Միրզա Տեր-Սարգսյանը Արցախի նշանավոր մտավորականներից էր: Նա ծնվել է 1859թ. Արցախի Վարդաձոր (նախկին Փիրջամալ) գյուղում, Առաքել քահանայի ընտանիքում: Նրա առաջին ուսուցիչը եղել է հայրը, ով էլ սովորեցրել է գրել ու կարդալ: Հետագայում, նա սովորել է հարեւան Վարազաբույնի նորաբաց ծխական դպրոցում, որտեղ էլ դարձել է ամենաուշիմ աշակերտներից մեկը: Այնուհետեւ Միրզան ընդունվել է Շուշիի հայտնի թեմական դպրոցը, որտեղ ուսանելու տարիներին ընդգրկվել է ուսանողական շարժումների մեջ եւ պայքարել դպրոցական ռեֆորմներ անցկացնելու համար: Ամենից առաջ նա ձգտել է դպրոցում առաջնահերթ համարել հայոց պատմության ու գրականության խորը ուսուցումը:
1884թ. սկսած տարբեր թերթերում, տարբեր գրական կեղծանուններով տպագրվել են նրա փոքրիկ պատմվածքները, վեպիկներն ու զրույցները: Միրզան հաճախակի է հանդես եկել «Նոր Դար», «Մշակ», «Երկիր», «Ժամանակ», «Ժայռ», «Խարիսխ», «Արօր», «Վտակ», «Հորիզոն», «Ղարաբաղ» եւ այլ պարբերականներում:
Իսկ նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է 1881թ., երբ աշխատել է Ղարաբաղի Հայոց կոնսիստորիայում, որպես գրագիր: 1894թ. մարտի 13-ին Շուշիում ընտրվել է Հայոց Բարեգործական ընկերության տեղի վարչության վերաստուգիչ հանձնաժողովի անդամ, իսկ նույն տարվա հոկտեմբերի 30-ին՝ նույն ընկերության քարտուղար: Հաջորդ տարի մարտի 5-ին Միրզան ընտրվել է նույն ընկերության Շուշիի մասնաճյուղի վարչության փոխանդամ, 1897թ. մարտի 16-ին՝ վարչության անդամ: Նաեւ 1895թ. դեկտեմբերի 10-ին Միրզա Տեր-Սարգսյանը, մի շարք անձանց հետ միասին, Շուշիի Ագուլեցոց եկեղեցում ընտրվել է թեմական դպրոցի համար հոգաբարձական պատգամավոր: Միրզան աշխատել է նաեւ ուսուցիչ, իսկ 1910-ական թթ. մինչեւ Շուշիի ավերումը՝ Ղարաբաղի Հոգեւոր առաջնորդարանի ատենադպիր:
Նրա գրական հակումները դրսեւորվել են երիտասարդ տարիքում: Ժամանակի հայկական մամուլում լույս են տեսել նրա մի շարք պատմվածքները, գլխավորապես՝ Ղարաբաղյան թեմաներով: 1911թ. մայիսին գրել է «Դարձեալ Շուշին» վերնագրով հոդվածը, որտեղ հորդորել է հայրենակիցներին, որպես ամառանոց ընտրել Շուշին: Նա գրել է. «Կոչ եմ անում օտարահպատակ ղարաբաղցիներին – պարոններ, մի այդքան աչքաթող անէք ու արհամարհէք ձեր հայրենիքը: Ամարանոց էք գնում՝ գնացէք Շուշի, ձեր տուն ու տեղը, ձեր սիրուն, կանաչկոտ բաղչաները: Մոռացէք վէրքերը, սիրեցէք հայրենիքը: Որքան մօտենաք նրան, այնքան նա շունչ կառնի, որքան շփում ունենաք՝ այնքան կենդանութիւն կստանայ…»:
Կարդացեք նաև
1914թ. Շուշիում, Մելքում Բաբաջանյանի տպարանում տպագրվել է նրա «Կաթիլներ» ժողովածուն, որտեղ Միրզան արծարծել է ժամանակի շատ հուզող հարցեր: Իսկ 1916թ. հուլիսի 18-ին Շուշիից գրել է. «Գլուխ բարձրացրած աւազակութիւնը» հոդվածը, թուրքական վայրագությունների մասին: Այդ հոդվածում նա Միտսար կեղծանունով գրել է. «Նորից գլուխ է բարձրացնում թուրք ոճրագործութիւնը, թուրք աւազակութիւնը, որ երկար տարիներ լռած էր: Մենք ուրախացել էինք, թէ նա խելքի է եկել, ընտրել կեանքի խաղաղ ճանապարհը – բայց ի զուր»:
Պահպանվել է Միրզա Տեր-Սարգսյանի չափազանց արժեքավոր, ծավալուն ձեռագիր «Լեռնային Ղարաբաղը 1917-1923 թթ.» աշխատությունը, որը բաղկացած է երկու մասից. առաջինում նախախորհրդային Արցախն է, երկրորդում՝ լեռնային երկրամասը խորհրդային կարգերի առաջին օրերին: Միրզան ականատեսի եւ գործողությունների ակտիվ մասնակցի աչքերով է ներկայացրել ժամանակի դեպքերը: Այն ճշմարտացի մի իրապատում է, որտեղ ուրվագծվում են Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Հեղինակը տարբեր բաժիններով ներկայացրել է թուրք-ազերիների վայրագությունները, Խոսրով-բեկ Սուլթանովի հայատյացությունը, Ասկերանի անկումը, Շուշիի կործանումը, գերիների ջարդը, գաղթականների դրությունը, զորավար Անդրանիկի եւ Դրոյի գործողությունները եւ այլ ուշագրավ փաստեր: Այսօր էլ այդ ամենի գիտակցումն ու խորը վերլուծությունները չափազանց կարեւոր են:
Միրզա Տեր-Սարգսյանը եղել է մեծ ընտանիքի հայր եւ իր երեխաներին դաստիարակել է հայրենասիրության ոգով: Նա մահացել է 1927թ.:
Ստորեւ ներկայացնում ենք Միրզա Տեր-Սարգսյանի «Մեռնող քաղաքը» գրվածքը, որտեղ ականատեսի աչքերով է նկարագրել 1920թ. օգոստոսին Շուշիում թուրքերի կողմից կատարված հայկական ջարդերն ու վայրագությունները:
«Սուլթանովը վճռել էր, ինչ գնով էլ լինի, տիրել Ղարաբաղին: Ամենօրյա խրոնիկական դարձած ջարդերն ու խժդժությունները լցրել էին հայի համբերության բաժակը: Բայց եւ այնպես, նա որոշել էր նախահարձակ չլինել կռվի մեջ, այլ մնալ ինքնապաշտպանի դերում: … Եվ սկսում է մի անպատմելի խուճապ, մի սոսկալի փախուստ, առանց սրի ու կրակի առաջ կանգ առնելու, քաջ իմանալով, որ մարդ իր գլխի տերը չի կարող լինել եւ չի էլ մարգարեանալ կընկնի՞, թե կազատվի բախտի բերմունքով: Փախուստն սկսում է ամենից առաջ Քամու-ջաղացից, հետո կազարմի տակից եւ ապա ներսի թաղերից: Առաջնորդարանի փողոցը, սկսած Անանեանց տներից մինչեւ Բախշի-բեկ Ասրիբեկեանցի տունը, բռնված էր սպայական դպրոցի զինվորներով եւ սրի ու հրի էր մատնվում այդ հարուստ թաղը, աջ ու ձախ անխտիր:
Այդտեղից շատ քիչ մարդ է կարողանում ազատվել: Չեն խնայում նույնիսկ թեմական առաջնորդին, որ միշտ խաղաղություն էր քարոզում եւ շարունակ աշխատում համերաշխություն պահպանել երկու հարեւան ժողովուրդների մեջ: Առաջնորդարան, թեմական դպրոց, կոնսիստորիա իրեն դիվանով, թանկարժեք կահ-կարասիքով, գործերով, ամբողջ Ղարաբաղի հայության հարյուր տարվա արձանագրական մատյաններով ու անգնահատելի դոկումենտներով եւ հնություններով, տաճկահայ որբերի որբանոցն իր 120 որբերով, որոնք խնամվում էին Շուշում չորս տարուց ի վեր, կլուբ, բարեգործական ընկերություն՝ իրենց գրադարաններով, պետական վարչություններ՝ իրենց գործերով, դպրոցներ, եկեղեցիներ իրենց թանգարաններով եւ հարուստ զարդերով ամբողջովին կրակի են մատնում՝ անտարակույս կողոպուտի ենթարկելուց հետո… Մենք բռնել էինք «փրկության ճանապարհը»:
Բուլվարը մեզ չփրկեց եւ ոչ մեր տուն դառնալու հույսերն իրականացան: Օրվա «հերոսներից» մեկի կանչը, թե փախե՛ք ու ազատվեցե՛ք, քանի դեռ Քարինտակի քերծը մեր ձեռքին է եւ այդ է մեր միակ անցքը, մեզ ինքնամոռաց շտապանքով ձգեց քաղաքի խուլ-խուլ փողոցները, տների բակերն ու պարտեզները: Մեր առաջ, մեր ոտքերի տակ, մեզ հանդիպում էին ընկած դիակներ, կիսամեռ մարդիկ, գունաթափ կանայք ու երեխաներ, արյան մեջ թավալվողներ:
Ընկնում էին շատերը մեր կողքին, մեր ձեռքերի վրա, մեր ոտքերի տակ, մեռած, վիրավոր, աղաչանքը բերաններին մի կում ջուր հայացքով, մի փրկություն աղերսելով … Մայրն ընկնում է աղջկա կողքին, աղջիկը կռանում է, որ բարձրացնի, հանկարծ այն կողմից վրա է հասնում ասկյարը, վիրավոր մորը սվինով տապալում գետնին՝ շունչն ավելի շուտ փչելու համար ու աղջկան թեւի տակն առած թուրք սպային ընծա տանում … Գեղեցկուհի մոր գրկին մանուկը վիրավորվում է, մայրը հանում է թաշկինակը, որ վերքը կապի, սպան մոտենում է, մանկանը մոր գրկից առնում դեն շպրտում իբրեւ մի ավելորդ եւ իրեն խանգարող բեռ՝ եւ օրհասական կռվով, ճվոցով ու ծվոցով իր երեսը ծվատող մորը ներքեւ քաշ տալիս…
Ո՞վ էր նայողը: Թեկուզ բարեկամ, թեկուզ հարազատ ու աչքի ազիզ, ամեն մարդ իր գլուխն էր ազատում, ամեն մարդ իրեն փախցնում:
Մայրն իր որդուն էր կորցնում, կինը հիվանդ ամուսնուն, որդին պառավ մորը, քույրը եղբորը: Եվ վազում էին անզգա, վայրենաբար, մեկը մյուսի ձեռքից բաց ընկած, մեկը մյուսին կորցրած, իսկ ով ավելի քաջ էր՝ իր երեխային գրկած, մեկին էլ ձեռքից բռնած:
Ո՞ւր էինք փախչում գլխապատառ: Առաջներս գնդակ, ետեւներս կրակ, իսկ քաղաքի սպիտակ փողոցները կարմիր արյունով ներկված: Բայց ահա փրկության միակ հույսը: Ամպը պատում է քաղաքի շուրջը եւ թշնամու գնդակն այլեւս մեզ չի բռնում, թեկուզ նա թափվում է կարկտի պես, թեկուզ մեկ-մեկ իր որսն է տանում: Ժողովուրդը ծովացել էր բուլվարի ուղղությամբ եւ կուզեկուզ բարձրանում էր Քարինտակի քերծի գլուխը:
Այդտեղից ամպերի միջով հետ նայողի աչքին Ղարաբաղի փառք ու պարծանք Շուշին եւ նրա սիրտը հրեղեն լեզուների մեջ դժգույն պատկեր էր ներկայացնում, աղոտ ու սեւ ծուխ ու մուխ, կարմիր բոցերով ներկված, իսկ գնդակների սուլոցն ու երբեմն լսվող պես-պես դժոխային ձայները եւ թուրք խուժանի լիրբ բացականչությունները մեր ջղերն էին ցնցում: Մեռնում էր քաղաքը: Մեռնում էր հոգեվարքի մեջ ջղաձգություններ անող հիվանդի նման: Բայց մենք լուռ էինք, սուգ ու աղաղակ չէինք բարձրացնում: Ո՞վ կհամարձակվեր ձայն հանելու …Երեսներս շրջեցինք ու անցանք … Իջնում էինք, գրեթե սոթ էինք տալիս դեպի Քարինտակը՝ իրար վրա թափված … Քերծը չի թողնում մեզ գնդակ բռնելու: Բայց հենց որ քիչ ցածանում էինք, մեր պտույտը փոխում, դարձյալ գնդակը Ջտիր-տուզի գլխից սկսում է կատակներ անել մեզ հետ, դարձյալ մեր առաջ ընկնում են դիակներ: Էլի փառք ամպին, թե չէ մեզ բոլորիս գնդացիրներով կջնջեին:
Քարինտակը մի քիչ շունչ է տալիս մեզ: Ուրախանում ենք, որ կենդանի ենք: Մարդ կարողանում է խելքը գլուխը հավաքել եւ ականել յուրայիններին. որքա՜ն կորած ու հետ մնացած մարդիկ: Նոր են սկսում ախ ու վիշ, նոր կանչեր: Շատերը գտնվում են, շատերը չէ, իսկ շատերը հիշում են, որ իրենց տան անդամների կեսը մնացել է քաղաքում: Անձնուրաց մարդիկ, սրտացավ մարդիկ, հետ են գնում, որ բերեն իրենց սիրելիներին եւ այլեւս չեն վերադառնում: Կատաղի, հուսահատ դեմքեր են, որ հանդիպում են իրար, խելագար լեզուներ, որ չեն հասկանում իրար… Նայում ենք՝ մեկը դուրս է եկել առավոտյան ոտնամաններով, մեկն անգլխարկ, մեկն անկոշիկ, մեկն առանց վերարկուի, մեկն առանց հացի: Տասից մեկի ձեռքին հազիվ տեսնում ենք մի փոքրիկ կապոց, այն էլ՝ մեջը փոխնորդ կամ հաց, որ վերցրել էին այն ենթադրությամբ, թե մի քանի օրից հետո դարձյալ պիտի վերադառնան իրենց տները… Միլիոնատերն իր ոսկու քսակը, իր թղթադրամի կապոցն էր թողել եւ առաջարկում էր ղարաբաղցի մշակին գնալ եւ բերել՝ կեսն իրեն տալու պայմանով, բայց մշակը պատասխանի փոխարեն միայն երես էր շրջում: Ո՞վ էր համարձակվել եւ իր գլխից ձեռք վեր առել ետ՝ դեպի կրակը գնալու:
Իսկ ավելի սարսափելին: Վիրավոր մոր կրծքի վրա ընկած մանուկը մոր ծիծն է ծծում, իսկ մայրն անզգա, վերջին շնչում … մի տարեկան երեխա պատմում է, որ իրենց տան հինգ հոգուն իր աչքի առաջ մորթեցին եւ ինքը միայն պահարանի տակ թաքնվելով, կարողացավ ազատվել … մի մայր կամենում է պատմել … բայց ուշագնաց ընկնում է եւ պատմությունը մնում է անհայտ … Ա՜հ … բավական է … Վերջ չունեին տեսարաններն ու պատմությունները: Ու փախուստն այսպես շարունակվում է դեպի Վարանդայի խորքը: Ամենքը գժվածի պես, ամենքը ցնցվածի պես…»:
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող
նկարւ
Գլխավոր լուսանկարում՝ Շուշին 1920-ական թթ.
«Առավոտ» օրաթերթ
19.03.2021