Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին՝ հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Շատերին թվում է, շատերի կողմից ներկայացվում է, թե դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդիմության, գեներալների, նրա բոլոր ընդդիմախոսների ցանկությունն էր, բայց դա թյուր տպավորություն է։
2020 թ․ նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կախված էր բառացիորեն մազից։ Այսօր հարթակում կանգնած ընդդիմադիրները չկարողացան կտրել այդ մազը, փոխարենը՝ Փաշինյանն այն կարողացավ դարձնել պիրկ պարան և իր գրեթե ընկած իշխանությունը բարձրացրեց պարանն ի վեր։
Այդ պիրկ պարանը, որը սկզբում նման էր նրա իշխանության մահվան տեսիլքին, դարձավ այդ նույն իշխանության ամրապնդման միջոցը․ Նիկոլ Փաշինյանը պահպանեց իշխանությունը՝ մահվան տեսիլ դարձնելով արդեն Հայաստանի կյանքը՝ սեփական իշխանության փոխարեն՝ զոհելով Հայաստանի ներկան ու ապագան։
Նա նոյեմբերի վերջին ներկայացրեց վեցամսյա ճանապարհային քարտեզ և ընդդիմադիրների օգնությամբ հասավ իր ուզածին՝ 6 ամիս անց անցկացնում է ընտրություններ, որոնց արդյունքներով իշխանություն պահպանելը լինելու է բարդ, բայց ոչ՝ անլուծելի խնդիր, ինչպիսին էր իրավիճակը նոյեմբերի 10-ին։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը կարողացավ հաղթահարել իր իշխանության համար անլուծելի թվացող ճգնաժամը, նրա դեմ պայքարողներն իրենց գործողություններով, բայց ավելի շատ անգործությամբ՝ իշխանությունը նվիրեցին Փաշինյանին և այլևս խաղալու են ոչ թե նրա «անհապաղ հեռացման» խաղը, այլ առևտրի մեջ են մտնելու նրա իսկ հետ՝ նոր քաղաքական վերադասավորումներում իրենց մասնաբաժինն ունենալու համար։ Նիկոլ Փաշինյանը՝ պարտվելով պատերազմում, կարողացավ թեկուզ իրավիճակային հաղթանակ արձանագրել այդ նույն պարտության համար իր դեմ պայքարողների նկատմամբ։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում