Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը թանկացել է․ առողջապահություն, կրթություն, սնունդ, հագուստ՝ գնաճը բավականին բարձր է

Մարտ 19,2021 22:00

Հայաստանում թանկացումները «վախեցնող են», հատկապես եթե հաշվի առնենք, որ աշխատավարձերի բարձրացում էլ չի եղել։

Այս տարվա փետրվար ամսին նախորդ տարվա փետրվարի համեմատ գնաճը կազմել է 5.3%, իսկ հունվարին՝ նախորդ հունվարի համեմատ՝ 4.5%։

Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների, մեր երկրում այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ սննդամթերքի գնաճը կազմել է 6.6% իսկ փետրվարին՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 8.1%։ ՎԿ-ի՝ սպառողական զամբյուղում ներառված սննդամթերքից ամենաշատը թանկացել է շաքարը, հունվարին այս ապրանքատեսակի գնաճը կազմել է 40.7% իսկ փետրվարին՝ 40.6%:

Հաջորդ սննդամթերքը, որը առաջին անհրաժեշտության է, եւ որը բարձր գնաճ ունի, հավկիթն է, այն հունվարի թանկացել է 26.4%-ով, իսկ փետրվարին 52.5%-ով։

Հացաբուլկեղեն եւ ձավարեղեն ապրանքային շուկայում այս տարվա հունվարին գնաճը կազմել է 8.4%, իսկ փետրվարին՝ 9%։ Հացը թանկացել է 7.9%-ով, փետրվարին՝ 8.4%։ Բրինձը փետրվարին թանկացել է 12.1%-ով, հունվարին նախորդ հունվարի համեմատ բրինձը թանկացել էր 11.2%-ով, ալյուր եւ այլ ձավարեղեն ապրանքների շուկայում գնաճը հունվարին 13.8% է, իսկ փետրվարին՝ 14.6%, մակարոնեղենը՝ փետրվարին 8.4%-ով է թանկացել, հունվարին՝ 7.4%-ով։

Ի տարբերություն այլ սննդամթերքների, միսը հունվարին մի փոքր էժանացել էր՝   0.1%-ով, սակայն փետրվարին կրկին թանկացել է, գնաճը կազմել է 1.5%։

Տավարի եւ հորթի միսը այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էժանացել է 4.7%-ով, իսկ փետրվարին՝ փետրվարի համեմատ՝ 3.8% -ով, խոզի միսը՝ այս հունվարին էժանացել է 0.6%-ով, իսկ փետրվարին՝ 4.7%-ով։ Իսկ ահա թռչնամսի գնաճը հունվարին կազմել է 7.8%, փետրվարին՝ 9%, գառան, ոչխարի եւ այծի մսի գնաճը՝ 1.5%՝ հունվարին, 0.7%՝ փետրվարին։ Ինչպես ասում են՝ միս չենք կարող ուտել, ձուկ կերեք, ձուկն էժան է մսից, գումարած որ մի քիչ էլ էժանացել է, հունվարին 1.5%-ով, փետրվարին 0.5%-ով։

Կաթնամթերք եւ պանիր ապրանքային շուկայում գնաճն այս տարվա հունվարին կազմել է 7.7%, իսկ փետրվարին՝ 13.1%, անարատ կաթը հունվարին՝ 1.8% , փետրվարին՝ 2.1%։ Կարագն էլ բավականին թանկացել է, հունվարին այս սննդամթերքի գնաճը կազմել է 4.3% , փետրվարին՝ 5.6%, յուղեր եւ ճարպեր ընդհանուր ապրանքային շուկայում գնաճը այս տարվա հունվարին՝ նախորդ հունվարի համեմատ, կազմել է 16.9%, իսկ փետրվարին՝ 19.7%, ձիթապտղի յուղը՝ հունվարին՝ 1.4% , փետրվարին՝ 1.9%։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն կարտոֆիլն էլ էժանացել է, ընդ որում՝ զգալի, օրինակ՝ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ այս ապրանքն էժանացել է 17.6%-ով, իսկ փետրվարին՝ 15.5%-ով։

Ալկոհոլային խմիչքների շուկայում նույնպես բարձր գնաճ է արձանագրվել, հունվարին՝ 12.9%-ով է թանկացել, փետրվարին՝ 8.9%-ով։ Հունվարին հագուստ եւ գործվածք ապրանքների շուկայում արձանագրվել է 2.1% գնաճ, իսկ փետրվարին՝ 5.0%։ Ընդ որում, հագուստի պատրաստման համար գործվածքները թանկացել են 8.6%-ով՝ հունվարին, իսկ փետրվարին՝ 9.2%-ով։

Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա եւ բնակարանի ընթացիկ սպասարկում շուկայում հունվար ամսին գնաճը կազմել է 5.8%, իսկ փետրվարին՝ 6.9%:

Թանկացումներ են եղել նաեւ առողջապահության ոլորտում։ Հիշեցնենք, որ գնաճի համեմատությունը, յուրաքանչյուր ամսվա փոփոխությունն է նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ։ Եվ առողջապահության ոլորտում հունվարին եւ փետրվարին գնաճը կազմել է 5.6%։ Ընդ որում, առողջապահությունում ամբուլատոր ծառայությունները հունվարին թանկացել են 3.2%-ով, իսկ փետրվարին՝ 2.0%-ով, բժիշկների ծառայություններն, ըստ ՎԿ-ի, հունվարին թանկացել է 6.3%-ով, իսկ փետրվարին՝ 4.0%-ով։ Մասնագիտական բժշկական խորհրդատվական ծառայություններն էլ հունվարին թանկացել են 6.3% -ով, իսկ փետրվարին՝ 4.0%-ով, բժշկական հետազոտական լաբորատորիաների եւ ռենտգեն կաբինետների ծառայությունների գնաճը հունվարին կազմել է 1.3%, իսկ փետրվարին՝ 0.8%, իսկ հիվանդանոցների ծառայությունների գները հունվարին թանկացել են 1.5% -ով, իսկ փետրվարին՝ 0.5%։

Այս տարի թանկացել է նաեւ կրթությունը, հունվարին՝ 2.0%, փետրվարին՝ 2.1%, ընդ որում, ինչպես արձանագրել է ՎԿ-ն, նախադպրոցական եւ տարրական կրթության ոլորտում գնաճը կազմել է 2.1%, իսկ փետրվարին՝ 2.2%, տարրական կրթության ոլորտում գնաճը հունվարին եւ փետրվարին կազմել է 3.2%, միջնակարգ կրթությունում հունվար եւ փետրվար ամսին՝ 5.3%, հետմիջնակարգ եւ ոչ բարձրագույն կրթության ոլորտում հունվարին եւ փետրվարին գնաճը կազմել է 4.6%, բարձրագույն կրթությունում գնաճի ցուցանիշը հունվար-փետրվարին կազմել է 1.8%։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին կենտրոնական բանկի խորհրդի նիստում ԿԲ-ն որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5.5%։ Նկատենք, որ ԿԲ-ն կանխատեսում է, որ 12-ամսյա գնաճը նպատակային 4% ցուցանիշի սահմաններում կլինի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031