Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանդարյանի միակ խոշոր ֆերմերը մոլորվել է․ «Ասեք՝ ի՞նչ անեմ, անասուններիս ինչպե՞ս պահեմ»

Մարտ 19,2021 20:44

Սպանդարյանի անասնապահությամբ զբաղվող ամենախոշոր ֆերմերը՝ Էդիկ Կուրղինյանն այսօր իրենց համայնք այցելած Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին բողոք-խնդրանք ներկայացրեց՝ կապված արոտավայր չունենալու հետ։

«Մեր ամառանոցն այսօր պատկանում է Արևշատ գյուղին, մենք արոտավայր չունենք։ Ես զբաղվում եմ ֆերմերությամբ, բոլորն էլ ինձ լավ ճանաչում են։ Ես ահագին ոչխար ունեի, արոտավայր չունենալու պատճառով ոչխարները ծախեցի, կեսն էլ տարա Թալինի Արագած։ Հիմա տոհմային անասուններ ունեմ՝ մոտ 50 գլուխ, չգիտեմ՝ ինչ անեմ, ո՛չ արոտ ունենք, ո՛չ ամառանոց։

Գյուղապետ Մխիթարյանն էլ ինձ ընդառաջեց, անասուններս անցած տարի տարա ամառանոց, գյուղում խոսակցություն սկսվեց, մարդու վրա քրեական գործ հարուցեցին, թե ինչի՞ ես ֆերմերին էսքան արոտավայր տվել։ Մեր գյուղի ամառանոցը տվել են Արևշատին, էլ մեր հողերը չեն։ Ունեմ սեմենտալ հորթեր, շվեց ցեղատեսակի անասուններ, հիմա էս անասուններիս ինչպե՞ս պահեմ, ասեք՝ ի՞նչ անեմ, չարչարվել, էսքան ստեղծել եմ, գիշեր-ցերեկ չեմ քնել, ձեռքերիս նայեք, սաղ պատռտվել են»,-ասաց Էդիկ Կուրղինյանը։

Գյուղից մեկ այլ բնակիչ էլ, ձայն խնդրելով, հավելեց, թե նախորդ իշխանությունների ժամանակ ով որ ճարպիկ գտնվեց, նա էլ բանի տեր դարձավ․ իրենց ամառանոցը վերցրեցին ու տվեցին Արևշատին։

«Թող Արևշատը լավ զարգանա, լավ առաջ գնա, իսկ մյուս համայնքներն էլ, որոնք էնքան էլ հետամուտ չէին, սառում-մնում էին․․․ Հիմի մեր հողերի 70-80 տոկոսը պատկանում է Արևշատ համայնքին։ Ինձ շատ հետաքրքիր է, ձեր ներկայությունը, պարոն մարզպետ, առաջին անգամն է մեր համայնքում, բայց կան մարդիկ՝ տարածքային կառավարման մարմիններից, որոնք հնուց տեղյակ են էս խնդիրներից, բա չասի՞ն էդ հողը որ տանք Արևշատին, բա սպանդարյանցու հալը ի՞նչ պիտի լինի։

Սպանդարյանցին ելնում, հարյուր հատ խոտի տուկ է քաղում, բերում անասունը պահում է, էդ էլ իր ձեռքից առան։ Էսօր էլ խոսում են խոշորացումից, ինչի՞ մասին է խոսքը, երբ որ մարդիկ ելնում, մարդկանց խեղդում են։ Օրինակ՝ մեր գյուղը լավ էլ համայնք է, լավ էլ խոշոր է, լավ էլ հարցերը կարգավորվում են։ Այսինքն՝ ով ինչ ձևի ուզեց, էդպես անում է, ոչ մեկն էլ ժողովրդի շահերը չի ուզում պաշտպանել։ Իսկ եթե այսօրվա իշխանությունը պաշտպանում է ժողովրդի շահերը, մեր խնդրանքն այն է, որ հնարավորություն ունենանք, ժողովրդի հետ հաշվին նստեն, այդ տարածքները հետ բերվեն։

Մի անգամ բարձրաձայնեցինք հարցը, ասին՝ գիտեք էն ժամանակ օրենքով էդպես որոշեցին, հեչ էլ չորոշեցին, էդ օրենքը մենակ մյուս գյուղերի համար է, մեր համար չէ՞ր։ Կչեղարկեն էդ օրենքը, նոր օրենք կընդունեն, ինչ կանեն, թող անեն, 50 հատ անասուն է, հո դրանք էրեխա չեն, որ ասես՝ սոված նստեք տեղներդ։

Ես էլ եմ ուզում անասնապահությամբ զբաղվել, մյուս ախպերն է ուզում զբաղվել։ Սա շատ կարևոր հարց է, չեմ ուզում լսեք, անցնի գնա, լուծում պիտի տրվի։ Իսկ ովքեր որ տեղյակ են ձեր հետ այցելող մարդկանցից, թող բացատրություն տան՝ ինչի՞ այդպես ստացվեց»։

Շիրակի մարզպետի հետ Սպանդարյան այցելած Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն ասաց, որ այդ ոլորտը կապ չունի տարածքային կառավարման հետ, այն հողօգտագործման ոլորտ է։ Պաշտոնյան ներկայացրեց այն մասը, որից տեղյակ էր, ասաց 2007 թվականին հեռագնա արոտները կառավարության որոշմամբ տրվել են այն համայնքներին, որոնց սահմանակից են եղել։

Շիրակի մարզպետը խոստացավ ուսումնասիրել այս հարցը։ Նա ասաց, որ ինքն անձնապես դեմ է, երբ օրինակ՝ այլ մարզերից գալիս են, տարածքներ են վարձակալում Շիրակի մարզում, խոտը քաղում, տանում, վաճառում են։ Տեղի որոշ ֆերմերներ այլ մարզերում են վարձակալել, վարձակալության ժամկետը լրացել է ու փաստի առաջ են կանգնել։ Ըստ մարզպետի, խնդիրը ոչ միայն Սպանդարյանում է , նաև այլ համայնքներում է։

Նա ասաց, որ մեխանիզմը պիտի փոխվի․ վարչապետի ու էկոնոմիկայի նախարարի վերջին այցից հետո փորձում են արոտավայրերի, խոտհարքների մասով այնպիսի որոշում կայացնել, որ այդ հարցը լուծվի։

«Եթե հնարավորություն լինի, որ խոտը քաղեմ, բերեմ, էս իմ 6 անասունը 16 կդարձնեմ», ասաց Սպանդարյանի բնակիչը։

Մարզպետի հետ հանդիպումից հետո ֆերմեր Էդիկ Կուրղինյանն Aravot.am-ին ասաց, որ արոտավայրեր չլինելու պատճառով ոչխարների կեսը վաճառել է, կեսն էլ դռնեդուռ է գցել․ տարել է Թալինի Արագած, որտեղ իր ընկերներից մեկը արածացնում է,հետո տանում՝ Աշոցք։

«Մի մետր հող չկա, արոտ չկա, 17-18 տարի է՝ էս վիճակն է, սաղ գիտեն, թե ես ինչ թանկ ոչխարներ էի առել։ Հիմա իմ խնդրանքն է՝ օգնեն թեկուզ արոտավայրերը վարձակալեմ։ Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղապետի խնդրել եմ, անասունները ջրել եմ իրենց գյոլը, մենք գյոլ էլ չունենք, եթե էսպես շարունակվի, ստիպված պիտի լինեմ անասուններին վերացնել»,-ասաց ֆերմերը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031