Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունից և ՔՊ-ից պահանջում են հրապարակավ դատապարտել նախարարի պահվածքը

Մարտ 19,2021 19:01

Երեկ՝ մարտի 18-ին, երևանյան սրճարաններից մեկում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բռնություն է գործադրել «Irakanum.am» կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ։ Վերջինս, նկատելով բարձրաստիճան պաշտոնյային, մոտեցել և հարցրել է, թե ինչու է նա աշխատանքային ժամին սրճարանում։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ զրույցը երկուստեք ոչ կոռեկտ է եղել, որից հետո նախարարը հարվածներ է հասցրել լրագրողին, վնասել համակարգիչն ու հեռախոսը։

Մեր ողջ դիտարկումների ընթացքում աննախադեպ երևույթ է, երբ կառավարության անդամը լրագրողի հետ հարաբերվելիս բռունցքների է դիմում։ Սա վերջին ամիսներին իշխանության և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև ծայրահեղ լարվածության, փոխադարձ անհանդուրժողականության և ոչ պարկեշտ վարքագծի հերթական դրսևորումն էր։ Դրա օրինակները մենք արձանագրել ենք ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ տարբեր զանգվածային միջոցառումների ընթացքում։ Մինչդեռ, բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է պատրաստ լինեն հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինել և զսպվածությամբ վերաբերվել իրենց ուղղված հարցերին։

Առանձնահատուկ նշում ենք, որ  լրագրողներն իրենց հերթին պարտավոր են գործել օրենքի և մասնագիտական էթիկայի շրջանակներում։

Հիմքեր ունենք այս միջադեպն ընկալել որպես նախորդ նմանատիպ դեպքերի առնչությամբ իշխանական շրջանակների ոչ պատշաճ արձագանքի հետևանք։

Այժմ էլ տարակուսանք են առաջացնում Հակոբ Արշակյանի քաղաքական թիմակիցներից ոմանց փորձերը՝ հրապարակային հայտարարություններով և մեկնաբանություններով ուղղակի կամ անուղղակի արդարացնել տեղի ունեցած բռնությունը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անթույլատրելի համարելով լրագրողի նկատմամբ գործադրած բռնությունը՝ պահանջում ենք․

  • Կառավարությունից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հրապարակավ դատապարտել նախարարի պահվածքը, քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը և երաշխիքներ տալ, որ ապագայում նման դեպքերը կբացառվեն։
  • Իրավապահ մարմիններից՝ ուսումնասիրել միջադեպի բոլոր մանրամասները և համապատասխան իրավական գնահատական տալ կատարվածին։

Կոչ ենք անում լրագրողներին՝ պաշտոնյաների, քաղաքական գործիչների հետ առնչվելիս խուսափել սադրիչ վարքագծից, հատկապես այն դեպքերում, երբ դա որևէ կերպ չի նպաստում հանրությանը օբյեկտիվ տեղեկություններ մատուցելու մասնագիտական առաքելության իրականացմանը։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031