Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակությունն արվեստագետներին մահացած է սիրում»

Մարտ 20,2021 12:30

Ասում է խեցեգործ, նկարչուհի Արեւիկ Առաքելյանը

«Դեռ ուսանողության տարիներից փորձել եմ ակտիվ լինել եւ որքան հնարավոր է՝ ինտեգրվել ժամանակակից արվեստում։

Ուսանողության տարիներին ցուցադրվեցի ՆՓԱԿ-ում, որտեղից էլ սկսվեց իմ ճանապարհը` ցուցադրություններ, տարատեսակ աշխատանքներ։ Հաճախ կտավների միջոցով փորձում եմ ցույց տալ այն, ինչ զգում եմ։ Առհասարակ, չեմ սիրում նյութի սահմանափակում, դա կլինի քանդակ, կտավ, թե ինստալացիա։ Ըստ իս, կարեւորը ներկայանալի լինելն է, այսինքն՝ միտքը տեղ հասցնելը։ Երբ զգում եմ, որ նյութը պետք է կավով լինի, գիպսով կամ մեկ այլ բանով` անում եմ հենց այդպես»,-ասում է խեցեգործ, նկարչուհի Արեւիկ Առաքելյանը:

Մեր զրուցակիցը հավելում է, որ արվեստն իր ոգեշնչումն է, եւ երբ ընտրում ես որեւէ մասնագիտություն, այն պետք է քո մեջ ապրի։ Ունի կտավի վրա արված շուրջ 40 աշխատանք, գրաֆիկաները թղթի վրա 100-ից ավելի են։ Ուսանողական շրջանից մասնակցել է տարատեսակ ցուցահանդեսների:

Մարտի 10-ին էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Գարնանային մեղեդի» միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվեցին Արեւիկ Առաքելյանի նկարները։ Նրա խոսքով՝ այս օրերին մարդիկ դժվարանում են այցելել ցուցահանդեսներ` հասկանալի պատճառներով։

Քաղաքական խառնիխուռն իրավիճակում մարդիկ դժվարությամբ են տնից դուրս գալիս, հետպատերազմյան վիճակն էլ մյուս կողմից է անդրադառնում արվեստի մարդկանց վրա, սակայն, չնայած այս ամենին, մեր զրուցակիցն իր ցուցահանդեսը համարում է հաջողված։

«Ճիշտն ասած, այս օրերին մարդկանց մեծաքանակ հոսք չեմ սպասում, բայց ընթացիկ այցելուներ լինում են։ Կարեւորն այն է, որ միջոցառումը հանգիստ եւ հաճելի միջավայրում տեղի ունեցավ։ Անձամբ ես գոհ էի, եկել էին այնպիսի մարդիկ, որոնք ինձ չէին ճանաչում եւ դա ամենաոգեւորիչն էր, որ մարդիկ առանց ճանաչելու, առանց քո հայտնիության` ժամանակ են տրամադրում ցուցահանդեսին։ Առաջիկայում նոր շարքի վրա կաշխատեմ։ Պատերազմից հետո աշխատել եմ մի կտավի վրա, պատերազմական թեմայով է: Այդ շարքը շարունակական կլինի: Ունեի նաեւ «Մեքսիկա» թեմայով շարքը, որը կիսատ է մնացել։ Պլանները մի քիչ փոփոխվել են, ստեղծագործական տեմպը պահելու եմ»,-ասում է արվեստագետը։

Ստեղծագործելու համար նկարչուհին նախընտրում է արվեստանոցային պայմաններ։ Ասում է, որ անհրաժեշտ է հնարավորինս թեթեւ, հանգիստ միջավայր, որտեղ ինքդ քեզ հետ կլինես եւ կկարողանաս ազատ եւ ճիշտ վերարտադրել մտքերդ։ «Հասարակությունը, ըստ իս, արվեստագետներին մահացած է սիրում։ Երբ մարդ կենդանի է, իրենց կողքին է ապրում, երբ իրենց հետ զրուցում է, չեն գնահատում այդ մարդու ներկայությունը։ Չեմ ցանկանում մեծ-մեծ բաներ ասել, բայց կարելի է հետաքրքրությունը պահել, քանի որ դա արվեստագետին ոգեւորում է»,-ասում է նա։

Երիտասարդ նկարչուհին նշում է, որ շատ նկարիչներ եւ արվեստագետներ չեն ընդունում, որ յուրաքանչյուր մարդ կարող է նկարել, ինքն էլ է համամիտ այդ մտքին, բայց մյուս կողմից էլ վստահ է, որ յուրաքանչյուր մարդ՝ անկախ իր մասնագիտությունից, արվեստ է կրում իր ներսում, եւ մեղք է ստեղծագործելու ցանկությունը սպանելը: «Եթե յուրաքանչյուր ոք իր համար փոքր-ինչ զբաղվի արվեստով, ինքն իր ներսում ավելի հանգիստ կլինի։ Պետք է փորձել, որքան հնարավոր է՝ ինտեգրվել արվեստի մեջ եւ հետաքրքրվել արվեստով»,- կարծում է Արեւիկ Առաքելյանը։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031