դեպքը պատմում է 44 -ամյա Արսեն Կարախանյանի մահվան մասին, որը բնակվում էր Մոսկվայում ու պատերազմից առաջ եկել էր Հադրութ՝ իր ծնողներին այցելելու: Նա իր տարեց հոր հետ գերեվարվել էր ադրբեջանական ուժերի կողմից Հադրութի գրավումից հետո: Նրա մասնակցությամբ մի շարք տեսանյութեր են տարածվել, ուր նա ենթարկվում է ադրբեջանական զինվորականների կտտանքներին: Հետագայում, երբ Եվրոպական դատարանը պահանջել է ադրբեջանական կողմից տեղեկություն տրամադրել Արսենի մասին, հրազենային վնասվածքով նրա մարմինը հայտնաբերվել է հունվարի 15-ին Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ: Ըստ Լոկշինայի՝ բոլոր ապացույցները ցույց են տալիս, որ Արսենին մահապատժի են ենթարկել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում