Մարտի 19-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ստոմատոլոգիական ֆակուլտետի անմահացած ուսանող Կիմ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ։
Որպես զինվոր ռազմաճակատ մեկնած բժիշկի՝ Կիմ Խաչատրյանի հուշ երեկոյի ընթացքում հնչեցին իր սիրելի բանաստեղծություններն ու երգերը, ելույթ ունեցան Կիմի հարազատները, ընկերները և ԵՊԲՀ-ի ուսանողներ։
Վայոց ձորում ծնված տղան դեռ մանուկ հասակից պատրաստ էր եղել պայքարել իր հայրենիքի համար։ Այս մասին Կիմը գրել էր ուսուցչուհու հանձնած հարցաշարում, որը Կիմի դասընկերները պահել էին և փոխանցել հերոսի մորը։
Կարդացեք նաև
Ըստ Կիմի մոր՝ հայրենասիրությունը որդուն փոխանցել են գեներով։ Քանզի որդին այդ հարցաշարում գրել էր․
«Ես ծնվել եմ, որ հայրենիք պահեմ, սովորեմ, բժիշկ դառնամ։ Եթե հանկարծ Մասիսը գրավելու միտք առաջանա, և զինվորներ պետք գան, ես կկռվեմ»։
Հուշ երեկոյի ընթացքում ոչ միայն հարգանքի տուրք մատուցեցին սպիտակ խալաթի փոխարեն զինվորական համազգեստով պատերազմ մեկնած Կիմի հիշատակին, այլև ամփոփվեցին նրան նվիրված զենքի քանդման և հավաքման, կրակային պատրաստության միջֆակուլտետային մրցույթների արդյունքները։ Զենքի քանդման և հավաքման անվանակարգում առաջին տեղը տղաներից գրավել է ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտ Մհեր Աբրահամյանը, 2-րդ տեղը՝ Ալեքսանդր Թումանյանը, 3-րդը՝ Խաչիկ Ոսկանյանը։ Աղջիկներից այս կատեգորիայում 1-ին տեղն է զբաղեցրել Աստղիկ Գրիգորյանը, 2-րդ տեղը՝ Սվետլանա Սարդարյանը, 3-րդը՝ Աստղիկ Աբրահամյան։ Կրակային պատրաստության անվանակարգում 1-ին պատվավոր հորիզոնական է զբաղեցրել Խաչիկ Ոսկանյանը, 2-րդ տեղը՝ Մարտիրոսյան Դավիթ, 3-րդը՝ Նարեկ Դավթարյան։ Մյուս մասնակիցներին էլ տրվեցին հավաստագրեր։
Հռիփսիմե Վարդերեսյան