Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրն ատելությունը հաղթահարելն է

Մարտ 20,2021 10:00

Պե՞տք են արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե՞ ոչ: Եթե պետք են, ապա ո՞ւմ իշխանության օրոք եւ ի՞նչ կանոններով են դրանք անցնելու: Արդյոք դրանց արդյունքում քաղաքական ճգնաժամը կմեղմանա՞, թե, հակառակը, ավելի կխորանա:

Դրանք բոլորը բանավեճի թեմաներ են, եւ քաղաքական ուժերն, իրենց շահերից ելնելով, հակադիր տեսակետներ են հայտնում: Մեր քաղաքացիները նույնպես նշված հարցերին տարբեր պատասխաններ են տալիս:

Ընտրությունների հարցում ես չունեմ վերջնական պատասխան՝ դրանք պե՞տք են, թե՞ ոչ: Կարելի է փաստարկներ բերել թե՛ դրանց անցկացման օգտին եւ թե՛ դրանց դեմ: Ես հաստատ գիտեմ միայն մի բան, որն անհրաժեշտ է մեր հասարակությանը՝ մեզ պետք է հաղթահարել ատելությունը:

Երբ ֆեյսբուքում ես կարդում եմ ատելությամբ լցված դատողություններ մի կողմից «դավաճանի» եւ «կապիտուլյանտի», մյուս կողմից՝ «թալանչիների» մասին, դրան սովոր եմ: Բայց այդ ֆեյսբուքյան իրականությունը տրամադրություն է ձեւավորել նաեւ իրական կյանքում: Մարդիկ ոչ միայն ատելություն են դրսեւորում իրենց պատկերացրած «հակահերոսների» հանդեպ, այլեւ այդ բացասական էմոցիաները տարածում են իրենց մերձավորների վրա: Այդ հողի վրա թշնամանում են ընկերներ, հարազատներ, անգամ ընտանիքի անդամներ՝ բնական տարաձայնություններից սարքելով ինչ-որ անհաղթահարելի պատ՝ փշալարերով պատված:

Եվ այստեղ ես խնդիր եմ տեսնում ոչ միայն Փաշինյանի ընտրազանգվածի մեջ, որի ներկայացուցիչները կարող են խոսել միայն «էս երկիրը 30 տարի թալանելու» թեմայով: Ինձ, թերեւս, ավելի շատ մտահոգում է այն, որ կրթված, զարգացած մարդիկ՝ լայնախոհության եւ հանդուրժողականության օրինակ ցույց տալու փոխարեն, նույնպես ընկել են էմոցիաների գիրկը եւ անսքող ատելությամբ են խոսում ներկայիս վարչապետի կամ նրա ընդդիմախոսների մասին:

Այստեղ, իհարկե, մեծ է Նիկոլ Փաշինյանի մեղքը, որը ոչ միայն հեղափոխություն իրականացրեց «նախորդ իշխանությունների» հանդեպ տարիներ շարունակ ատելություն գեներացնելով եւ դրա վրա հիմնվելով (դա քիչ թե շատ անխուսափելի էր) իշխանության գալով, բայց չունենալով որեւէ դրական ծրագիր, չդրսեւորեց պետական մտածողություն եւ շարունակեց «ատելության գիծը»՝ է՛լ ավելի բորբոքելով վերոհիշյալ ընտրազանգվածը եւ խորացնելով հասարակության պառակտումը:

Եվ հիմա, նախընտրական արշավի ժամանակ նա, բնականաբար, կօգտագործի իր ողջ հռետորական վարպետությունը՝ «շնաբարո դուրսպրծուկների» թեման զարգացնելու համար: Իր ընտրազանգվածի հրճվալից ոռնոցների ուղեկցությամբ:

Բայց կրկնեմ՝ ատելությանն ատելություն հակադրելը սխալ է, հակաարդյունավետ է՝ ատելությունը կարելի է հաղթահարել միայն սիրով: Այնպես որ, սիրելի քաղաքացիներ, եղեք «նիկոլական», «սերժական», «ռոբական», թեկուզ «գրիգորամալյանական»: Դա ամենեւին հիմք չէ՝ որեւէ մեկին ատելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ճիշտ ժամանակն է ,,Սարոյան եղբայրներ-2,,ֆիլմի նկարահանման համար….

  2. Armen says:

    Ինչ վերաբերվում է, թե ում իշխանության օրոք պետք է անցկացվեն ընրությունները՝ հետևելով պարոն Աբրահամյանին, օրինակով փորձենք գտնել հարցի պատասխանը: Համարենք որոշակի ժամանակահատվածում գործ եմ ունեցել երկու անձի հետ: Սրանցից առաջինի հետ՝ 10 անգամ, որից 10 անգամն էլ ստել ու լկտիաբար խաբել է: Երկրորդի հետ գործ եմ ունեցել մեկ անգամ և չեմ նկատել ստի և խաբեյության լուրջ հիմքեր: Ընդ որում սրանց հետ որևէ մոտ կամ ընկերական հարաբերություն երբևէ չեմ ունեցել: Հիմա կանգնել եմ թվում է մի անլուծելի խնդրի առջև՝ այս երկուսի հետ հետագայում գործ ունենալուց, որի՞ն հավատալ….

  3. Սարգիս Զեյթունյան says:

    «…ատելությունը կարելի է հաղթահարել միայն սիրով:»
    Դուք կարողանում ե՞ք: Իմ կարծիքով, Ձեր առաջարկածն ավելի շուտ ստոկհոլմյան սինդրոմ է, քան քրիստոնեական պատգամ: Վկա՝ մարզային այցելությունների ժամանակ մարդկանց դեմքերը:
    Ինձ կսովորեցնե՞ք ինչպես չատեմ ուսանողներիս գլուխը կերած ստահակին:

    • Ջորդանո Գալիլյան says:

      “ինչպես չատեմ ուսանողներիս գլուխը կերած ստահակին”

      Ստահակին պաշտողները այս հարցի պատասխանը շատ լավ գիտեն. ասում են՝ ինքը «փրկել» է Ձեր մնացած ուսանողների կյանքը, դե իսկ զոհվածների մասով գերագույն գլխավոր ստահակը ոչ մի մեղք չունի. դիմեք «նախկիններին»՝ թալանչի Տիգրան Մեծից սկսած մինչեւ «վերջի բոլշեւիկ»…

  4. Armen says:

    Մեկ խնդիր ևս՝ հետաքրքիր է, էս «դավաճանության» և «կապիտուլյացիայի» հետ «թալանչիները» որևէ կապ չե՞ն ունեցել:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Մեկ խնդիր ևս՝ հետաքրքիր է, էս «դավաճանության» և «կապիտուլյացիայի» հետ «թալանչիները» որևէ կապ չե՞ն ունեցել:

      Բովանդակային առումով չեն ունեցել: Բայց կապ իհարկե եղել է՝ զուտ ուտիլիտար-տեխնիկական: «Թալանչիները» ուղղակի թերագնահատեցին իրենց հաճախորդին, դե իսկ ապագա դավաճանը եւ կիսակապիտուլյանտը (այս եզրը ավելի ճիշտ է բնութագրում նիկոլչիբեյին, քանի որ «կապիտուլյացիա» բառիս բուն իմաստով տեղի չի ունեցել) իրոք անգերազանցելի ազգակործան ստահակ դուրս եկավ…

  5. Լավատես says:

    Մանկապարտեզի դիրեկտորի ընտրությունը մանկապարտեզի երեխաների կողմից կարելի՞ է համարել բարձր քաղաքակրթական նվաճում թե՞ հանուն երեխաների ճակատագրի այդ երեխաների ծնողները պետք է մի բան անեն, թե չէ քաղցր խոսքերով ու կոնֆետներով էդ խեղճ էրեխեքին անմաքուր ձյաձյաները հերթական անգամ էլի կխաբեն ու էկոնոմիա կանեն էրեխեքի հաշվին: Թագավորին իր շքախումբն է ներկայացնում, այսինքն՝ կարեւոր չէ, թե ով է թագավորը, կարեւորը խարիզմատիկ լինի ու ազնվական, որ փառքն ու փողն ու իշխանությունը խելքը չուտեն, իսկ շքախումբը կազմված լինի ազգի ծնողներից ու միակարծիք լինեն, ամեն գնով պետք է վերջին ճիգն անենք ազգովին՝ սփյուռքով հանդերձ, որ մեր թագավորն անցնի, հակառակ դեպքում ով իր թագավորին չի կերակրում, ուրիշի թագավորին ստիպված կլինի կերակրել:

    • Լավատես says:

      Գերիներին վերադարձնելը’ ռազմավարական խնդիր է, նշանակում է իրար ատող թե սիրող ուժերը պետք է միավորեն իրենց ուժերը գերիներին վերադարձնելու համար: Եթե քաղաքական ուժերը իրենց օրակարգ չեն բերում ընդհանուր ռազմավարական խնդիրներ եւ իրենց օրակարգերը սահմանափակվում են միայն մարտավարական խնդիրներով’ դու լավը չես, ես եմ լավը, ես էս ազգին ավելի շատ եմ սիրում, քան դու ու նման բաներ, հետեւություն’ դրանք ֆեյքային կառույցներ են եւ ֆեյքերի վրա հույս դնելը հիմարություն է: Սա հատուկ է արված, որ քաղաքական դաշտ թույլ չտան մտնեն իսկական ոչֆեյք ուժերը, դա է այդ ֆեյք ուժերի ընդհանուր ռազմավարությունը, որն էլ նրանք հաջողությամբ իրականացնում են:
      Սիրո ու ատելության մասին: Սա էլ մեր թշնամի քաղտեխնոլոգների գլուխգործոցն է, որոնք իրականացնում են բաժանիր որ տիրես սկզբունքը, որին պետք է հակադրել միավորվիր, որ տիրես սկզբունքը, ո՞րն է այն ռազմավարական նպատակը, որը մեզ բոլորիս կմիավորի ու մեր թշնամուն կտիրենք եւ ինչու չէ, տեղը գալուց կսիրենք էլ, բայց միայն նրան տիրելուց հետո: Իսկ դրա համար այսօր բոլորովս միավորվենք ու գերիներին հետ բերենք, իսկ վաղը խնդրեմ, երբ միացյալ ուժերով ունենանք ռազմավարական ընդհանուր հաղթանակներ ու ամուր հարթակ ունենանք, մարտավարական կռիվներ ինչքան խելքներիս փչի կարող ենք տալ, սա ազգի անվտանգության վրա վատ չի ազդի:

  6. Armen says:

    Մի վերջին հարց ևս – որո՞նք ավելի շուտ կգտնեն վերևում առաջարկված խնդիրների պատասխանները՝ հասարակության «կրթված» մասի ներկայացուցիչները, թե՝ «բոմժեր»-ի:
    Իսկ միգուցե երկուսն էլ միաժամանա՞կ….

  7. Ջորդանո Գալիլյան says:

    “Ես հաստատ գիտեմ միայն մի բան, որն անհրաժեշտ է մեր հասարակությանը՝ մեզ պետք է հաղթահարել ատելությունը”

    Հաղթահարել ատելությունը իհարկե պետք է, բայց դրա համար պետք է նախ եւ առաջ այդ ատելության հասարակական աղբյուրները կտրել սնուցումից, այլ ոչ թե քարոզել կրոնական կեղծ բարոյականության թեզերը «սիրո» մասին…

    “…ատելությանն ատելություն հակադրելը սխալ է, հակաարդյունավետ է՝ ատելությունը կարելի է հաղթահարել միայն սիրով…”

    Սա բուդդայական կրոնի հիմնական դոգմաներից մեկն է՝ չարին չհակադրվելու ուսմունքը (տոլստոյական, մասամբ նաեւ քրիստոնեական): Չարին իբր կարելի է հաղթել «սիրով», խոնարհությամբ ու հեզությամբ: Իրականում այս ուսմունքը միշտ վնասակար դեր է խաղացել հասարակական կյանքում, նպաստել է անօրինականության եւ անարդարության հաստատմանը, զրկել մարդկանց իրենց տարրական իրավունքների պաշտպանությունից… Ինձ համար պարզից էլ պարզ է, որ ատելությունն ու սերը միեւնույն մեդալի երկու կողմերն են. մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ: Օրինակ՝ հնարավոր չէ սիրել հայրենիքը՝ առանց ատելու հայրենիքի թշնամիներին…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031