Պատգամավորը Հիմնադրամում զբաղեցրել է Հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնը, սակայն, ըստ հայցվորի, նա որեւէ անգամ իր պաշտոնավարման ընթացքում չի ներկայացրել Հիմնադրամի գործունեության նկատմամբ աուդիտ իրականացնելու պահանջ:
Փետրվարի 9-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Գրիգորյանը հրապարակեց վճիռ, համաձայն որի՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամը ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ հայցը մերժվեց։
Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներում, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց`«Թերթ Էյ Էմ», «168 Ժամ» ՍՊԸ-ների հետ «Առավոտ Օրաթերթ» ՍՊ ընկերությունն էլ է ներգրավված:
Անցյալ տարի ապրիլի 30-ին Տիգրան Ուրիխանյանը հրապարակայնորեն, www.facebook.com սոցիալական կայքի իր պաշտոնական էջում հրապարակել է գրառում՝ ներառելով տեղեկություններ, որոնք հայցվոր Հիմնադրամի գնահատմամբ՝ զրպարտչական են:
Կարդացեք նաև
Մասնավորապես. «Կառավարությունը փոխեց անհետացած գումարների մասին հարցը բարձրացնողին: Մեկ տարուց ավելի փորձում եմ պատասխան ստանալ, թե ուր է արդեն մեկ միլիարդից ավելի կազմող զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հաշվետվություններում չերեւացող գումարը։ Վստահ եմ, վարչապետի հետ իմ ունեցած մի քանի հարցուպատասխանները հիշում են բոլորը, հիշում են նաեւ վերջինը, երբ ես համաձայնեցի վարչապետ Փաշինյանի առաջարկին` հանձնարարել ՊՎԾ-ին ստուգում իրականացնել։ Մինչ օրս որեւէ տեղեկություն դրանից չկա։ Մինչդեռ տեղի ունեցավ այլ բան՝ կառավարությունը որոշեց հանել ինձ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից՝ ներկայացնելով այն որպես ԲՀԿ-ի առաջարկ` խմբակցությունից իմ դուրս գալու պատճառով, ինչը կամ ապօրինի է, որովհետեւ նման բան չի կարող լինել ըստ հիմնադրամի կանոնադրության (այս հանգամանքը կարող է ստուգել յուրաքանչյուր մարդ բաց տիրույթում), կամ սուտ է, որովհետեւ ոչ խորհրդարանը, ոչ էլ որեւէ խմբակցություն իրավասու չեն Հիմնադրամի խորհրդի ձեւավորմանը մասնակցել։ Հատկապես, վստահ եմ, որ ԲՀԿ-ի մեր գործընկերները հիանալի հասկանում են, թե ժողովրդին պատկանող անհետացած գումարների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնողի փոխարինումը հենց այս պահին ինչ ընկալում կարող է հանրության մեջ առաջացնել (…)»։
Դրան հետեւեց մայիսի 6-ի Ազգային ժողովի նիստում պատգամավորի մեկ այլ հայտարարությունը. «Բազմաթիվ ամիսներով, մի վեց ամսվա կտրվածքով փողը չկար։ Դատախազությունից գրություն ունեմ ստացած, էլի Ձեզ ցույց եմ տվել, որտեղ գրած ա, որ գաղտնի ծախսեր են իրականացվել, բա՞, անցած անգամ հիշում եք՝ հենց էդ էր, է, որ էդ ո՞նց, ի՞նչ իրավունքով են գաղտնի իրականացրել (…): Եվ վերջապես, Ձեր օգնականից գրություն ունեի, որտեղ գրված էր, որ մեկ ու ինը միլիարդի հասնող պարտավորություններ չեն կատարվել (…), հիմա ասենք ցիկլը, բանը, էդ աշխատատեղերը, հարց չկա (…), բա փողն ո՞ւր է, սա ենք, է, խոսում (…)»։
Հիմնադրամի ներկայացուցիչ-փաստաբան Մարտուն Ստեփանյանը մարտի 15-ի թվագրությամբ վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան, փոստով բողոքն ուղարկել նաեւ մեր լրատվամիջոցին: Ըստ Հիմնադրամի ներկայացուցչի, դատարանի վճիռն ապօրինի է, կայացվել է դատավարական եւ նյութական իրավունքի նորմերի խախտմամբ:
Բողոքաբեր կողմը հայցում է բեկանել փետրվարի վճիռը, եւ այն ուղարկել նույն դատարան նոր քննության: Կամ՝ բեկանել վճիռը՝ հայցն ամբողջությամբ բավարարել:
Բողոքաբերն անդրադառնում է ֆեյսբուքյան հարթակում պատգամավորի գրառմանը, հայտնելով. «Սքրինշոթերով հաստատվում են այն փաստերը, որ պատասխանողի արտահայտությունները բացասաբար են ազդել Հիմնադրամի՝ հայցվոր կազմակերպության գործարար համբավի վրա, մասնավորասպես, իքս օգտատիրոջ կողմից նշվում է. «Ուղղակի այդ հիմնադրամը պետք էր փակել, միեւնույն է՝ իր նպատակին չի ծառայում, ինչ-որ մեկի գրպանն է լցնում: Գողը կասի՝ ես գո՞ղ եմ»:
Մինչդեռ, դատարանը, ըստ բողոքի, իր վճռով սահմանափակվել է միայն տասնմեկ կադրահանումների՝ սքրինշոթերի մասին վկայակոչմամբ՝ «Մոռացության մատնելով ներքին համոզմամբ այդ ապացույցները բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման հանգամանքը: Եթե ըստ հավուր պատշաճի դատարանի կողմից ուշադրություն դարձվեր այդ ապացույցին, ապա ակնհայտ կլիներ, որ պատասխանողի հայտարարությունները եւ տեսակետները հայցվորի գործունեության վերաբերյալ իրականում նպատակ են հետապնդել անվանարկելու եւ արատավորելու վերջինիս պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, որպիսի պարագայում դատարանի կողմից վկայակոչված «գնահատողական դատողություններ» եզրույթը եւ դրան միջազգային պրակտիկայում տրված գնահատականները եւ եզրահանգումները սույն գործի քննության եւ լուծման տեսանկյունից կիրառելի չէր լինի»:
Դատարանը պատճառաբանել էր, թե հայցվոր կողմը փաստական հանգամանքներն ապացուցելու պարտականությունը չի կատարել, չնայած հայցվոր կողմը ներկայացրել է դրոշմանիշային վճարների վճարման եւ հավաքագրման առանձնահատկությունների մանրամասնությունները. «Գտնում եմ, որ այսքանն ավելի քան բավարար է, որպեսզի դատարանի վճիռը բեկանվի եւ գործն ուղարկվի ստորադաս դատարան նոր քննության»:
Անդրադառնալով հնչեցված թվերին, բողոքաբեր կողմը նշում է. «Պատասխանողի կողմից արված հայտարարությունները՝ «գաղտնի ծախսեր են իրականացվել», «այդ Հիմնադրամը գաղտնի ծախսեր անելու իրավունք չուներ», «մեկ միլիարդից ավելի կազմող զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հաշվետվություններում չերեւացող գումարը», «ժողովրդին պատկանող անհետացած գումարների» մասին, վկայում են, որ իրականում պատասխանողն անտեսելով հայցվորի կողմից բարեխղճորեն ցանկացած հարցի կապակցությամբ լրացուցիչ պարզաբանումներ եւ դիրքորոշումներ ներկայացնելու պատրաստակամությունը եւ անհրաժեշտությունը, իրապես նպատակ է դրել անվանարկելու եւ արատավորելու հայցվոր կազմակերպության պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը: Չնայած վերոգրյալներին, դատարանը վճռի մեջ գրել է. «Պատասխանողը կարող էր որոշակի կասկածներ ունենալ կամ որակումներ տալ, սակայն Հիմնադրամի կողմից գաղտնի ծախսեր կատարելու հետեւության վերաբերյալ փաստական տվյալներ չներկայացվեցին»:
Այսինքն, դատարանն ընդունել է, որ նշյալ տվյալների տրամադրումը պատասխանող կողմինն էր, ապացուցելու պարտականությունը նրանն էր, սակայն գնահատական չի տվել արձանագրված հանգամանքին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.03.2021