«Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը փաստ չի, որ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Որպեսզի տեղի ունենան, պետք է երկու անգամ հրաժարական տա, եւ այդ ժամանակահատվածում չընտրվի վարչապետ, խորհրդարանը լուծարվի։ «Ֆեյսբուքյան» գրառումը մեր մոտ հավատ չի ներշնչում»,-Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հունիսի քսանին սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ անգամ եթե արտահերթ ընտրությունները կայանան, դա շարժման պահանջներից մեկն է միայն․ «Փաշինյանի կազմակերպմամբ ընտրությունների դեպքում կա մեծ վտանգ, որ չեն լինելու հավասար պայմաններ, մրցակցություն։ Մեծ է հնարավորությունը, որ դրանք կեղծվելու են եւ ոչ թե ելք են առաջարկելու, այլ նոր ճգնաժամ կարող են դառնալ։ Ուստի ՀՓՇ-ի ճանապարհային քարտեզը նույնն է»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Բաղրամյան պողոտան փա՞կ է մնալու։ Սաղաթելյանը պատասխանեց, որ բողոքի գործողությունները շարունակվելու են, բայց հնարավոր է մարտավարության փոփոխություն։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ