«Ես՝ որպես քաղաքացի պահանջ ունեմ խորհրդարանում նստած ընդդիմադիր պատգամավորներին, որոնք փողկապները հագել, եկել, նստել, հարցեր են տալիս»,-Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք՝ կառավարությունը հեղինակել է «Դատական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը», որով բարձրագույն դատական խորհրդին լիազորություն է տրվում դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթներ իրականացնելու։
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ պետք է ընդդիմադիր պատգամավորներն ամբիոնը գրավեն և թույլ չտան, որ նիստն ընթանա:
Խոսելով նախագծի մասին՝ նա ասաց. «Այս նախագիծը Սահմանադրության ամենակոպիտ խախտում է: Ո՞վ է տեսել, որ դատավորը գործ քննի, և ինչ-որ մարմին՝ թեկուզ ԲԴԽ-ն, ընթացքում որոշի, որ այդ գործն այդ դատավորից վերցնում է: Սա արդարադատության իրականացման գործընթացի կոպտագույն խախտում է»:
Կարդացեք նաև
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ իշխող ուժը 2012-ին մշակված նախագծից իրեն ձեռնտու դրույթներն է վերցնում. «Քրեական դատավարության օրենսգրքից եթե վերցնում եք դրույթներ, բարի եղեք՝ վերցրեք ոչ միայն ձեզ, այլև քաղաքացիներին ձեռնտու դրույթները: Ինչո՞ւ եք վերցնում փաստաբանի իրավունքների սահմանափակման կտորը և մոռանում եք քաղաքացիների համար այնքան կարևոր տնային կալանքի ինստիտուտը և բազմաթիվ այլ ինստիտուտներ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ