Իրական ժողովրդավարական, իրավական երկրներում հազվադեպ է պատահում, որ որևէ կուսակցություն հավաքում է 50%-ից ավելի ձայներ, իսկ ունենալ որակյալ մեծամասնություն ուղղակի անհնար է։ Ունենալով 70%-անոց սահմանադրական, որակյալ (չշփոթել որակ բառի հետ) մեծամասնություն՝ բռնապետիկ-վարչապետը, թքած ունենալով սահմանադրության, օրենքների, միջազգային պարտավորությունների վրա, աջ ու ձախ «օրենքներ» է ընդունել տալիս։ Ի՜նչ սահմանադրություն, ի՜նչ անկախ դատարան, «կոճակներն իմ ձեռքին են՝ ենթարկվեք»։
Այս ամենի ֆոնին ամենահետաքրքիրը ԱԺ-ում ներկայացված «ընդդիմադիր» խմբակցությունների պահվածքն է։ Նրանք մասնակցում են ԱԺ նիստերին և «հերոսաբար» «պայքարում» այդ «օրենքների» նախագծերի դեմ և նույնպես «հերոսաբար» բոյկոտում կամ դեմ քվեարկում նախագծերին, շատ լավ հասկանալով, որ գործընթացի վրա չեն կարող ազդել։ Իսկ եղե՞լ են արդյոք առիթներ գոնե ցույց տալու իրենց իսկապես ընդդիմադիր լինելը։ Այո, եղել են։ Առաջին անգամ, հակասահմանադրական հանրաքվեի օրենքը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Այն ժամանակ «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվեց, իսկ «Լուսավոր Հայաստանը» «հերոսաբար» հայտարարեց, որ պատրաստ են դիմելու ՍԴ, ուղղակի իրենց ձայները չեն բավարարում, այ եթե ԲՀԿ-ն միանար։
Երկրորդ անգամ, նույն ՍԴ-ն կազմալուծելու, նույնպես հակասահմանադրական «օրենքը» կարող էին վիճարկել ՍԴ-ում։ Այս անգամ էլ ԼՀԿ-ն հրաժարվեց, իսկ ԲՀԿ-ն «հերոսաբար» պատրաստ էր դիմելու ՍԴ։ Այսպես «թունդ ընդդիմադիրները» իրար «պաս» էին տալիս «ընդդիմադիր» դիմակը։
Իհարկե, ապացուցելու համար նրանց «ընդդիմադիր» լինելը, բռնապետիկը նախաձեռնում էր նաև նրանց հրապարակային ծեծը, քրեական գործերի հարուցումը, նույնիսկ կալանավորումը, նրանց անվանարկումը․ «սադրիչ, կարդալ չիմացող» և այլն։ Բայց նրանք , մոռանալով այդ ամենը, «հանուն» երկրի և ժողովրդի, պատրաստ էին և են հանդիպելու վարչապետին և քննարկելու «երկրի առջև ծառացած մարտահրավերները»։
Կարդացեք նաև
Լավ, հասկացանք, այս ամենը մինչև պատերազմը հասկանալի էր։ Բայց խայտառակ պարտությունից, կապիտուլյացիայից, Արցախի կորստից հետո, երկու «ընդդիմադիր» կուսակցություններն էլ պահանջեցին վարչապետի հրաժարականը։ Ավելին ԲՀԿ-ի որոշ անդամներ վարչապետին կոչեցին էլ «դավաճան», էլ «հողատու», էլ չգիտեմ ինչ։ Եվ այս ամենից հետո երկու խմբակցություններն էլ շարունակում են կանոնավոր մասնակցել ԱԺ նիստերին և ինչպես նախկինում «հերոսանում» անիմաստ տեղը, ինչպես այսօր՝ հերթական հակաիրավական «օրենք»-ի նախագծի քննարկման ժամանակ։
Հ․Գ․ Պատահակա՞ն էր արդյոք, որ հենց այս «թունդ ընդդիմադիրներն» առաջինը ողջունեցին բռնապետիկի առաջարկած արտահերթ ընտրություններն ու իրենց պատրաստակամությունը հայտնեցին դրանց մասնակցելու։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ