«Պետք է հաղթի առողջ բանականությունը. վարչապետը հրաժարական տա, ստեղծվի անցումային կառավարություն: Վարչապետ ընտրվի (նշանակվի) այնպիսի անձնավորություն, որը կվայելի բոլոր խավերի վստահությունը, որի հետեւանքով կդադարեն բողոքի ցույցերն ու միտինգները, պետությունը բզկտող ձեռնարկումները եւ կմտնենք ընտրությունների նախապատրաստման փուլ». «Առավոտի» զրուցակիցն է ԳԽ (1990-1995թթ.) նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:
– Երկրում լարվածությունը շարունակվում է, կայունություն այդպես էլ չի հաստատվում. ի՞նչ անել:
– Ստեղծված իրավիճակը թելադրված է թշնամու կողմից եւ օժանդակում է չարի գերակայությանը, այն պատել է մեր Սուրբ երկիրը: Չմոռանանք, որ գտնվում ենք Մեծ Պահքի փուլում եւ պարտավոր ենք ապաշխարել, ներել միմյանց, որպեսզի Աստծուն հաճելի լինենք եւ նա կրկին երեսը դեպի մեզ դարձնի, իսկ մեր երկիրը դուրս գա չարի իշխանության ազդեցությունից: Հոգեւորից հեռանալն է, որ պարարտ հող է ստեղծել չարի համար, որի պատճառով պատուհասը պատել է մեր երկրին:
Երկրում կայունություն հաստատելու համար մի շարք գործնական քայլեր պետք է կատարել: Իշխանությունը պետք է քարը փեշից թափի եւ անցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ամենաուշը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մինչ այդ փոխելով Ընտրական օրենսգիրքը եւ նրանից բխող այլ օրենքներում եւ ենթաօրենսդրական ակտերում կատարել անհրաժեշտ փոփոխություններ, որոնք կապված են ընտրությունները անցկացնելու հետ:
Կարդացեք նաև
Մեր պետության կայունությունն ու այս վիճակից դուրս գալն ու զարգացման ուղի բռնելն ու զինված ուժերի արդիականացման անհետաձգելիությունը հրամայական են եւ հապաղելն անթույլատրելի: Դա ոչ միայն կառավարության խնդիրն է, այլ ընդհանրական հայ ժողովրդի: Այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ մեր պետության համար ամեն օրը նշանակություն ունի: Իշխանությունը պետք է դիմի երկխոսության ոչ միայն բազմաշերտ ընդդիմության հետ, այլեւ կարողանա հասնել նրան, որ հասարակության տարբեր խավեր նույնպես հնարավորություն ունենան ընդգրկվելու երկխոսության մեջ եւ գտնվի լավագույն լուծումը կայունություն հաստատելու համար, որովհետեւ հասարակության մեծ մասը չի պատկերացնում տարածաշրջանային իրավիճակի լրջության աստիճանը:
– Իշխանությունը խորհրդարանական ընտրությունների մասին տեւական ժամանակ է՝ խոսում է, բայց դրանք անընդհատ հետաձգվում են: Ենթադրում եք, որ արտահերթ ընտրություններ, ամեն դեպքում, տեղի կունենա՞ն:
– Այո, արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան առաջիկա ամիսների ընթացքում, քանի որ երկրի անկայուն վիճակը դա է թելադրում: Որքան էլ իշխող ուժը դիմադրի, արդեն հատում ենք այն սահմանը, որը կարող է հետագայում իշխող ուժի շատ պաշտոնյաների համար աներեւակայելի խնդիրներ առաջացնել պատասխանատվության առումով: Հակառակ պարագայում, երկար ժամանակով պետք է մոռանանք մեր պետության զարգացման հեռանկարի մասին եւ անընդհատ մնանք միմյանց մեղադրելու եւ պետությունը բզկտելու շրջապտույտի մեջ, որը կարող է հանգեցնել անդառնալի երեւույթների մեր պետականության համար: Իսկ հապաղելը մեզ զրկում է արագ վերակառուցելու բանակը եւ ժողովրդին հոգեբանորեն պատրաստել հաղթանակների: Թուրքիայի, 100 տարի առաջ որդեգրած քաղաքականությունը՝ վերացնել հայ ազգին եւ հայկական պետությունը, դեռեւս չի կարողացել իրականացնել եւ պետք է ձգտի դրան, իսկ մեր խնդիրն է վերակազմակերպվել եւ ոչ միայն արժանի պատասխան տալ, այլեւ տեր կանգնել մեր իրավունքներին: Որեւէ մեկը մեր փոխարեն մեզ չի պաշտպանելու:
– Արտահերթ ընտրությունների շուրջ հիմնական դիսկուրսը Հայաստանում նրա շուրջ է, թե ո՞վ պետք է դրանք կազմակերպի եւ անցկացնի: Փողոցում, իշխանության հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումն» իր տարբերակն է առաջարկում, Նիկոլ Փաշինյանը ջանում է, որ իր իշխանությունը ընտրություններ կազմակերպի: Հանգուցալուծումը ո՞րն է, ըստ Ձեզ:
– Պետք է հաղթի առողջ բանականությունը. վարչապետը հրաժարական տա, ստեղծվի անցումային կառավարություն: Վարչապետ ընտրվի (նշանակվի) այնպիսի անձնավորություն, որը կվայելի բոլոր խավերի վստահությունը, որի հետեւանքով կդադարեն բողոքի ցույցերն ու միտինգները, պետությունը բզկտող ձեռնարկումները եւ կմտնենք ընտրությունների նախապատրաստման փուլ, իսկ մյուս կողմից, պետական համակարգը կսկսի իր նորմալ աշխատանքային գործունեությունը:
– Անցումային կառավարություն ձեւավորելու հարցում առաջ է գալիս վարչապետի անձի խնդիր: «Հայրենիքի փրկության շարժման» թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Այդ թեկնածության հետ շատերն անհամաձայնություն ունեն: Ինչպե՞ս վարվել:
– Վարչապետի անձի խնդիրը շատ կարեւոր է: Անձամբ ես կցանկանայի տեսնել նախկին զինվորականի, ով նաեւ քաղաքականության առումով հեռու չէ պատկերացումներից: Մարդ, որը նախկինում չի առնչվել կոռուպցիոն եւ քրեաօլիգարխիկ համակարգի հետ եւ արատավոր երեւույթներից զերծ է մնացել: Զինված ուժերում հեղինակություն է վայելում, ներկա եւ նախկին իշխանությունների հետ առնչություն չի ունեցել:
– Ո՞ւմ նկատի ունեք:
– Անուններ եկեք չտանք: Մեր երկրի համար այս փուլում առաջնայինը զինված ուժերն են, այդպիսի անձնավորության դեպքում մինչեւ նոր ընտրությունների անցկացումը հնարավոր կլինի նաեւ վերակառուցել բանակը, կամ վերակառուցման հիմքերը դնել: Բոլոր նկատառումներով գերադասելի է նախկին զինվորականը, որովհետեւ որեւէ մեկը չի կարող կանխատեսել Էրդողանի հաջորդ անակնկալը: Իսկ աշխարհը, ըստ էության, լռեց, կուլ տալով ակնհայտ ագրեսիան Հայաստանի դեմ եւ լռելու է նաեւ ապագայում, եթե պատերազմական նոր փուլ սկսվի: Էրդողանին թվում է, թե մարսել է ագրեսիան Հայաստանի դեմ եւ վստահ է, որ իրեն ու Իլհամին աշխարհը չի մեղադրելու այդ հանցագործության համար, ուստի կարող է շարունակել իր ագրեսիվ գործողություններն ու անել այն, ինչ բխում է թուրքական աշխարհի շահերից:
– Իսկ հնարավոր արտահերթ ընտրություններին, Ձեր դիտարկումներով, ինչպիսի՞ ուժեր կմասնակցեն. վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը եւ «Իմ Քա՞յլը», թե՞ այլ ուժեր եւս:
– Վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը, իհարկե, կմասնակցեն, սակայն ինչպիսի ձեւաչափով, դա արդեն ժամանակի խնդիր է եւ նաեւ պահի թելադրանք՝ վերախմբավորվելու: Պետք է չմոռանանք, որ այդ կուսակցություններից միայն «Բարգավաճ Հայաստանն» է, որ միայնակ է ի վիճակի հաղթահարել ընտրաշեմը: Սակայն պետք է նկատի ունենալ նաեւ ստեղծված իրավիճակում նոր քաղաքական միավորների առաջացումը, որոնք հիմնականում ազգայնական ուղղվածություն ունեն: Օրինակ, Ազգային ժողովրդավարական բեւեռը՝ «Սասնա Ծռերի» հիմքի վրա, «Վերելք» կուսակցությունը եւ այլ ուժեր, որոնք կազմավորման փուլում են կամ կկազմավորվեն առաջիկայում: Ենթադրում եմ, որ այդ քաղաքական միավորները կմիավորվեն, միավորման մեջ կարող են ընդգրկվել նաեւ ազգայնական գաղափարախոսության ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ եւ մտավորականներ:
– Մեզանում շատերը` տարբեր պատճառներով, խուսափում են իրենց ազգայնական ճանաչելուց կամ այդպիսի ուղղվածության համարելուց:
– Կարծում եմ, շատերը թյուրիմացության մեջ են ազգայնականություն տերմինի կամ հասկացության նկատմամբ: Ազգայնականությունը դա մի ամբողջ համակարգ է, որը հազարավոր տարիներ գոնե մեր ազգի եւ պետության շարժիչ ուժն է եղել: Նրան 20-րդ դարում մտածված կերպով բացասական երանգավորում տրվեց եւ փորձեցին համեմատելի դարձնել ազգայնամոլության հետ, որոնք ոչ միայն համադրելի չեն, այլեւ հակադիր բեւեռներում են: Եթե ազգայնականությունը ազգի զարգացման առաջընթացի շարժիչ ուժն է, ապա ազգայնամոլությունը կործանիչ երեւույթ է` ընդդեմ տվյալ ազգի եւ պետության: Զորօրինակ, նացիստական Գերմանիան, բոլշեւիկյան Ռուսաստանը:
– Ի՞նչ հիմնավորումով է ազգայնականությունը համարվում ազգի, պետության առաջընթացի շարժիչ ուժը:
– Այս գաղափարի վերաբերյալ հրաշալի մեկնաբանություններ ունեն մեր մեծ մտածողներ Սբ. Մեսրոպ Մաշտոցը, Սբ. Մովսես Խորենացին, Ղեւոնդ Ալիշանը, Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանյանը, Գարեգին Նժդեհը եւ այլք, ինչպես նաեւ ռուս մեծ մատածող Իվան Իլյինը: Ես մի փոքրիկ ուսումնասիրություն եմ կատարել եւ այժմ կարող եմ ավելի հանրամատչելի ներկայացնել ազգայնականություն երեւույթը եւ կարծում եմ՝ ընթերցողի մեջ հիմնովին կարող է վերանալ այն բացասական երանգավորումը, որը համայնավարական (կոմունիստական) գաղափարախուսության հետեւանք էր եւ իներցիայով դեռեւս շարունակվում է, քանի որ փիլիսոփայական եւ պատմագիտական ուսուցման դասագրքերում եւ ուսումնասիրություններում դեռեւս գերիշխում է հընթացս (իներցիոն) մտածելակերպը: Այդպիսի մտածելակերպի արդյունք է, օրինակ, Հայկ Նահապետին առասպելականություն վերագրելը եւ դպրոցական դասգրքերում նրան առասպելական կերպար ներկայացնելը:
Այժմ համառոտ կներկայացնեմ եզրույթը՝ մեջբերելով իմ «Ազգայնականությունը եւ հայ ժողովուրդը» մտորումներից. «Ազգայնականությունը սեր է իր ժողովրդի պատմական կերտվածքի, նրա բնության՝ հոգեւոր հարստության եւ ստեղծագործական գործունեության ողջ ինքնատիպության նկատմամբ: Ազգայնականությունը հավատ է իր ժողովրդի բնազդային եւ հոգեւոր ուժին, հավատ իր ժողովրդի հոգեւոր կոչմանը: Ազգայնականությունը հայ ժողովրդի կամքն է՝ ստեղծագործաբար եւ ազատ ծաղկելու Աստծո պարտեզում: Ազգայնականությունը՝ ժողովրդի մտորումներն է Աստծո առջեւ, նրա հոգու խորհրդածությունը. թերությունների, տաղանդների, պատմական խնդիրների, վտանգների եւ գայթակղությունների առջեւ: Ազգայնականությունը գործողությունների համակարգ է, որը բխում է այդ սիրուց, այդ հավատքից, այդ կամքից եւ այդ մտորումներից:
Ազգայնականությունը վստահ եւ ուժեղ զգացողություն է, որ հայ ժողովուրդը, որպես շնորհ, ստացել է Սուրբ Հոգուց, իր բնազդային զգայարաններով ընդունել է դրանք եւ ստեղծագործորեն վերափոխել իր սեփական ձեւով, նրա ուժն առատ է եւ մղում է հետագա ստեղծագործական նվաճումների եւ, հետեւաբար, հայ ժողովրդին, որպես մշակութաստեղծ ազգ, հարիր է մշակութային «ինքնուրույնությունը», որպես «մեծության գրավական» եւ որպես պետական կյանքի անկախություն:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Զրույցի շարունակությունը՝ «Առավոտի» հաջորդ համարում
Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի հետ պայմանավորվածությունների մասին:
«Առավոտ» օրաթերթ
19.03.2021