Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Արտակ Դավթյանը համաձայնեց ԳՇ պետի պաշտոնում փոխարինել Օնիկ Գասպարյանին

Մարտ 19,2021 23:23

Վարչական դատարանն օրերս բավարարել է ԳՇ պետ նախկին-ներկա պետ Օնիկ Գասպարյանի եւ նրա պաշտպանների միջնորդությունը`մինչեւ գործի ըստ էության քննելը, Օնիկ Գասպարյանին համարել ԶՈւ գլխավոր շտաբի պետ։ Հիշեցնենք, Օնիկ Գասպարյանը`ԳՇ պետի պաշտոնից իր ազատման հարցը վիճարկում էր Վարչական դատարանում:

Այդ ընթացքում Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանից առաջարկություն էր ստացել` ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու մասին: Իրավական կազուսի արդյունքում, ԳՇ պետի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Ստեփան Գալստյանը: Նա ԳՇ պետի տեղակալն էր:

Օնիկ Գասպարյանի`ԳՇ պետ լինել-չլինելու հարցի շուրջ վեճը շարունակվում է. կառավարությունում չհաշտվեցին Վարչական դատարանի որոշման հետ: Վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, ասելով, որ «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, 10.03.2021թ․-ին, ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչն արձանագրել է ՀՀ վարչապետը նույն օրը տարածված հայտարարությամբ»։ Մինչ այս իրադարձությունները զարգանում էին, ԳՇ պետի նախկին-ներկա տեղակալ Տիրան Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ մարտի 18-ին, ժամը 8.30-ից Օնիկ Գասպարյանն իր աշխատասենյակում է եւ բնականոն աշխատանքային ռիթմի է անցել` ԳՇ պետի կարգավիճակում։

Թե այս իրավաքաղաքական վեճն ի՞նչ հանգուցալուծում կստանա`դժվար է կանխատեսել, մանավանդ անցած երկու օրերի ընթացքում իրավաբանները տարբեր, շատ հաճախ նաեւ իրարամերժ կարծիքներ էին արտահայտում: Նաեւ ռացիոնալ առաջարկներ եղան`«լեզու գտնել» եւ առաջ շարժվել, այլապես անհարմար իրավիճակ է ստեղծվում: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Արտակ Դավթյանը նույնպես այս ընթացքում լինում է ԳՇ-ում, հավանաբար իբրեւ «կառավարության լիազոր ներկայացուցիչ»:

Նա զբաղեցնում է ԳՇ պետի պաշտոնակատար նշանակված Ստեփան Գալստյանի աշխատասենյակը: Արդյունքում, ինչ հանգուցալուծում էլ այս խնդիրը ստանա, թե իրավական, թե բարոյական, թե զուտ մարդկային իմաստով ամենաանհարմար վիճակում Արտակ Դավթյանն է հայտնվում:

Հիշեցնենք, որ 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո նա ստանձնել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, 2020-ի հունիսին նրան այդ պաշտոնում փոխարինեց Օնիկ Գասպարյանը։ Իսկ 2020-ի ամռանը`հուլիսի 17-ին, Արտակ Դավթյանը նշանակվել էր Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ: Սա, ի դեպ, քաղաքացիական պաշտոն է: 2021-ի մարտի 9-ին, Արտակ Դավթյանը Վաղարշակ Հարությունյանի հրամանով կրկին վերադարձավ ԶՈՒ համակարգ`նշանակվելով հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։ Այս ողջ պատմության մեջ հարցերի հարցն այն է, թե ինչո՞ւ Արտակ Դավթյանը համաձայնեց Օնիկ Գասպարյանին փոխարինել ԳՇ պետի պաշտոնում`մի իրավիճակում, որը մեղմ ասած, բարենպաստ չէր`բոլոր առումներով:

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո ԳՇ մյուս սպաները վերահաստատեցին նախկին հայտարարությունը`փաստելով, որ «ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները»։

Թե այս պայմաններում Արտակ Դավթյանն ինչպե՞ս էր պատրաստվում աշխատել-ղեկավարել մի կառույց, որտեղ չեն կիսում իր մոտեցումները`անհասկանալի է: Ընդ որում, այդ կառույցը մեր պետական կառավարման կարեւորագույն օղակներից մեկն է եւ Արտակ Դավթյանի զինակից-գործընկեր-ընկերները սկզբունքային անհամաձայնություն ունեն իր հետ: Հանրային որոշակի շրջանակներում մեծ ակնկալիքներ կային, որ չի գտնվի սպա, ով ստեղծված իրավիճակում կընդունի Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Ինչեւէ:

Այս իրադարձություններից առաջ բավական ուշագրավ դատավարություն էր սկսվել: Խոսքը Դավիթ Գալստյանի`հայտնի «Պատրոն Դավիթի» գործի մասին է: Նրան մեղսագրվում է ծանր հանցագործություն`խաբեությամբ ՊՆ-ից խոշոր գումար հափշտակել: Ըստ ԱԱԾ հաղորդագրության. «Օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը»:

Թե հատկապես ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը, որոնք ձեռք են բերվել`թաքցնելով դրանց տակտիկատեխնիկական բնութագրերը, պաշտոնական տվյալներ չկան: Բայց այս ընթացքում բավական շատ խոսվեց «Օսա-ԱԿ»-ների մասին, որոնք մինչ 44-օրյա պատերազմն էին ձեռք բերվել, իսկ պատերազմի ընթացքում պարզվել է, որ դրանք անպիտան են: ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն առաջին անգամ խոսեց սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռք բերման պլանի փոփոխության մասին: «Պիտի ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ», կատարելագործվեր «Իսկանդեր» համակարգը, ձեռք բերվեր մեծ քանակությամբ զինամերք: 2018-ի գործողությունների պլանը փոխել են: Ձեռք են բերել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել: Ձեռք են բերել, որովհետև չեն պատկերացնում՝ պատերազմն ինչ է, քանի որ չեն իմացել՝ ինչի համար են ձեռք բերում: Սա էլ չեն կարող հերքել, քանի որ ես վարչապետին իր կաբինետում նստած ասել եմ, որ իմացել եմ, որ պայմանագիրը կնքված է եղել, ասել եմ, որ սրա համար հանցագործություն եք կատարելու և պատասխան եք տալու: Նա պատասխանեց՝ արդեն արել ենք»,- 2020-ի նոյեմբերի 19-ին, ասուլիսում, հայտարարել էր Մովսես Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ԳՇ պետի պաշտոնից Մովսես Հակոբյանն ազատվել է 2018-ի մայիսի 24-ին: Նույն օրը ԳՇ պետի պաշտոնում նշանակվել էր Արտակ Դավթյանը:

Հարց. միգուցե այս վիճելի պայմանագրերի տակ հենց Արտակ Դավթյանի ստորագրությո՞ւնն է ու հենց դա՞ է պատճառը, որ նա լռելյայն կատարում է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները: Քանի որ ակնհայտ է, որ վերջինս չէր կարող տեղյակ չլինել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումների պլանի փոփոխության մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031