Երգիչ Մհեր Արմենիան, որը մեկ ամիս առաջ հայտարարեց կուսակցություն հիմնելու որոշման մասին, այսօր էլ տեղեկացրել է, որ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ կուսակցությունը կկոչվի «Ազգի ձայնը»:
Ապագա քաղաքական գործիչ երգիչը պատասխանել է «Հայկական ժամանակի» մի քանի հարցերին.
– Մհեր, մոտ մեկ ամիս առաջ հայտարարեցիք, որ կուսակցություն եք հիմնում: Այսօր արդեն պարզ դարձավ, որ մասնակցելու եք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Որքա՞ն հիմնադիր ունի կուսակցությունը: «Կուսակցությունների մասին օրենքը պահանջում է, որ նրանք առնվազն 100-ը պետք է լինեն:
– Մենք պատրաստվում ենք հիմնադիր համագումարին, որը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ ժամը 16:00-ին՝ «Վիվալդի հոլում»: Եվ բոլոր այն հարցերը, որոնք ձեզ հետաքրքրում են, կստանաք ամսի 21-ին: Դուք թիվ եք ուզում իմանալ, ես ուզում եմ այդ թիվը ձեզ ամիս 21-ին ասել:
Կարդացեք նաև
– Օրենքի համաձայն, 800 անդամ պիտի ունենա կուսակցությունը, որպեսզի գրանցվի: Այդքան մարդ կունենա՞ կուսակցությունը:
– Կանոնադրությամբ ինչպես կա՝ 800, 100, ինչպես սահմանված է, մենք ունենք այդ քանակի մարդ: 800-ը և այդ 100-ը խնդիր չէ մեզ մոտ:
– Իսկ ինչպե՞ս եք մասնակցելու ընտրություններին՝ առանձի՞ն, թե՞ այլ ուժի հետ դաշինք կազմած:
– Այս պահին չեմ կարող ասել, մենք պատրաստվում ենք մեր կուսակցությունով ներկայանալ: Դաշինքի մասին առայժմ չեմ կարող ասել որեւէ մի բան: Օրակարգում չկա, բայց չի բացառվում նաեւ այդ:
– Նախընտրած ուժ ունե՞ք, որ կցանկանաք դաշինք կազմել այդ ուժի հետ:
– Առայժմ՝ ոչ:
– Իսկ ի՞նչ ձևաչափով եք անցկացնելու նախընտրական քարոզարշավը:
– Օրենքով սահմանված կարգով: Այն բոլոր գործիքները, որոնք մենք կարող ենք օգտագործել, օգտագործելու ենք:
– Պատրաստվո՞ւմ եք շրջել Հայաստանով:
– Միանշանակ, մենք օգտագործելու ենք բոլոր ռեսուրսները, որոնք թույլատրված են օրենքով:
– Իսկ ձեր հաղթելու շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
– Միանշանակ մենք գնում ենք դեպի հաղթանակ:
– Այսինքն՝ դուք վստահ եք, որ հաղթելու եք ընտրություններում:
– Այո:
– Հայտնի այլ մարդիկ կլինե՞ն ձեր կուսակցությունում:
– Այս պահին կան տարբեր մարդիկ, տարբեր ոլորտներից, նրանք հանրային մարդիկ են: Ես պարզապես չեմ ուզում հնչեցնել նրանց անունները: Ամսի 21-ին, երբ ներկա լինեք, դուք ինքներդ ականատես կլինեք:
– Իսկ կլինե՞ն այնպիսի դեմքեր, որոնց ներկայությունը կզարմացնի մեզ:
– Անուն չեմ տա, բայց ամեն ինչ, ինչը որ մենք անում ենք, հաճելի զարմանք է առաջացնելու շատերի մոտ:
– Մհեր, իսկ ի՞նչ ուղղվածություն եւ գաղափարախոսություն է ունենալու ձեր կուսակցությունը:
– Մենք պետականամետ, ոչ ռադիկալ, ազգային ընդդիմադիր ուժ ենք:
Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում